Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՆՍԻԲԻԼԱՑՈՒՄ. տես Ալերգիա հոդվածում:

ՍԵՊՍԻՍ. տես Արյան վարակում:

ՍԵՌ, հատկանիշների ամբողջություն, որը որոշում է օրգանիզմի պատկանելությունն արական կամ իգական անհատներին: Ըստ Ս-ի բաժանումը բնորոշ է այն տեսակներին, որոնք բազմանում են սեռ. ճանապարհով, և պայմանավորված է այս գործընթացում արական և իգական օրգանիզմների տարբեր դերերով: Սեռ. տարբերությունները հատուկ են կենդանիներին, բույսերին, միկրոօրգանիզմներին և կարող են լինել ինչպես աննշան, այնպես էլ ուժեղ արտահայտված:

Արական և իգական Ս-երի հիմն. տարբերությունն այն է, որ արական և իգական անհատների օրգանիզմներում, բացառությամբ միկրոօրգանիզմների, առաջանում են տարբեր սեռ. բջիջներ՝ գամետներ: Մարդկանց և կենդանիների գամետները գոյանում են մասնագիտացված օրգաններում՝ սեռ. գեղձերում (գոնադներ): Արական անհատների մոտ դրանք սերմնարաններն են (ամորձիներ), որոնք արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ), կանանց մոտ՝ ձվարանները, որոնք արտադրում են ձվաբջիջներ: Որպես կանոն՝ ձվաբջիջները զուրկ են շարժունակությունից, դրանք սերմնաբջիջներից խոշոր են, քանի որ պարունակում են պտղի զարգացման սկզբն. փուլերի համար անհրաժեշտ սննդանյութերի պաշար: Օրգանիզմում սեռ. գեղձերի առկայությունն առաջնային նշան է, որի շնորհիվ սեռ. տարբերությունը կարելի է որոշել դեռևս սաղմի զարգացման որոշակի շրջանում: Անհատ. զարգացման ընթացքում ձևավորվում են սեռ. հատկանիշների արտաքին դրսևորումները՝ սեռ. գործընթացն իրականացնող հատուկ օրգանները, որոշակի մարմնակազմվածքը, գունավորումը (կենդանիների մոտ), մազակալման բնույթը, ձայներանգը, հոգեֆիզիոլոգ. առանձնահատկությունները:

Ըստ Ս-ի տարբերակումը գենետիկ. հիմք ունի և որոշվում է քրոմոսոմների հավաքով, որը ձևավորվում է սերմնաբջջի և ձվաբջջի միաձուլման ժամանակ: Մարդու բոլոր բջիջները, բացառությամբ սեռականի, պարունակում են 23 զույգ քրոմոսոմ, դրանցից 22 զույգը կոչվում են աուտոսոմներ և 2 սեռերի համար միևնույնն են, 23-րդ զույգը՝ սեռ. քրոմոսոմը, արական և իգական օրգանիզմների համար տարբեր է: Կանանց մոտ այդ զույգը կազմված է 2 միատեսակ քրոմոսոմներից, որոնք նշանակվում են որպես X-քրոմոսոմներ (XX-զույգ), տղամարդկանց մոտ՝ 2 տարբեր քրոմոսոմներ՝ X և Y (XY-զույգ): Հասուն սեռ. բջիջները (սերմնաբջիջները և ձվաբջիջները), ի տարբերություն օրգանիզմի մյուս բջիջների, պարունակում են յուրաքանչյուր զույգից միայն 1 քրոմոսոմ: Կանանց բոլոր ձվաբջիջները կրում են X-քրոմոսոմ, իսկ տղամարդկանց սերմնաբջիջները պարունակում են 2 տարբեր սեռ. քրոմոսոմներ (XY-զույգ), այսինքն՝ սերմնաբջջի մյուս կեսը կրում է X-քրոմոսոմ, 2-րդը՝ Y-քրոմոսոմ: Բեղմնավորման կենսբ. իմաստը սերմնաբջջի և ձվաբջջի մի մասից կազմված (ոչ կրկնակի) քրոմոսոմային հավաքի միավորման (բջիջ-զիգոտ) և տվյալ տեսակին բնորոշ քրոմոսոմների կրկնակի հավաքի վերականգնումն է: Մարդկանց մոտ, որպես կանոն, բեղմնավորմանը մասնակցում են 1 սերմնաբջիջ և 1 ձվաբջիջ, ընդ որում, վերջինս հավասար հավանականությամբ կարող է հանդիպել և՛ X-, և՛ Y-քրոմոսոմ պարունակող սերմնաբջջի հետ: Կախված այն բանից, թե սերմնաբջիջների 2 տեսակից (X- կամ Y-քրոմոսոմով) որը կմասնակցի բեղմնավորմանը, պտուղը կզարգանա որպես իգական կամ արական անհատ: Ձվաբջիջը X-քրոմոսոմ պարունակող սերմնաբջջի հետ բեղմնավորվելիս հանգեցնում է միանման X-քրոմոսոմներից սեռ. քրոմոսոմների զույգի ձևավորման (մեկը՝ ձվաբջջում, մյուսը՝ սերմնաբբջում) և իգական սեռի անհատի զարգացման: Ձվաբջիջը Y- քրոմոսոմ պարունակող սերմնաբջջի հետ բեղմնավորվելիս հանգեցնում է XY-զույգ սեռ. քրոմոսոմի ձևավորման (X-քրոմոսոմը՝ ձվաբջջում, Y-ը՝ սերմնաբջջում) և արական սեռի անհատի զարգացման: Բայց դա չի բացառում, որ Ս-ի հաստատման համար մեծ նշանակություն ունեն աուտոսոմներում տեղադրված գեները և գեների որոշակի հաշվեկշիռը:

Սաղմնային զարգացման սկզբում սեռ. գեղձերը չեզոք են: Այլ կերպ ասած՝ դրանք չեն դրսևորում որևէ հատկանիշ, որով հնարավոր լիներ որոշել, թե տվյալ գոնադը կթափանցի ամորձու, թե ձվարանի մեջ: Վաղ գոնադը կազմված է 2 շերտից՝ կեղևային և ուղեղային (միջուկային): Y-քրոմոսոմով սաղմի (արական Ս-ի անհատ) զարգացման ընթացքում կեղևային շերտը կազմափոխվում է, իսկ ուղեղայինից զարգանում են ամորձիները: Իգական անհատների մոտ, հակառակը, կազմափոխվում է ուղեղային շերտը, իսկ կեղևայինից ձևավորվում են ձվարանները:

Ամորձիների և ձվարանների ձևավորման հենց սկզբում դրանք, իրենց արտադրած հորմոնների շնորհիվ, սկսում են հսկել աճող օրգանիզմի սեռ. տարբերությունը: Ս-ի հաստատումը բարդ, բազմափուլ գործընթաց է, որի տարբեր օղակները խիստ համաձայնեցված են:

Երբեմն արտաքին պայմանների փոփոխությունները, որոնք ազդում են սեռ. հորմոնի արտադրության կամ այդ հորմոնների հանդեպ աճող հյուսվածքի հակազդեցության վրա, կարող են փոխել ձևավորված օրգանիզմի Ս-ի դրսևորումը: Դրա հետևանքով առաջանում են անհատներ, որոնք պատկանում են մի Ս-ի, բայց արտաքուստ հիշեցնում են հակառակը: Այդ երևույթը կոչվում է հերմաֆրոդիտիզմ:

Իսկական Ս. հաստատելու համար օգտագործում են բջջի ուսումնասիրման գենետիկ. մեթոդներ: Արական և իգական օրգանիզմների ոչ սեռ. (սոմատիկ) բջիջները կարելի է տարբերել ոչ միայն քրոմոսոմների կազմով, այլև նրանց կորիզներում հատուկ նյութերի՝ սեռ. քրոմատինների առկայությամբ կամ բացակայությամբ: Այդ տարբերությունն արական կամ իգական Ս-ին անհատի պատկանելության հուսալի ցուցանիշ է. այն լայնորեն օգտագործվում է բժշկագիտության մեջ և դատաբժշկ. պրակտիկայում: Հատկապես կարևոր է երեխայի Ս-ի որոշումը՝ մինչև նրա ծնվելը, եթե կասկածում են, որ նա կծնվի որևէ ժառանգ. հիվանդությամբ (տես Ժառանգական հիվանդություններ): Նման դեպքերում Ս. որոշելու համար վերցնում են քիչ քանակությամբ շուրջպտղային ջրեր և հետազոտում նրա մեջ գտնվող պտղի բջիջները:

ՍԵՌԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ. իմպոտենցիա, վիճակ, որի դեպքում տղամարդը չի կարող կատարել սեռ. հարաբերություն: Սեռ. ֆունկցիան ապահովվում է բնածին (հորմոններ) և ձեռքբերովի՝ անհատ. զարգացման ընթացքում ձեռք բերված (անհատ. փորձ, սոցիալ. ազդեցություններ ևն) գործոններով: Նյարդաներզատ. կամ նյարդահումորալ գործոնները (տես Հորմոններ), որոնք կապված են գլխուղեղի և ներզատիչ գեղձերի գործունեության հետ, ապահովում են սեռական հակման արտահայտվածությունն ու աստիճանը: Տղամարդու առնանդամի գրգռումը (էրեկցիա) տղամարդու սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է և հնարավորություն է տալիս իրականացնել մերձեցումը սեռ. հարաբերության ժամանակ: Սերմնաժայթքումը (էյակուլացիա) ապահովում է սեռ. ակտիվության հիմն. կենսբ. նպատակը՝ սերմնահեղուկի արտազատումը: Բնականոն սեռ. ֆունկցիայի իրականացման համար հսկայական նշանակություն ունի հոգեկանը, որը որոշում է սեռ.