Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնորոշ ախտանշաններից բացի, հիվանդության այս տարատեսակին բնորոշ են նաև առանձնահատուկ ախտանշանները՝ լեզվում այրոցի զգացում, լուծ, չբուժված դեպքերում՝ նյարդային համակարգի ախտահարման ախտանշաններ (երերուն, անհաստատ քայլվածք, մարմնի վրա «մրջյունների սողալու» զգացում):

Այս տարատեսակի բուժումն իրականացվում է բժշկի նշանակմամբ և հսկողությամբ:

Վիտամին B12-ի կամ ֆոլաթթվի անբավարարության հետ կապված Ս-յան կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն ստամոքսաղիքային համակարգի քրոնիկ. (հատկապես լուծով ուղեկցվող) հիվանդությունների ժամանակին հայտնաբերումը և բուժումը: Այն վայրերում, որտեղ տարածված է լայն երիզորդը, անհրաժեշտ է դրանով վարակումը կանխել (տես Դիֆիլոբոթրիոզ), իսկ հիվանդանալիս՝ ժամանակին բուժել:

Բազմազան են նաև արյունատարրալուծական (հեմոլիտիկ) Ս-յան ձևերը, որոնք կապված են էրիթրոցիտների քայքայման ուժեղացման հետ: Այդ ձևերը կարող են լինել ժառանգ. ու ձեռքբերովի և սովորաբար ուղեկցվում են մաշկի ու լորձաթաղանթների դեղին գունավորմամբ: Այդ պատճառով էլ հաճախ դրանք շփոթում են լյարդի հիվանդությունների հետ: Ս-յան բոլոր ձևերի դեպքում ախտանունը ճշտելու և ժամանակին բուժելու համար հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐ (ՍԹԿ), վնասակար նյութի առավելագույն քանակը ծավալի (օդի, ջրի), կշռի (սննդանյութերի, հողի) կամ մակերևույթի (աշխատողների մաշկի) միավորում, որն անսահմանափակ տևական ժամանակահատվածում ամենօրյա ներգործության դեպքում օրգանիզմում չի առաջացնում որևէ ախտաբան. շեղում, ինչպես նաև անցանկալի ժառանգ. փոփոխություններ՝ սերունդներում: ՍԹԿ հաստատելիս օգտագործում են հաշվարկային մեթոդներ, կենսբ. գիտափորձերի արդյունքներ, ինչպես նաև վնասակար նյութերի տարբեր կոնցենտրացիաների ազդեցությանը ենթարկված անձանց առողջ. վիճակի ընթացիկ դիտումների տվյալները:

Վնասակար նյութերի ՍԹԿ քանակապես արտահայտում են. օդի համար՝ մգ/մ³- ով, ջրի՝ մգ/լ-ով, սննդանյութերի և հողի՝ մգ/լ-ով: Ռադիոնուկլիդների թույլատրելի կոնցենտրացիաներն արտահայտում են կյուրի/լ-ով (օդի և ջրի համար) և կյուրի/կգ-ով (սննդանյութերի համար): ՍԹԿ հաստատելիս հաշվի են առնվում նորմավորվող նյութի ազդեցությունը մարդկանց, ինչպես նաև շրջակա միջավայրի որոշ օբյեկտների (օրինակ՝ ջրամբարի ընդհանուր սան. ռեժիմի ևն) վրա: Մակերևութաին ջրերի պահպանության կանոններով հաստատվել են տարբեր ՍԹԿ տնտ-խմելու և ձկնարդյունագործ. օգտագործման ջրամբարների համար: ՍԹԿ-ի մեծությունները, սան. նորմերը հաշվի են առնվում տեխնոլոգ. գործընթացների, սարքավորումների, մաքրման սարքերի և այլ աշխատանքների նախագծման ժամանակ: ՍԹԿ-ի նորմավորումը հաստատվում է ՀՀ առողջապ. նախ-յան կողմից, իսկ հսկողությունն իրականացնում է ՀՀ պետ. հիգիենային և հակահամաճարակային ծառայությունը:

ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էմբրիոլոգիա, գիտություն սաղմի զարգացման մասին: Ուսումնասիրության առարկան սաղմնային զարգացումն է բեղմնավորումից՝ արական (սերմնաբջիջ) և իգական (ձվաբջիջ) սեռ. բջիջների միաձուլումից, մինչև օրգանների ձևավորման (օրգանագոյացման) ավարտը: Մանկաբարձության մեջ, զարգացման 9-րդ շաբաթից սկսած, սաղմը կոչվում է պտուղ, իսկ ներարգանդային զարգացման 9-րդ շաբաթից մինչև ծննդաբերությունն ընկած ժամանակահատվածը՝ պտղային շրջան:

Արական և իգական սեռ. բջիջների միաձուլումը տեղի է ունենում արգանդափողում (ձվարանում): Բեղմնավորված ձվաբջիջը տեղաշարժվում է և մոտավորապես 6-րդ օրն ընկնում արգանդի մեջ, որի լորձաթաղանթը նախապատրաստված է լինում սաղմը ընդունելուն: Վերջինս ներդրվում է արգանդի պատում, որտեղ էլ տեղի է ունենում հետագա զարգացումը: Տարբերում են սաղմի զարգացման մի քանի փուլ. ձվի տրոհման, սաղմնաթերթիկների առաջացման, օրգանների ու հյուսվածքների սկզբնասաղմերի առանձնացման և զարգացման: Ս. ուսումնասիրում է ներարգանդային զարգացման բոլոր փուլերը, հետազոտում հյուսվածքների կազմության փոփոխությունները, ֆունկցիաների ձևավորումը և սաղմի բնականոն զարգացման շեղումները: Հետազոտությունների միջոցով պարզվել է տարբեր անկանոնությունների և զարգացման բնածին արատների առաջացումը: Հաստատվել է, որ սաղմը շատ զգայուն է վնասակար ազդեցությունների նկատմամբ, որի հետևանքով առաջանում են օրգանների կամ մարմնի մասերի ձևավորման կայուն խանգարումներ: Տարբերում են սաղմի զարգացման, այսպես կոչված, կրիտիկ. շրջաններ, երբ այն խիստ զգայուն է տարբեր ազդեցությունների նկատմամբ: Յուրաքանչյուր օրգանի համար նույնպես գոյություն ունի իր կրիտիկ. շրջանը՝ նյութափոխանակության բարձր լարվածության պահերը: Մարդու կարևոր օրգանների զարգացման կրիտիկ. շրջանները համապատասխանում են ներարգանդային զարգացման 3-7-րդ շաբաթներին (տես Հղիություն): Տարբեր ներգործություններ կարող են պայմանավորել սաղմի զարգացման միևնույն արատները՝ էմբրիոպաթիաները: Արատի որևէ տեսակի ձևավորումը կախված է առավելապես վնասակար գործոնի ազդեցության ժամանակից և տևողությունից: Էմբրիոպաթիաների կանխարգելման համար անհրաժեշտ է հղի կնոջը պաշտպանել վնասակար ներգործություններից: Իսկ նա պետք է որքան հնարավոր է շուտ դիմի կանանց կոնսուլտացիա:

ՀՀ-ում Ս-յան բնագավառի ուսումնասիրություններ են կատարվել ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ԳՀԻ-ում, ԵՊՀ կենսբ. ֆակ-ում և Գյուղատնտ. ակադեմիայում:

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՏ, ձեռնարկություններում, ուս. հաստատություններում և այլ հիմնարկներում, գերազանցապես «Կարմիր խաչի» և «Կարմիր մահիկի» ընկերությունների սկզբն. կազմակերպությունների ստեղծած միավորում:

Ս. կ-ի անձնակազմը բաղկացած է պետից և միավորման վայրում գործող 3 անդամից: Ս. կ. կցվում է մոտակա բուժկանխարգելիչ հաստատությանը և գտնվում է դրա բժշկ. անձնակազմի հսկողության տակ: Ս. կ. համալրվում է աշխատակիցներով, որոնց նախապես ուսուցանում են «Կարմիր խաչի» և «Կարմիր մահիկի» ընկերությունների միության գործադիր կոմիտեի հաստատված ծրագրով:

Ս. կ. հանդերձվում է վիրակապ. նյութերով և դեղանյութերով (կալիումի գերմանգանատ, կատվախոտի թուրմ, անուշադրի սպիրտ, յոդի 5%-անոց կամ ադամանդականաչի 1-2%-անոց սպիրտային լուծույթներ), դեղարկղով, լարանով, վերջույթների անշարժացման միջոցներով, ձգափոկերով պատգարակներով: Բացի թվարկվածներից, Ս. կ-ի անձնակազմն ունենում է ձախ թևքին կրվող «Կարմիր խաչի» կամ «Կարմիր մահիկի» նշանով թևկապ, հակագազ, անհատ. դեղարկղիկ, անհատական հակաքիմիական փաթեթ:

Խաղաղ ժամանակ Ս. կ-ի աշխատակիցներն 1-ին բժշկ. օգնություն են ցույց տալիս արտադր. վնասվածքներով անձանց,