Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախապես տրված ժամկետում: Կլինիկայում ներդրվել են սրտի (անգիոկարդիոգրաֆիա), աորտայի (աորտոգրաֆիա), զարկերակների (արտերոգրաֆիա), երակների (վենոգրաֆիա կամ ֆլեբոգրաֆիա) և ավշային անոթների (լիմֆոգրաֆիա) հակադր. հետազոտման մեթոդներ: Լայն տարածում է գտել Ռ.հ-յան հատուկ մեթոդը՝ ֆլուորագրությունը, որը հիմնված է փոքրացրած նկարների պատրաստման վրա (ֆլուորագիր՝ ֆլուորադիտ. էկրանից լուսանկարման միջոցով): Այս մեթոդը կիրառվում է կանխարգելիչ նպատակով (զանգվածային հետազոտությունների ժամանակ)՝ թոքերի, սրտի, քթի հավելյալ ծոցերի, կաթնագեղձերի հիվանդությունների սկզբն. շրջանների վաղ ախտորոշման նպատակով:

Ռենտգենյան ախտորոշման բնագավառում էլեկտրառենտգենագրության կամ չորաճառագայթագրության (քսերոռադիոգրաֆիա) ներդրմամբ բացվել են մեծ հեռանկարներ: Այդ մեթոդը տարբերվում է ավանդ. ռենտգենագրությունից և հնարավորություն է տալիս հետազոտություն կատարել առանց թանկարժեք ու մեծ պահանջարկ ունեցող ռենտգենյան ժապավենի: Վերջինիս փոխարինում է սովոր. գրելու թուղթը: Լուսանկարչ. մշակման գործընթացն իրականանում է չոր՝ առանց հայտածիչ լուծույթների, սևեռակման և ռենտգենագիրը լվանալու լուծույթի: Թղթի վրա ստացված պատկերը ներկայանում է ավելի հակադիր և պարզորոշ, քան ռենտգենյան ժապավենի վրա: Ամբողջ արարողությունը տևում է մի քանի ր, և մթնեցված աշխատասենյակ չի պահանջվում: Ռ.հ-յան զարգացման համար մեծ հնարավորություններ են բացվում էլեկտրոնային տեխնիկայի, մասնավորապես ռենտգենյան պատկերի էլեկտրոնաօպտիկ. ուժեղացուցիչների ներդրմամբ. դրանք կիրառվում են լուսադիտման, ռենտգենակինեմատոգրաֆիայի և ռենտգենախտորոշման մեջ հեռուստատեսության օգտագործման դեպքում: Ռենտգենյան պատկերի էլեկտրոնաօպտիկ. ուժեղացուցիչների հիմն. առավելությունն ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ ռենտգենյան ճառագայթների չափաքանակի իջեցումն է, ինչպես նաև պատկերի պայծառությունը կտրուկ մեծացնելու շնորհիվ չմթնեցրած աշխատասենյակում լուսադիտման հնարավորությունը:

Հիվանդությունների և վնասվածքների Ռ.հ-յան ժամանակակից մեթոդների զինանոցը չի սահմանափակվում վերը թվարկվածներով, այն չափազանց մեծ է ու բազմազան: Յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով հիվանդության կամ վնասվածքի բնույթը, ինչպես նաև ռենտգենյան աշխատասենյակի հանդերձվածությունը, ռենտգենաբանը հնարավորություն ունի բազմաթիվ մեթոդներից ընտրել հիվանդին դժվարություն չպատճառողը և ախտորոշման տեսակետից ավելի արդյունավետը:

ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ռենտգենյան ճառագայթների օգտագործումը մարդու առողջ ու հիվանդ օրգանիզմը, ինչպես նաև ուռուցքների առաջացման պատճառները, մեխանիզմները, կլինիկ. ընթացքը հետազոտելու նպատակով մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ:

Ռ. և ու-յան զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է Բ. Ֆանարջյանի և Վ. Աբգարովի աշխատանքներով. 1927-ին հիմնվել է ԵՊՀ բժշկ. ֆակ-ի ռետգենաբանության ամբիոնը, 1946-ին՝ Ռ. և ու-յան ԳՀԻ (1971-ից՝ Բ. Ֆանարջյանի անվ, 1985-ից՝ Բ. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության գիտ. կենտրոն): 1952-ին կազմակերպվել է հանրապետ. ուռուցքաբան. դիսպանսերը:

Ռենտգենաբանության բնագավառում մշակվել են կերակրափողի, ստամոքսի, խթաղու և վերջնաղու ախտահարումների ռենտգենաբան. ախտորոշման հարցերը (Բ. Ֆանարջյան, Զ. Մովսիսյան, Հ. Գրիգորյան): Առաջարկվել է 12-մատնյա աղիքի և նրա կոճղեզի ռենտգենաբան. հետազոտության նոր եղանակ, բացահայտվել է որոշակի օրինաչափություն՝ կապված կոճղեզում խոցի տեղակայման հետ («Ֆանարջյանի օրինաչափություն»), մշակվել է ստամոքսի պատի իսկական կամ կեղծ ուռուցքային ներսփռական գործընթացի (ինֆիլտրացիա) տարբերակման նոր եղանակ՝ պրոզերինի օգնությամբ (Բ. Ֆանարջյան, Հ. Դանիելյան), ինչպես նաև ստամոքսի պատի ուսումնասիրման (պարիետոգրաֆիա) մեթոդը: Ռենտգենաբան. և ընդերադիտ. համակցված եղանակների կիրառման շնորհիվ բարելավվել է ստամոքսի հիվանդությունների ճիշտ ախտորոշումը: Բացահայտվել է զստակույրաղիքային շրջանի ուռուցքների և բորբոքումների ռենտգենաբան. տարբերակիչ ախտորոշումը: Աշխատանքներ են կատարվել թոքերի ուռուցքների և էխինոկոկոզի ռենտգենաբան. տարբերակիչ ախտորոշման ուղղությամբ: Նկարագրվել են շնչափողաբրոնխային ծառի շնչառ. գործունեությունը բնականոն պայմաններում, քաղցկեղի և թոքերի թարախակալման դեպքում, ինչպես նաև թոքերի էխինոկոկի ռենտգենաբան. ախտորոշման նոր ախտանշաններ (Ս. Հովհաննիսյան, Բ. Ֆանարջյան, Վ. Կարապետյան): Մշակվել են ոսկրային, միզասեռ. ու ավշային համակարգերի, լսող. ապարատի, վահանագեղձի ախտահարումների ռենտգենաբան. տարբերակիչ ախտորոշման հարցերը, նկարագրվել են Յուինգի ուռուցքի և ոսկրային սարկոմաների ռենտգենաբան. պատկերի նոր ախտանշաններ, մշակվել տարբերակիչ ախտորոշման հարցերը (Ֆ. Խերոբյան, Ի. Տագեր):

Ուռուցքաբանության բնագավառում ուսումնասիրվել են չարորակ ուռուցքների համաճարակաբանության և պատճառագիտության, ուռուցքային հիվանդությունների կլինիկայի, ախտորոշման և բուժման համակցված եղանակների մշակման հարցերը: Համընդհանուր ճանաչում գտած բուժման եղանակներից բացի, լայնորեն կիրառվում է քիմիա-, իմունա- և հորմոնաբուժությունը: Հետազոտություններ են կատարվել քիմ. մի շարք միացությունների, այդ թվում նաև թունաքիմիկատների, քաղցկեղածին և մուտագեն հատկությունների բացահայտման (Վ. Զիլֆյան, Վ. Կումկումաջյան) և սինթեզված նոր քիմ. միացությունների հակաուռուցքային ակտիվության ուսումնասիրության ուղղությամբ (Ս. Պապոյան և աշխատակիցներ):

Հաջողություններ են ձեռք բերվել չարորակ ուռուցքների աճման ընթացքը կասեցնող ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների հայտնաբերման, ինչպես նաև օրգանիզմի հակաուռուցքային դիմադրողականության բարձրացման ուղղությամբ: Ցանցապատկերային (ռաստրային) էլեկտրոնային մանրադիտակի և իմունահյուսվածաքիմ. եղանակի օգնությամբ հետազոտվում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ոսկրային սարկոմաների՝ քեյլոններով և ֆերմենտներով բուժման հարցերը: Ապացուցվել է ինտերֆերոնի և նրա մակածիչների արդյունավետությունը կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում: Մշակվել են ուռուցքների բջջաբանության հարցերը, որի շնորհիվ բարելավվել են թոքերի, կերակրափողի, ստամոքսի, հաստ աղիքի, կաթնագեղձի (Գ. Արզումանյան), արգանդի, մաշկի և փափուկ հյուսվածքների (Հ. Գալստյան, Ա. Սահակյան) նախաքաղցկեղային ու քաղցկեղային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման հարցերը: Բացահայտվել են ստամոքսի և լյարդի ուռուցքային հիվանդությունների ժամանակ առանձին ֆերմենտների կենսաքիմ. փոփոխությունները: Մշակվել է արգանդի քննության նոր՝ ֆիբրոհիստերոսկոպիական եղանակ: