լինել ուժասպառ անող վարակիչ հիվանդություններով, անվիտամինությամբ կամ ֆիզ. և հոգեկան գերհոգնածությամբ:
Մի շարք դեպքերում Ս. ս-յան հիմքում ընկած է հոգեբանասեքսուալ ֆունկցիաների բնածին անբավարարությունը: Դա, այսպես կոչված, մարմնակազմվածքային Ս. ս. է, որի դեպքում կինը երբեք և ոչ մի դեպքում չի կարող զգալ սեռ. բավարարվածություն: Այդպիսի կանայք կարող են լրիվ առողջ լինել բոլոր տեսակետներով, նրանց մոտ պահպանվում են մանկածնության ունակությունը և սեռ. գեղձերի բնականոն ֆունկցիան, լավ արտահայտված են 2-րդային սեռ. հատկանիշները և կանացիության գծերը: Այդ կանանցից շատերն ընդհանրապես չունեն տղամարդու հանդեպ սեռ. հակում և ոչ մի բավականություն չեն ստանում փաղաքշանքներից, համբույրներից ևն: Նրանց կյանքում սեքսուալ կողմը ոչ մի նշանակություն չունի, բայց սխալ է այն կարծիքը, իբր նրանք չեն կարող ապահովել ամուսնու և երեխաների ընտանեկան երջանկությունը:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կնոջ մոտ սեռ. բավարարվածության բացակայությունն առավել հաճախ ոչ թե Ս. ս-յան, այլ սեռ. կյանքի աններդաշնակության հետևանք է: Դրա հետ կապված՝ կանոնավոր սեռ. կյանքի պայմաններում սեռ. բավարարվածության բացակայության դեպքում պետք է խորհրդակցել սեքսոպաթոլոգի հետ:
ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ, բազմացման օրգաններ: Կազմված են սեռ. գեղձերից, սեռ. ուղիներից (որոնք ապահովում են սեռ. բջջի արտահանումը, կանանց մոտ՝ բեղմնավորումը և սաղմի զարգացումը), ինչպես նաև արտաքին Ս. օ-ից, որոնք ծառայում են սեռ. մերձեցման գործողությանը և սերմի ներմուծմանը իգական օրգանիզմ: Տարբերում են ներքին և արտաքին Ս. օ.:
Սեռ. գեղձերը դասվում են ներզատիչ գեղձերի շարքը և բացի սեռ. բջիջներից, արտադրում են հորմոններ (արական և իգական), որոնք, անմիջականորեն անցնելով արյան մեջ, մասնակցում են օրգանիզմի կենսական կարևոր գործընթացների կարգավորմանը: Սեռ. հորմոնները խթանում և կարգավորում են կնոջը կամ տղամարդուն հատուկ 2-րդային սեռ. հատկանիշների զարգացումը:
Ներարգանդային շրջանում մարդու սաղմում սկզբնավորվում է չտարբերակված սեռ. գեղձը, որից հետագայում որոշ անհատների մոտ զարգանում է արական, մյուսների մոտ՝ իգական սեռի սաղմ: Հազվադեպ միևնույն մարդու մոտ կարող են հանդես գալ 2 սեռի հատկանիշներ (հերմաֆրոդիտիզմ):
Արական Ս. օ-ի շարքն են դասվում ամորձիները՝ հավելումներով (մակամորձի), սերմնածորանները՝ սերմնաբշտերով, շագանակագեղձը, կոճդեզամիզուկային գեղձերը, առնանդամը (նկ. 1): Իգական ներքին Ս. օ. են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը (նկ. 2): Իգական արտաքին Ս. օ. (տես Ամոթույք) են ցայլքը, սեռ. մեծ ու փոքր շուրթերը, ծլիկը, հեշտոցի նախադուռը:
Ս. օ-ի հիվանդություններն ու վնասվածքները: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ հանդիպում են Ս. օ-ի զարգացման արատներ, անկանոն դիրքեր, բորբոքային և ուռուցքային հիվանդություններ: Զարգացման արատները՝ օրգանների փոքրացումը կամ մեծացումը, թերզարգացումը, համեմատաբար հազվադեպ են: Պատճառ կարող են դառնալ հղիության վաղ շրջանում (երբ սաղմը շատ զգայուն է վնասակար գործոնների ազդեցության հանդեպ) մոր կրած վարակիչ հիվանդությունները, թունավորումները, ճառագայթահարումը: Պտղի Ս. օ-ի զարգացման արատները կանխելու համար հղի կանայք պետք է խուսափեն վարակիչ հիվանդություններից (չայցելեն վարակիչ հիվանդների և չխնամեն նրանց, խուսափեն հավաքույթներից, գրիպի համաճարակների ժամանակ կինո, թատրոն այցելելուց), առանց բժշկի նշանակման դեղորայք ընդունելուց, ապահովեն հանգստի ճիշտ ռեժիմ, հաճախ զբոսնեն մաքուր օդում:
Ս. օ-ի զարգացման արատներից է նույն անհատի օրգանիզմում 2 սեռի հատկանիշների ի հայտ գալը՝ երկսեռությունը (հերմաֆրոդիտիզմ), որը կարող է լինել կեղծ և իսկական: Իսկական երկսեռությունը բնորոշվում է ձվարանների և ամորձիների առկայությամբ: Այս կամ այն սեռի հատկանիշների արտահայտվածությունը կախված է սեռ. գեղձերի ֆունկցիայից: Կեղծ երկսեռության (պսևդոհերմաֆրոդիտիզմ) ժամանակ, որն ավելի հաճախ է հանդիպում, սեռ. գեղձերը ձևավորված են իգական կամ արական տիպի, սակայն ունեն շեղումներ արտաքին Ս. օ-ի կառուցվածքում: Երկսեռությունը կարող է կասկածելի լինել երեխայի մոտ միզուկի ստորին պատի մի մասի բացակայության (հիպոսպադիա) դեպքում՝ զուգակցված գաղտնամորձությամբ (կրիպտօրխիզմ), թերզարգացած առնանդամով, որը հիշեցնում է մեծացած ծլիկ՝ երկատված ամորձիներով և նման է սեռ. մեծ շուրթերին: Սեռ. ճշգրիտ պատկանելությունը որոշում են ախտորոշման հատուկ մեթոդներով: Երկսեռությամբ տառապող երեխայի ծնողները պետք է իմանան, որ զարգացման այդ արատը բուժում է պահանջում, և որքան շուտ դիմեն բժշկի, բուժումն այնքան արդյունավետ կլինի: Առավել նպատակահարմար է երեխայի սեռ. պատկանելությունը որոշել մինչև 2 տարեկանը:
Տղամարդկանց Ս. օ-ի զարգացման արատներից կարող են հանդիպել ամորձիների զարգացման խանգարումները՝ 1 կամ 2 ամորձու բացակայությունը, դրանց թերզարգացումը, հավելյալ ամորձիները (սովորաբար թերզարգացած են), ամորձիների անավարտ իջեցումն ամորձապարկ (գաղտնամորձություն) և դրանց ոչ սովոր. դիրքավորումը:
Առնանդամի զարգացման արատներից հաճախ հանդիպում են միզուկի առաջային կամ հետին պատի երկատումն ու կարճացումը,