Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժապավենով կոճի միջև, տեղադրված ուղղաձիգ կանգնակի մոտ: Երեխաների ռենտգենաբան. հետազոտության ժամանակ օգտագործում են սևեռող (ֆիքսող) օժանդակ հարմարանքներ: Ռենտգենյան նկարների վրա լավ տեսանելի են ոսկրերի ուրվագծերը, կառուցվածքը, առանձին ոսկրերի փոխդասավորությունները: Ախտաբան. գործընթացների ժամանակ կարող են հայտնաբերվել ոսկրի ուրվագծերի փոփոխություններ, ինչպես նաև կառուցվածքի խանգարումներ՝ պնդացումների կամ, ընդհակառակը, նոսրացումների տեսքով: Կոտրվածքների և հոդախախտումների ժամանակ երևում են ոսկրերի ուրվագծերի խանգարման բնորոշ նշաններ, ոսկրերի փոխդասավորությունը, բեկորների տեղաշարժը: Տարբեր հիվանդությունների ժամանակ, ռենտգենյան պատկերի օրինաչափությունն իմանալով, բժիշկներն ախտորոշում են դրանք, նշանակում բուժում և հետևում հիվանդագին գործընթացի շարժին:

Ռենտգենագրությունը կիրառում են բոլոր օրգանների հետազոտման ժամանակ: Այն անհրաժեշտ է որպես հաստատող փաստաթուղթ, որը կարելի է բազմիցս լրացուցիչ կերպով օգտագործել, խորհրդակցել, համեմատել հաջորդ կամ նախորդ հետազոտությունների տվյալների հետ: Բացի այդ, ռենտգենագիրը սևեռում է այն, ինչը ռենտգենադիտման ժամանակ վրիպել է բժշկի ուշադրությունից:

Շերտագրություն: Ռենտգենադիտման և ռենտգենագրության ժամանակ ձեռք է բերվում հետազոտվող օբյեկտի ամբողջ հաստության (որով անցել է ճառագայթների փունջը) գումարային պատկերը: Առավել ճշգրիտ ուրվագծվում են այն մանրամասները, որոնք մոտ են էկրանին կամ ժապավենին: Եթե որևէ օրգանում կա հիվանդագին փոփոխված հատված, օրինակ՝ բորբոքման ծավալուն օջախի ներսում քայքայված է թոքային հյուսվածքը, ապա մի շարք դեպքերում ռենտգենագրի վրա այդ հատվածը ստվերների գումարում կարող է «կորչել»: Որպեսզի այն պարզորոշ նկատելի դառնա, օգտագործում են Ռ.հ-յան հատուկ մեթոդ՝ շերտագրություն, որը հնարավորություն է տալիս ստանալ հետազոտվող շրջանի առանձին շերտերի նկարները: Այդ բնույթի շերտային նկարները (տոմոգրամ) կատարում են հատուկ սարքի (շերտագրիչի) օգնությամբ: Մեթոդը լայնորեն կիրառում են թոքերի, երիկամների, ոսկրերի և այլ հետազոտությունների ժամանակ: Ներկայումս գործն. Ռ.հ-յան մեջ ներդրվել է համակարգչային շերտագրությունը, որը հիմնվում է ռենտգենյան և էլեկտրոնային հաշվող. տեխնիկայի օգտագործման վրա: Սրտի և ստոծանու ուրվագծերի շարժումները գրանցվում են Ռ.հ-յան մեթոդի՝ ռենտգենալեգրի (ռենտգենոկիմոգրաֆիա) օգնությամբ:

Հետազոտության հակադրական մեթոդներ: Սկզբն. շրջանում Ռ.հ. հաջողությամբ կիրառվել է միայն մարմնի այն շրջանների համար, որտեղ բնական հակադրություններ կան (կրծքավանդակ, ոսկրային համակարգ): Մարդու մարմնի շրջանները, որտեղ հյուսվածքների ամրությունը մոտավորապես միատեսակ է (օրինակ՝ որովայնի խոռոչը, որի օրգանները ռենտգենյան ճառագայթները բաց են թողնում գրեթե միևնույն աստիճանի և դրա համար էլ քիչ հակադրական են), մնացել են մանրակրկիտ Ռ.հ-յան համար անմատչելի:

Ստամոքսաղիքային համակարգի Ռ.հ. հնարավոր դարձնելու համար օգտագործում են նրանց արհեստ. հակադրավորումը: Դա կատարվում է ստամոքսի կամ աղիքների լուսանցքը բարիումի սուլֆատի ջրային կախույթ ներմուծելով, որը չի լուծվում ստամոքսաղիքային համակարգի մարսող. հյութերում և չի ներծծվում ո՛չ ստամոքսում, ոչ էլ աղիքներում և անփոփոխ ձևով արտազատվում է բնական ճանապարհով: Ջրում բարիումի սուլֆատը գոյացնում է յուրատեսակ մանրահատիկ կախույթ: Անցնելով կերակրափողով, ստամոքսով և աղիքներով՝ այն քսվում է դրանց պատերին և էկրանի կամ ժապավենի վրա լրիվ պատկերացում է տալիս լորձաթաղանթի կատարների, ակոսների և այլ առանձնահատկությունների մասին: Կերակրափողի, ստամոքսի և աղիքների ներքին ռելիեֆի հետազոտությունը նպաստում է այդ օրգանների մի շարք հիվանդությունների ախտորոշմանը: Ավելի լիքը լցվելիս կարելի է որոշել օրգանի ձևը, չափերը, դիրքը և ֆունկցիան:

Հաստ աղիքի հետազոտության համար կիրառում են իռիգոսկոպիան, որի դեպքում, աղիքները նախապես մաքրելուց հետո, բարիումի սուլֆատի ջրային կախույթը հոգնայի միջոցով ներարկում են ուղիղ աղիք:

Հակադր. միջոցները պայմանականորեն բաժանում են բարձրատոմայինի և ցածրատոմայինի: 1-ինի շարքն են դասվում բարիումի սուլֆատը և յոդի օրգ. տարբեր պատրաստուկներ, 2-րդինը՝ տարբեր գազեր (օդ, թթվածին, ածխաթթու գազ, ազոտի ենթօքսիդ): Ստամոքսի և աղիքների հետազոտության ժամանակ դիմում են կրկնակի հակադրավորման: Դրա համար հետազոտվող օրգանի մեջ, բարիումի սուլֆատից բացի, ներմուծում են նաև օդ:

Կերակրափողի, ստամոքսի և աղիքների Ռ.հ-յան մեթոդը մշակված է շատ մանրակրկիտ, անվտանգ է, հիվանդին չի ծանրաբեռնում, և արդյունքներն էլ շատ հուսալի են: Միլիոնավոր հիվանդների բժիշկներն ամեն տարի կատարում են ստամոքսաղիքային համակարգի Ռ.հ., ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման արդյունքների հսկողության նպատակով:

Լեղապարկի, ինչպես նաև որովայնի խոռոչի մյուս օրգանների սովոր. Ռ.հ-յան ժամանակ հստակ ստվեր չի ստացվում: Որպեսզի լեղապարկը և նրա պարունակությունը տեսանելի դառնան, օգտագործում են լյարդի՝ որոշ նյութեր որսալու և կուտակելու, այնուհետև դրանք լեղածորանով և լեղուղիներով արտազատելու հատկությունը: Օրինակ՝ յոդի ատոմներ պարունակող որոշ պատրաստուկներ Ռ.հ-յան որոշակի ժամանակամիջոցում տալիս են լեղապարկի և նրա պարունակության հստակ պատկերը:

Երիկամների և միզուղիների հետազոտության համար, որպես հակադր. նյութ օգտագործում են յոդի ջրալույծ այլ միացություններ. դրանք սովորաբար ներմուծվում են ներերակային ճանապարհով: Արյունատար համակարգից պատրաստուկն անցնում է երիկամներ, կուտակվում է նրանց մեջ և արտազատվում միզարտադրության համակարգով (միզածորան, միզապարկ, միզուկ): Ռենտգենագրի վրա ստանում են հակադր. մեզով լցված միզային համակարգի բոլոր բաժինների ստվերային պատկերը:

Հակադր. նյութերն օգտագործում են նաև բրոնխների հետազոտության (բրոնխագրություն) դեպքում, որը, որպես կանոն, հիվանդը թեթև է տանում:

Քթի, կոկորդի և շնչափողի լորձաթաղանթը նախապես ցավազրկելուց հետո արտաքին շնչուղիներով (սովորաբար՝ քթային ուղիներից մեկով) լուսավորության տակ բրոնխի մեջ անցկացնում են զննաձող (կաթետեր), որի միջոցով ներմուծում են ռենտգենյան ճառագայթումը կասեցնող հատուկ հակադր. նյութ: Ռ.հ-յան ժամանակ այդ նյութը նրանց պատկերը դարձնում է տեսանելի և հնարավորություն է տալիս դատել հետազոտվող բրոնխների վիճակի մասին:

Մշակվել և ներդրվել են հակադր. նոր նյութեր, որոնք արագ և լրիվ արտազատվում են օրգանիզմից, ինչպես նաև հատուկ ռենտգենյան սարքեր և հարմարանքներ, որոնք ապահովում են արագընթաց ռենտգեննկարահանումը և արյան հունի մեջ հակադրանյութի ավտոմատ ներմուծումը՝