հետ: Մարդու մարմինը որոշակի նախապատրաստության և հմտության դեպքում հնարավորություն է ստանում ջրում պահվել ոչ միայն հորիզոն., այլև ուղղաձիգ դիրքում:
Էական նշանակություն ունի նաև ջրի ջերմաստիճանը: Ջրի ցածր ջերմաստիճանն առաջացնում է մաշկի և թոքերի արյան անոթների կծկանք, շնչառ. մկանների երկարատև կծկում, որը հանգեցնում է շնչառության և սրտի գործունեության սուր խանգարումների, գլխուղեղի սակավարյունության: Վերջինս դրսևորվում է ուշագնացությամբ և դրան նման վիճակներով: Գործնականորեն առողջ մարդկանց մոտ սառը ջուրն արագ մտնելիս կարող է առաջանալ ջոկային վիճակ, որի հետևանքով մարդն անմիջապես սուզվում է, երբեմն էլ՝ մահանում: Այսպիսի հակազդեցություններ կարող են առաջանալ ոչ միայն սառը (16-18°0-ից ցածր), այլև տաք ջրում (22-26°C), երբ ջրի ջերմաստիճանը բավականաչափ տարբերվում է մարմնի (արևի տակ մնալուց կամ ֆիզ. բեռնվածությունից տաքացած) ջերմաստիճանից:
Ջ-յան պատճառներից են նաև լողալ չիմանալը, ֆիզ. գերհոգնածությունը, տարբեր հիվանդագին վիճակները, ջրացատկի ժամանակ առաջացած վնասվածքները, սիրտանոթային գործունեության խանգարումները՝ ստորջրյա լողի (1,5-2 մ-ից ավելի խորություններում) ժամանակ: Հատուկ վտանգ է ներկայացնում ալկոհոլային հարբեցման և խումարի վիճակում լողալը:
Ռիսկի գործոններ են ջրի արագ հոսանքը, ջրապտույտների, աղբյուրների ջրի առկայությունը, որոնք սահմանափակ հատվածում խիստ փոխում են ջրի ջերմաստիճանը, փոթորիկները, լողացող միջոցների և կիսասույզ առարկաների, ջրամբարների կենդ. և բուս. աշխարհի ներկայացուցիչների հետ հնարավոր բախումները: Ջ-յան ռիսկի բավականաչափ նվազմանը, ոչ միայն սովոր., այլև արտակարգ վիճակներում, նպաստում են մարդու կամային որակների դաստիարակությունը և օրգանիզմի կոփումը:
Պայմանականորեն ընդունված է տարբերել «իսկական» շնչահեղձային («չոր») և հանկարծամահային (սինկոպա) Ջ.: «Իսկական» Ջ-յան ժամանակ շնչուղիները և թոքային ալվեոլները լցվում են ջրով. վերջինս, թափանցելով արյան մեջ, առաջացնում է օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի խանգարում: Առավել հաճախ դա հանդիպում է տաք ջրում խեղդվող, կոկորդային ռեֆլեքսի իջեցումով անձանց մոտ, ինչպես նաև ալկոհոլային հարբեցման ժամանակ: Շնչահեղձային Ջ. բնորոշվում է սուր թթվածնային անբավարարությամբ, որը պայմանավորված է շնչուղիները ջրով փակվելով և կոկորդի ռեֆլեքսային կայուն կծկանքով: Հանկարծամահային Ջ. կապված է սրտի ռեֆլեքսային կանգի հետ:
Մահը կարող է վրա հասնել ջրասուզման ցանկացած պահին, ինչպես նաև ջրահեղձ մարդուն ջրից հանելուց հետո՝ գլխուղեղի բջիջների անվերադարձ փոփոխությունների (սուր թթվածնային անբավարարությունից առաջացած), սրտի գործունեության կանգի, թոքերի այտուցի, թոքաբորբի և այլ հետևանքներով: Մահվան պատճառները հաստատելու, ինչպես նաև մի շարք հատուկ հարցեր որոշելու համար ջրից հանված մարդու դիակը ենթակա է պարտադիր դատաբժշկ. հետազոտման:
Ցուցաբերած օգնության հաջողությունը պայմանավորված է Ջ-յան հանգամանքների և տեսակի ճիշտ գնահատմամբ, որը կնպաստի 1-ին օգնությունը խելամիտ անցկացնելուն՝ նույնիսկ կլինիկ. մահվան սկսվելու դեպքում: Տուժածին վերակենդանացնելու համար էական նշանակություն ունի ջրի ջերմաստիճանը, որում մարդը ջրասույզ է եղել: Սառը ջրում խեղդվողի ջերմաստիճանն արագ նվազում է, օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, որի հետևանքով նա դառնում է թթվածնի անբավարարության հանդեպ ավելի կայուն, և, վերջին հաշվով, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում վերակենդանացման համար:
Ջրից հանված տուժածի օգնության բնույթը պայմանավորված է նրա վիճակով. եթե գիտակցությունը չի կորցրել, նրան պետք է հանգստացնել, մաշկը շփելով չորացնել, հագցնել, իսկ եթե գիտակցությունը բացակայում է, բայց անոթազարկն ու շնչառությունը պահպանված են, հարկավոր է շնչել տալ անուշադրի սպիրտ, կրծքավանդակն ազատել սեղմող հագուստից, շնչառությունն ակտիվացնելու համար կարելի է լեզուն ռիթմիկորեն ձգել: Սրտի գործունեության և շնչառության բացակայության ժամանակ կիրառում են վերակենդանացման (տես Վերակենդանացում օրգանիզմի) պարզագույն մեթոդներ: Հարկավոր է ամենից առաջ և որքան հնարավոր է արագ շնչուղիներից հեռացնել հեղուկը: Այդ նպատակով օգնություն ցույց տվողը տուժածին դնում է իր ծալած ծնկի վրա՝ գլուխը ներքև կախված վիճակում, որի շնորհիվ ջուրը դուրս է հոսում վերին շնչուղիներից և ստամոքսից: Ջրի հեռացումից հետո արագ կատարում են արհեստական շնչառություն՝ նախապես բերանը մաքրելով ավազից, տիղմից և փսխման զանգվածից: Արհեստ. շնչառության բազմաթիվ մեթոդներից առավել արդյունավետ են «բերան-բերանի» և «բերան-քթի» եղանակները: Արհեստ. շնչառության ժամանակ տուժածը պետք է լինի մեջքի վրա պառկած և գլուխը հետ թեքած, որը նպաստում է կոկորդի մուտքի լրիվ բացմանը: «Բերան-բերանի» և «բերան-քթի» շնչառությունն ավելի լավ է կատարել բերանը թանզիֆով կամ այլ գործվածքի լաթով ծածկելուց հետո: Օդը բերանի մեջ ներփչելիս փրկում են տուժածի քիթը, քթի մեջ ներփչելիս՝ բերանը, իսկ ստորին ծնոտը տեղաշարժում են առաջ:
Արհեստ. շնչառության հետ միաժամանակ կատարում են սրտի արտաքին մերսում՝ յուրաքանչյուր շնչառումից (ներփչում) հետո կրծքավանդակի վրա կատարելով 5 սեղմում: Խեղդվողին վերակենդանացնելու այլ փորձերը (ծածկոցի, սավանի վրա ճոճելը) անիմաստ են և ծայրաստիճան վտանգավոր:
Ցանկացած վիճակում անհրաժեշտ է տուժածին տաքացնել շփումներով, ոտքերի ու ձեռքերի մերսմամբ:
Նշված միջոցառումներն իրականացվում են տուժածին ջրից հանելուց հետո անմիջապես (ափին, նավակում, տախտակամածի վրա)՝ մինչև բժշկի գալը կամ հիվանդանոց տեղափոխելը, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է կատարվեն ապարատային արհեստ. շնչառություն, սրտի մերսում, տրվի դեղորայք:
Զբոսաշրջիկները, ձկնորսները, հանգստացողները, փրկարարների միության անդամները պետք է տիրապետեն խեղդվողներին օգնություն ցույց տալու մեթոդներին:
Դժբախտ դեպքերը կանխելու համար հարկավոր է ջրում պահպանել սահմանված կանոնները, չի կարելի երեխաներին թողնել առանց հսկողության, չլողալ նավակից,