Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակման ուղղվածությունը, այսինքն՝ սեքսուալ օբյեկտի ընտրությունը և մարդու համար առանձնահատուկ սեռ. ակտիվության դրսևորումը՝ հաշվի առնելով բարոյագեղագիտ. կենսանախադրյալների ամբողջ համալիրը:

Որպես կանոն՝ Ս. ա. առաջանում է մարմնական (սոմատիկ) փոխհարաբերությունների, անձնային և միկրոսոցիալ. երևույթների հետևանքով: Ուստի, դեպքերի մեծամասնության շրջանակներում պետք է խոսել Ս. ա-յան համալիր բնույթի մասին, որը, սովորաբար, պայմանավորված է սեռ. օրգանների, ներզատիչ համակարգի, ծայրամասային նյարդերի և գլխուղեղի բարձրագույն բաժինների ֆունկցիաների խանգարումներով: Սովորաբար, Ս. ա. ինքնուրույն հիվանդություն չէ, այլ առաջանում է և գոյություն ունի որպես հիմն. հիվանդությանն ուղեկցող հիվանդագին երևույթ: Այսպես՝ Ս. ա-յան պատճառ կարող են դառնալ գլխուղեղի խորը կառուցվածքների կամ առանձին ներզատիչ գեղձերի (օրինակ՝ սեռ. գեղձեր, վահանագեղձ) ախտահարումից առաջացած խանգարումները: Կարող է պայմանավորված լինել նաև առնանդամի լարման խանգարումներով՝ ողնուղեղի, առնանդամը նյարդավորող նյարդաթելերի և նյարդահյուսակների ախտահարումների կամ առնանդամի հիվանդությունների հետևանքով: Սերմնաժայթքման խանգարումները սովորաբար առաջանում են ինչպես տարբեր ուրոլոգ. հիվանդությունների, այնպես էլ գլխուղեղի կեղևում տեղադրված կենտրոնների (միզապարկի և սեռ. ֆունկցիաների կարգավորման) ախտահարումների ժամանակ: Սերմնաժայթքման խանգարումը կարող է դրսևորվել նրա բացարձակ արագացմամբ՝ սեռ. հարաբերության հենց սկզբում կամ նույնիսկ մինչև առնանդամի մուտքը հեշտոց, և հարաբերական՝ մինչև կնոջ օրգազմի ի հայտ գալը կամ կասեցմամբ, երբ սեռ. ակտը կրում է ձգձգվող, երբեմն՝ ուժասպառ բնույթ (ընդ որում՝ սերմնաժայթքումն այդպես էլ տեղի չի ունենում): Երբեմն սերմնաժայթքումը կարող է վրա հասնել սեռ. հարաբերությունից դուրս՝ սեքսուալ գրգռիչների ազդեցության տակ (օրինակ՝ կնոջ տեսքը, որն էրոտիկ գրգռում է առաջացնում) և սեքսուալ-էրոտիկ գունավորում չունեցող գրգռիչներից (փոխադրանու թրթռում, հուզ. ապրումներ, հաճախ՝ Ս. ա-յան հանդեպ վախի զգացում):

Շատ սեքսոպաթոլոգների կարծիքով՝ Ս. ա-յան դեպքերի մեծ մասը կապված է բարձրագույն նյարդային գործունեության, այդ թվում՝ նյարդահոգեկան բնածին և ձեռքբերովի խանգարումների (նևրոզ, նևրոտիկ վիճակ, տարբեր հիվանդություններ, ընկճվածություն ևն) հետ: Մարդու սեքսուալ ոլորտը խիստ խոցելի է հոգեկան վնասվածքների ժամանակ: Դրա համար որոշ գործոնների երկարատև ազդեցությունը, որը թվում է, թե սեքսուալ ոլորտի վրա անմիջական ազդեցություն չունի (գերհոգնածություն, անբավարար քուն, աշխատանքում բարոյական ծանր իրադրություն ևն), ընդհանուր նևրոտիկ խանգարումների հետ մեկտեղ (դյուրաբորբոքություն, արագ հոգնելիություն, քնի խանգարումներ ևն) հաճախ առաջացնում է նաև սեքսուալ խանգարումներ: Հաճախ Ս. ա. սպիրտային խմիչքների չարաշահման (տես Ալկոհոլամոլություն), ինչպես նաև արատավոր սեքսուալ կենսանախադրյալների և սեռ. սանձարձակության հետևանք է:

Սեռական կարողության խանգարումները կարող են ծանր ապրումների և ընտանեկան աններդաշնակության պատճառ դառնալ, ուստի, Ս. ա. ի հայտ գալիս հարկավոր է դիմել սեքսոպաթոլոգի: Մի շարք դեպքերում կարող է նկատվել, այսպես կոչված, կեղծ անկարողություն, որն առաջանում է սեռական կյանքի աններդաշնակության ժամանակ՝ սեքսուալ դրսևորումների ֆիզիոլոգ. տատանումների (օրինակ՝ տարիքային) հանդեպ անհատի անհամապատասխան հակազդեցության հետևանքով, ինչպես նաև զուգընկերոջ ոչ ճիշտ վարքագծի (օրինակ՝ նախն. փաղաքշանքի անբավարարություն կամ լրիվ բացակայություն), կնոջ սեռական սառնության (ֆրիգիդիզմ) և այլ դեպքերում: Սեռ. կյանքի աններդաշնակությունը վերացնելու համար հաճախ բավարարում է պսիխոթերապիայի 1-անգամյա՝ հրահանգին համապատասխանող զրույցը: Մյուս դեպքերում Ս. ա-յան պատճառները պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն և հատուկ բուժում (ֆիզիոթերապիա, պսիխոթերապիա, դեղանյութեր): Ժամանակին բժշկին դիմելու դեպքում հաջողության հավանականությունը մեծ է, քանի որ երկարատև սեքսուալ խանգարումները սևեռվելու միտում ունեն և կարող են դառնալ քրոնիկ.:

ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, բժշկ. և մանկավարժ. միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների և երիտասարդների մոտ սեռի հարցերի նկատմամբ խելամիտ, առողջ վերաբերմունքի դաստիարակմանը: Ս. դ-յան խնդիրն աճող սերնդի ներդաշնակ զարգացմանը, մանկածնության ֆունկցիայի լիարժեք ձևավորմանը և ամուսնության ու ընտանիքի ամրապնդմանը նպաստելն է:

Շատերը գտնում են, որ Ս. դ-յամբ հարկավոր է զբաղվել սեռական հասունացման շրջանում: Այդ պատկերացումը սխալ է, Ս. դ. պետք է սկսել վաղ մանկ. շրջանից:

Ս. դ-ից հարկավոր է տարբերել սեռ. հարցերի շուրջ անցկացվող զրույցները, որոնց նպատակը դեռահասներին սեռին և սեռ. կյանքին վերաբերող անատոմիաֆիզիոլոգ., սեքսոլոգ., հիգիենային և այլ տեղեկությունների ծանոթացնելն է: Դեռահասների ուսուցումն սկսում են մոտավորապես 8-րդ դասարանից:

Ս. դ-յան մեջ կիրառելի են դաստիարակչ. աշխատանքների ընդհանուր սկզբունքները: Այն պետք է լինի ընտանիքում, նախադպրոց., դպրոց. և այլ հիմնարկներում իրականացվող ուսումնադաստիարակչ. միջոցառումների բաղկացուցիչ մասը: Ս. դ. պետք է իրականացվի՝ հաշվի առնելով սեռը, տարիքը, երեխաների պատրաստվածոէթյան աստիճանը: Ս. դ-յան արդյունավետության պարտադիր պայման է ծնողների, բուժաշխատողների, մանկավարժների, դաստիարակների միասնական մոտեցումը: Ս. դ-յան խնդիրները պետք է սերտորեն կապված լինեն բարոյական դաստիարակության ընդհանուր համակարգի հետ: Սակայն երբեմն համարում են, որ այդ խնդիրները քննարկելն անհարմար է, ջանում են լռությամբ շրջանցել միանգամայն բնական հարցերը, որոնք հետաքրքրում են երիտասարդներին: Սեռի հարցերում դեռահասների անպատրաստությունը և անտեղյակությունը հաճախ կարող են ծանր ողբերգությունների պատճառ դառնալ: Բարոյական մաքրությունը դեռևս չի նշանակում անտեղյակություն, այլ ենթադրում է առաքինության պահպանում բավարար տեղյակության դեպքում:

Անընդունելի է Արևմուտքի մի շարք երկրներում տարածված նաև մյուս միտումը, երբ սեքսուալ թեման գերակշռում է գրական ստեղծագործություններում, կինոնկարներում և հեռուստահաղորդումներում, և քարոզվում է «ազատ սեր», որը, փաստորեն, բացառում է ամեն տեսակ բարոյականություն:

Խնդրի ողջ բարդությամբ ու նրբանկատությամբ հանդերձ, ծնողները, մանկավարժները և բուժաշխատողները պետք է ժամանակին և ճիշտ պատասխանեն աճող սերնդին հուզող հարցերին:

Սեռի հարցերին անտեղյակ դեռահասները հաճախ վախենում և ամաչում են իրենց օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգ. փոփոխություններից: Ծնողներից և