կնոջ անհատ. առանձնահատկությունների ներդաշնակության աստիճանով, այսինքն՝ զույգերի հոգեբան. համատեղելիությամբ: Ամուսնական կյանքում անհատ. անհամատեղելիությունն առավել սուր բախումների հիմքն է, որը կործանարար ազդեցություն է թողնում սեքսուալ ոլորտի և ընտանիքի միկրոսոցիալ. կլիմայի վրա: Շատ սեքսոպաթոլոգների կարծիքով սեռ. խանգարումների մեծ մասը հետևանք է ոչ թե բուն սեռ. ոլորտի հիվանդությունների, այլ՝ հատկապես զուգընկերների միջև այդպիսի անհամապատասխանության, միմյանց հարմարվելու բացակայության: Ս. կ-ի ներդաշնակությունը կարող են ապահովել ինչպես տարբեր և նույնիսկ հակադիր անհատ. առանձնահատկությունները, որոնք կարող են փոխհատուցել մեկը մյուսին (օրինակ՝ կնոջ դյուրաբորբոք, տաքարյուն, անհավասարակշռված՝ խոլերիկ խառնվածքի զուգակցումը հավասարակշռված, համակերպվող՝ ֆլեգմատիկ տղամարդու խառնվածքի հետ), այնպես էլ միատեսակ անհատ. առանձնահատկությունները (տղամարդու և կնոջ խառնվածքում սանգվինիկ կամ ֆլեգմատիկ գծերը): Ամուսինների մոտ առաջնության ձգտումը, միևնույն ժամանակ միատեսակ որակների (անհավասարակշռություն, անհամբերություն, դյուրաբորբոքություն, իշխողականություն) բախումը հաճախ ընդհարումային իրավիճակների պատճառ է դառնում: Բարեհաջող Ս. կ-ի համար բավականին կարևոր նշանակություն ունի համատեղ ամուսնական կյանքում զույգերի ձեռք բերած փորձը, որի բացակայությունը կարող է ծանր ապրումների պատճառ դառնալ: Ս. կ. տղամարդու և կնոջ համար կարող է և պետք է լինի մեծագույն հաճույքի և բավարարվածության աղբյուր, բայց այն պահանջում է նաև որոշակի հմտություն, փոխադարձ ըմբռնողություն, նրբազգացություն և նույնիսկ անձնազոհություն:
Չի կարելի մոռանալ, որ կանանց մեծամասնությանը բնորոշ է փաղաքշանքի և քնքշության հանդեպ ձգտումը (որը հաճախ խորթ է երիտասարդ տղամարդկանց). սեռ. հակման արտահայտվածությունը երիտասարդների մոտ, ի տարբերություն հասուն տղամարդու, ենթակա է փուլային տատանումների՝ ուժեղանալով նախադաշտանային շրջանում կամ դաշտանից հետո 1-ին օրերին: Կանանց մոտ հեշտանքը, ի տարբերություն տղամարդկանց, մեծ մասամբ կախված է սեռ. հարաբերության պայմաններից, հոգեբան. նախապատրաստվածությունից, տրամադրվածությունից և նախն. փաղաքշանքների տևողությունից: Կանանց մեծամասնության 1-ին հեշտանքն ի հայտ է գալիս սեռ. հարաբերության ավելի կամ պակաս տևական շրջանից, հաճախ նույնիսկ ծննդաբերություններից հետո: Սեքսուալ փորձի կուտակման աստիճանից կախված՝ ավելանում է նաև հեշտանքով ավարտվող սեռ. հարաբերությունների տոկոսն այն դեպքում, երբ ամուսնական կյանքի 1-ին տարիներին ոչ բոլոր սեռ. հարաբերություններն են կնոջը պատճառել հեշտանքի զգացում: Կանանց մի մասը սեռ. մերձեցման ժամանակ երբեք չի զգում հեշտանք (տես Սեռական սառնություն), դրա հետ մեկտեղ կան կանայք, որոնք 1 սեռ. հարաբերության ընթացքում մի քանի անգամ են զգում այդ: Սակայն կինը, նույնիսկ հեշտանքի բացակայության դեպքում, այնուամենայնիվ, կարող է սիրած մարդու հետ մերձեցումից ստանալ խորը հոգեբան. բավարարվածություն:
Կարելի՞ է շարունակել սեռ. հարաբերությունները, եթե կինը հղի է: Մասնագետները (գինեկոլոգները և սեքսոպաթոլոգները) համարում են, որ պարտադիր չէ այդ շրջանում լրիվ խուսափել սեռ. մերձեցումից, թեպետ սեռ. հարաբերության ժամանակ անպայմանորեն հարկավոր է պահպանել զգուշություն: Սեռ. հարաբերությունները պետք է լրիվ ընդհատել հղիության 1-ին և վերջին 2-3 ամիսներին, ինչպես նաև ծննդաբերությունից հետո՝ 1-ին 2 ամիսներին: Այդպիսի ժուժկալությունը չի կարող վնաս հասցնել տղամարդուն՝ նույնիսկ նրա բարձր սեռ. ակտիվության դեպքում: Տղամարդը պետք է անվերապահորեն և ըմբռնումով ընդունի նշված ժամկետներում սեռ. հարաբերության վրա դրված արգելքը: Այդ շրջանում սեռ. հակման ուժգնությունը և դրա հետ կապված լարվածությունը նվազեցնելու համար տղամարդուն խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզ. աշխատանքով: Սովորաբար որևէ աշխատանքով զբաղվածությունը նպաստում է տարփական ապրումներից ուշադրության շեղմանը և դրանց հանդեպ զգացողության նվազմանը: Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ամուսինները (դա հատկապես վերաբերում է տղամարդկանց) պետք է լինեն համբերատար և զուսպ, ըմբռնեն հիգիենային հանձնարարականների պահպանման կարևորությունը: Հաճախ, հատկապես ծննդաբերությունից հետո վերսկսած Ս. կ. տղամարդուն և կնոջը պատճառում է հատուկ բավարարվածություն, դառնում ավելի լիարժեք:
Ինչ վերաբերում է Ս կ-ի ձևերին, ապա դրանք խիստ բազմազան են և պայմանավորված են սոցիալ., էթնիկ., պատմ. և այլ գործոններով: Հայտնի է, որ Արևելքի որոշ երկրներում (Հնդկաստան, Պարսկաստան, Ճապոնիա ևն) Ս. կ. ավանդաբար համարվել է ընդհանուր մշակույթի անքակտելի մասը, այն դեպքում, երբ եվրոպ. երկրներում բազմաթիվ դարերի ընթացքում «մարմնական» սիրո մասին խոսելն ու գրելն ընդհանրապես արգելվում էր: Այդ արգելքների արձագանքները, թափանցելով դաստիարակության համակարգի մեջ, երբեմն պահպանվում են նաև մեր օրերում: Դրա համար հաճախ, հատկապես երիտասարդ ամուսնական զույգերի միջև ծագում են իրավիճակներ, երբ 2 կողմերն էլ մոտալուտ սեռ. մերձեցումից սպասում են ինչ-որ արտասովոր բան, ինչ-որ բարձրագույն երջանկություն և հիասթափվում են հենց սկզբից: Քանի որ 1-ին անգամ սեռ. կապի մեջ մտնող երիտասարդ աղջկա սեքսուալությունն առավել հաճախ լինում է «նիրհող» վիճակում, չի կարելի սպասել, որ նա զուգընկերոջ ցանկություններին ընդառաջ կգնա: Երբեմն 1-ին մերձեցումը նրան ոչ մի բավարարվածություն չի բերում, այլ առանձին դեպքերում նույնիսկ զզվանք է առաջացնում: Այդ բանը հաշվի առնելով՝ տղամարդը չպետք է համառորեն ձգտի մերձենալ հատկապես 1-ին գիշերը, նա պետք է մտածի նաև կնոջ շահերի մասին, նրան հնարավորություն տա մշտ. շփման ընթացքում ընտելանալ նոր իրավիճակին, հաղթահարել վախը: Բացի այդ, երկուստեք փոխհամաձայնեցված սեռ. հարաբերությունը, նախն. համապատասխան հոգեբան. արտահայտվածության հետ մեկտեղ, զույգին հասցնում է առավել բավարարվածության: Որպես կանոն՝ ժամանակի ընթացքում տղամարդը և կինը գտնում են ճիշտ ուղին, որը նրանց հնարավորություն է տալիս ստանալ առավելագույն բավարարվածություն: Սեռ. հարաբերության ժամանակ այս կամ այն սեռ. վարքի «ընդունելիության» վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չկան և չպետք է լինեն: Սեքսուալ զուգընկերների համար ընդունելի կարելի է համարել այն բոլորը, ինչն արվում է երկկողմանի համաձայնությամբ և երկուսին պատճառում բավարարվածություն ու վնաս չի հասցնում:
Սեռ. կյանքի պարզեցումը, որը հանգեցնում է ժամանակ առ ժամանակ կրկնվող սեռ. հարաբերության, և դրա հետևանքով ամուսինների հարաբերությունների մեջ առաջացած ձանձրույթն ու միօրինակությունը երբեմն նրանց մղում են ամուսնական դավաճանության, ստիպում գտնել նոր հետաքրքրություններ, մտնել արտաամուսնական սեռ. կապերի մեջ: Բարոյական