շփում են չոր (լավ է տաքացրած) սավանով՝ մինչև մաշկը դառնա վարդագույն և տաքանա: Մասնակի (ձեռքերի, ոտքերի) ջրցողումները կարելի է կատարել ինքնուրույն՝ բժշկի նշանակմամբ:
Խոնավ փաթաթումներ. թախտին պառկած մերկ հիվանդին արագ փաթաթում են ջրով (25-30°C) թրջած սավանով, ապա վրայից ծածկում բրդե ծածկոցով: Բուժարարողության տևողությունը, կախված նպատակից, 10-60 ր է: Տարբերում են խոնավ փաթաթման ազդեցության 3 փուլ: 1-ին փուլում (10-15 ր) սավանը տաքանում է մինչև հիվանդի մարմնի ջերմաստիճանը, այդպիսի տևողության բուժարարողությունը գրգռող ազդեցոuթյուն ունի նյարդային, սիրտանոթային համակարգերի վրա և բարձրացնում է նյութափոխանակությունը: 2-րդ փուլում (հետագա 30-40 ր) սավանի և հիվանդի մարմնի ջերմաստիճանները հավասարվում են, այդ շրջանում բուժարարողոuթյունը հանգստացնող ազդեցություն ունի: Եթե այն շարունակվում է 50-60 ր, սավանը տաքանում է, և հիվանդի մոտ առաջանում է գերտաքացում՝ առատ քրտնարտադրությամբ (3-րդ փուլ): Քրտնաբեր բուժարարողությունից հետո հիվանդն ընդունում է ցնցուղում (34-35°C):
Կարճատև փաթաթումները կիրառում են որպես դրդող, միջին տևողության փաթաթումները՝ հանգստացնող (օգտակար է անքնության և նյարդային համակարգի դրդվածության ժամանակ), երկարատևը՝ քրտնաբեր միջոց:
Ջ.բ. նշանակում է միայն բժիշկը, այն անցկացվում է բուժհիմնարկում:
ՋՐԳՈՂՈՒԹՅՈՒՆ, տես Այտուցներ հոդվածում:
ՋՐԾԱՂԻԿ, մանկ. սուր վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների բնորոշ բշտային ցանավորումով: Ավելի հաճախ հիվանդանում են մինչև 10 տարեկան երեխաները: Հիվանդանալուց հետո ձեռք է բերվում իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարուցիչը քամվող վիրուսն է, որն անկայուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ և օրգանիզմից դուրս ոչնչանում է մի քանի ժ ընթացքում:
Վարակվում են հիվանդ երեխայի հետ անմիջապես շփվելիս: Խոսելիս, հազալիս, փռշտալիս հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր, ապա առողջ երեխայի վերին շնչուղիներով թափանցում օրգանիզմ (վարակի փոխանցման օդակաթիլային ուղի): Հիվանդ երեխան շրջապատի համար վտանգավոր է հիվանդության տեսանելի դրսևորումներից 1-2 օր առաջ և մինչև ցանի վերջին տարրերի առաջացման 5-րդ օրը: Ջ. առավել վարակիչ է հիվանդության 1-ին 5 օրը: Երեխաների ընկալունությունը Ջ-ի նկատմամբ շատ բարձր է, կրկնակի հիվանդության դեպքերը խիստ հազվադեպ են:
Գաղտնի շրջանը 10-21 (հաճախ՝ 14) օր է: Հիվանդությունն սկսվում է թուլության զգացումով, ջերմաստիճանի բարձրացմամբ՝ մինչև 38-39°C: Ապա դեմքի, գլխի մազածածկ հատվածի, իրանի և վերջույթների վրա ի հայտ են գալիս մանր, վարդագույն բծեր, որոնց տեղում այնոuհետև առաջանում են թափանցիկ պարունակությամբ, նուրբ կարմրավուն երիզով շրջապատված բշտիկներ:
Ցանն ուղեկցվում է բորբոքային այտուցի հատվածի քորով, այրոցով և ցավոտությամբ: Բշտիկները 2-3 օրից չորանում են և վերածվում կեղևիկների, որոնք 1-3 շաբաթ անց թափվում են՝ չթողնելով սպիներ: Ցանն առաջանում է ոչ միաժամանակ, այլ 1-2 օր ընդմիջումներով, որի պատճառով էլ մաշկի միևնույն սահմանափակ հատվածում միաժամանակ կարող են լինել բծեր, բշտիկներ և կեդևիկներ: Շատ հաճախ ցանն առաջանում է նաև լորձաթաղանթների (օրինակ՝ բերանի, ըմպանի, եղջերաթաղանթի) վրա: Սովորաբար յուրաքանչյուր նոր ցանավորում ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացումով, որը վերջում դառնում է բնականոն:
Բարդություններ հազվադեպ են դիտվում, սակայն եղջերաթաղանթի վրա բշտիկներ ի հայտ գալիս կարող է առաջանալ աչքի եղջերենաբորբ, ըմպանի լորձաթաղանթի ախտահարումից՝ ըմպանաբորբ: Թույլ երեխաների օրգանիզմում առաջանում է այլ հիվանդություն, հնարավոր են թարախակույտ, ֆլեգմոն, թոքաբորբ, ավշային հանգույցների բորբոքում, ականջաբորբ, կարմիր քամի, բերանաբորբ:
Բուժումը նշանակում է բժիշկը (սովորաբար տնային պայմաններում): Եթե բարդացումներ չկան, երեխային անհրաժեշտ է հիգիենային խնամք (2-րդային վարակը կանխելու նպատակով): Դրա համար պետք է հետևել ձեռքերի մաքրությանը (եղունգները կարճ կտրել): Բշտիկների չորացումն արագացնելու համար քսել ադամանդականաչի 1 %-անոց սպիրտային կամ կալիումի գերմանգանատի 1-2 %-անոց լուծույթներ: Խորհուրդ է տրվում բերանը ողողել վարակազերծող լուծույթներով: Չի կարելի մաշկը քորել, դա հանգեցնում է սպիների առաջացման: Բարդությունների դեպքում անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել:
Ջ-ի բարձր վարակելիության պատճառով հիվանդ երեխային անմիջապես մեկուսացնում են մինչև ցանի վերջին տարրի առաջացման 5-րդ օրը: Ջ-ով չհիվանդացած և հիվանդի հետ շփված երեխաներին թույլատրվում է մանկամսուր ու մանկապարտեզ հաճախել վերջին շփումից 11-21 օր հետո: Տես նաև Մեկուսացում վարակիչ հիվանդների:
ՋՐՀԵՂԵՂ, տես Տարերային աղետներ հոդվածում:
ՋՐՄՈՒՂ, տես Ջրամատակարարում հողվածում:
ՋՈՒՐ, ջրածնի և թթվածնի քիմ. կայուն միացություն: Ջ-ի գոյության տարբեր ձևերը (մառախուղ, անձրև, եղյամ, ձյուն, կարկուտ, սառույց) պայմանավորված են օդերևութաբան. պայմաններով:
Ջ. շատ նյութերի հիանալի լուծիչ է, որի պատճառով էլ բնության մեջ քիմիապես մաքուր վիճակում չի հանդիպում: Ջ-ում լուծված նյութերի պարունակության մասին, որպես կանոն, դատում են նրա աղիությամբ: Ըստ այդ հատկանիշի էլ Ջ. լինում է քաղցրահամ և աղի: Կենցաղում առավելապես օգտագործվում է քաղցրահամը: Ջ. ծածկում է երկրագնդի 3/4-ը: Նրա հսկայական պաշարները պահպանվում են բնության մեջ Ջ-ի շրջապտույտով: Սակայն խմելու Ջ-ով բնակչության ապահովման խնդիրը երկրագնդի շատ շրջաններում լուծված չէ, և գիտատեխ. առաջընթացի հետ կապված՝ այն ավելի է սրվում: Երկրագնդի մակերևույթի մոտ 60 %-ում քաղցրահամ Ջ. բացակայում է կամ խիստ պակաս է զգացվում: Գրեթե 500 մլն մարդ տառապում է խմելու Ջ-ի պակասի կամ ոչ լիարժեք որակի հետևանքով առաջացած հիվանդություններից: Ջրային պաշարների մեծ մասը (մոտ 1,4 մլրդ կմ³) կազմում է խմելու և արդ-յան համար ոչ պիտանի ծովերի ու օվկիանոսների աղի Ջ., իսկ քաղցրահամը՝ մոտ 2 % է: Կան քաղաքներ և բնակավայրեր, որոնց Ջ. հասցնում են նավերով, երկաթուղային ցիստեռններով և ավտոմեքենաներով:
Ջ. չունի սննդային արժեք, բայց կազմում է բոլոր կենդանի օրգանիզմների պարտադիր բաղադրիչ մասը: Բույսերում պարունակվում է մինչև 90 %, իսկ հասուն մարդու օրգանիզմուվ 60-65 % Ջ.: Վերջինիս որոշակի և հաստատուն պարունակությունը կենդանի օրգանիզմի գոյության անհրաժեշտ պայման է: Օգտագործվող Ջ-ի քանակի և աղային կազմի փոփոխության դեպքում խանգարվում են մարսողության և սննդի յուրացման, արյունաստեղծման գործընթացները ևն: Առանց Ջ-ի անհնար է