Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մշակվել են վահանագեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման մի շարք հարցեր (Գ. Ղազարյան), ինչպես նաև հանգուցավոր խպիպի չարորակացած կղզյակների ռադիոիզոտոպային ախտորոշման համակցված եղանակ: Ուսումնասիրվել են լյարդի և ներքին օրգանների ուռուցքային հիվանդությունների՝ ռադիոակտիվ իզոտոպներով հայտնաբերման խնդիրները: Ստեղծվել է տեսածրագրի (սկանոգրամա) քանակ. գնահատման սարք: Մշակվել է բրոնխաթոքային և հաստ աղիքի քաղցկեղի ռադիոակտիվ ֆոսֆորով ախտորոշման եղանակ:

Ժամանակակից հաշվիչ սարքի՝ քաղցկեղ-գրանցիչի (կանցեր-ռեգիստր) օգնությամբ ապահովվում է հիվանդների հաշվարկը և նրանց երկարակեցության բազմակողմանի վերլուծությունը: Մշակվել են ստամոքսի, հաստ և ուղիղ աղիքների փոխարինող. վիրահատության հարցերը (Գ. Դանիելյան, Ե. Մարզպան, Հ. Գալստյան): Մշակվել են ծայրամասային ավշահանգույցների չարորակ ուռուցքների ախտորոշման և համակցված բուժման մեթոդները (Մ. Հայրապետյան): Արգանդի վզիկի անուշադրության մատնված քաղցկեղի դեպքում համակցված ճառագայթային բուժմամբ ապահովվել է հիվանդների երկարակեցությունը (Թ. Մախմուրյան):

Մշակվել է կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղի բուժման նոր եղանակ՝ խոշոր ֆրակցիաներով ճառագայթաբուժման զուգակցումը վիրաբուժ. միջամտության հետ:

Չարորակ ուռուցքների բուժման հեռավոր արդյունքները կանխատեսելու նպատակով առաջարկվել են տետրազոլային ցուցանիշը և արյան սպիտակ գնդիկների կատիոնային սպիտակուցների որոշման մեթոդը (Լ. Մկրտչյան):

Ուսումնասիրվել են ՀՀ-ում չարորակ ուռուցքներով հիվանդացության և մահացության հարցերը (Կ. Բազիկյան): Բժիշկների կատարելագործման ինստ-ի (1997-ից՝ Ազգային առողջապյան ինստ.) ռենտգենաբանության ամբիոնում մշակվել են ծայրանդամների ոսկրերի սնուցող. փոփոխությունների և դրանց առաջացման օրինաչափությունների ռենտգենաբան. պատկերի (Զ. Մովսիսյան), ականջի բորբոքումների ախտաճանաչման հարցերը, ներդրվել է թոքաանոթագրության մեթոդը՝ թոքերի քրոնիկ. թարախային բորբոքումների և քաղցկեղի տարբերակիչ ախտորոշման համար:

Տես նաև Ուռուցքներ:

ՌԵՆՏԳԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. տես Ռենտգենաբանական հետազոտություն հոդվածում:

ՌԵՆՏԳԵՆԱԴԻՏՈՒՄ, տես Ռենտգենաբանական հետազոտություն հոդվածում:

ՌԵՊԵԼԵՆՏՆԵՐ, տես Վանող նյութեր:

ՌԵՎՄԱՏԻԶՄ, հիվանդություն, որը բնորոշվում է շարակցական հյուսվածքի տարածուն բորբոքումով՝ առավելապես սրտի, հոդերի ընդգրկմամբ: Ռ-ի առաջացման պատճառների մեջ կարևոր նշանակություն ունեն ստրեպտոկոկային վարակիչ հիվանդությունները և օրգանիզմի ժառանգ. նախատրամադրվածությունը:

Ռ-ով հաճախ հիվանդանում են 7-15 տարեկան երեխաները: Սկիզբը կարող է սուր լինել: Ստրեպտոկոկային վարակից (անգինա, քութեշ, ըմպանաբորբ) 10-14 օր անց կրկին բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են վերջույթների խոշոր (արմնկային, ճաճանչադաստակային, ծնկային, սրունքաթաթային) հոդերի ցավեր, կարմրություն և ուռածություն (ռևմատիկ բազմահոդաբորբ): Հոդերի ախտահարումը կրում է անկայուն բնույթ, սովորաբար 10-12 օր անց բազմահոդաբորբի երևույթներն անհետանում են: Բայց դա միայն կարծեցյալ առողջացում է, քանի որ միաժամանակ, որպես կանոն, ախտահարվում է սիրտը՝ իր բոլոր թաղանթներով (սրտամկան, ներսրտենի, այդ թվում՝ փականներ և սրտապարկ): Փականների ռևմատիկ ախտահարումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կայուն ձևախախտումների և սրտի արատների ձևավորման: Ճիշտ է այն արտահայտությունը, որ «ռևմատիզմը լիզում է հոդերը, կրծում՝ սիրտը»:

Սրտի ախտահարումը Ռ-ի ժամանակ (ռևմոկարդիտ) կարող է առաջանալ նաև առանց բազմահոդաբորբի: Նրա ախտանշաններն են սրտխփոցը, հևոցը, սրտի շրջանի ցավերը, թուլությունը, ջերմաստիճանի աննշան բարձրացումը: Հարկավոր է իմանալ, որ Ռ. կարող է ախտահարել նաև այլ օրգաններ և հյուսվածքներ, հատկապես՝ նյարդային համակարգը: Վերջինիս առավել բնորոշ օրինակ է, այսպես կոչված, փոքր խորեան, որի ախտանշաններն են վերջույթների անկանոն ջղաձգային ցնցումները, ծամածռությունները, գերգրգռվածությունը, արագ հոգնելիությունը: Իհարկե, հոդերում ոչ բոլոր ցավերն են կապված Ռ-ի հետ, եթե դրանք նույնիսկ ուղեկցվում են ուռածությամբ և կարմրությամբ: Ինչպես նաև սրտի շրջանում ոչ բոլոր տհաճ զգացողություններն ու սրտխփոցներն են ռևմոկարդիտի ախտանշաններ: Ուստի Ռ-ի ախտորոշումը հնարավոր է միայն բժշկ. հետազոտությամբ: Ժամանակին բժշկի դիմելուց և վաղ ախտորոշելուց է կախված բուժման արդյունավետությունը:

Հիվանդության սուր շրջանում հիվանդին սովորաբար տեղավորում են հիվանդանոցում: Օգտագործում են հակաբակտերիային, հակաբորբոքային և այլ միջոցներ: Բուժումը երկարատև է, սովորաբար շարունակվում է նաև հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ ռևմատոլոգի կամ տեղամասային թերապևտի, մանկաբույժի, արտադրամասային բժշկի հսկողությամբ: Դեղորայքային բուժման բնույթը, ռեժիմը և շարժող. ակտիվության աստիճանը որոշվում են հիվանդության ընթացքով, սրտի արատի, արյան շրջանառության անբավարարության առկայությամբ կամ բացակայությամբ ևն: Շատ դեպքերում Ռ-ի սուր երևույթները մեղմանալուց հետո (դեռևս հիվանդանոցում) սկսում են զբաղվել բուժ. ֆիզկուլտուրայով, որը շարունակում են նաև բուժման հետագա շրջաններում, ֆիզ. բեռնվածության ծավալը մեծացնում են աստիճանաբար՝ ինքնազգացողության և օբյեկտիվ հետազոտությունների ցուցանիշների հսկողության տակ: Սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակի սպիտակուցներ և վիտամիններ, հատկապես՝ վիտամին C. կերակրի աղը և ածխաջրերը հարկավոր է սահմանափակել: Ռ-ով հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ (տես Դիսպանսերացում), որի խնդիրը հիվանդության սրացումների և բարդությունների կանխումն է: Այդ նպատակով խորհուրդ է տրվում համապատասխան աշխատանքի տեղավորում և նպատակահարմար ռեժիմ, Ռ-ի կրկնությունների կանխարգելում՛ հակաբակտերիային պատրաստուկներով: Ակտիվ հսկողությունը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել սրացումների 1-ին ախտանշանները և հոսպիտալացնել հիվանդներին:

Ռ-ի նոր սրացումների կանխարգելման անհրաժեշտ պայման է հիվանդի օրգանիզմում ստրեպտոկոկային վարակի օջախների վերացումը, քրոնիկ. հայմորիտի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ականջաբորբի, նշագեղձերի բորբոքման բուժումը (այդ թվում՝ վիրահատ.), բերանի խոռոչի առողջացումը ևն:

Կանխարգելումը ներառում է սոցիալ-առողջարար. միջոցառումներ (բնակարանային պայմանների բարելավում, մանկ. կոլեկտիվներում վարակիչ հիվանդությունների կանխում, օրգանիզմի կոփում, ֆիզկուլտուրա):

ՌԵՖԼԵՔՍՆԵՐ, օրգանիզմի պատասխան հակազդեցություններն արտաքին կամ ներքին միջավայրերի փոփոխությանը: