1995-ը) Լ. Միանսարյանն էր: Սեքսոպաթոլոգիայի հանրապետ. կենտրոնը 1995-ին, համաձայն ՀՀ առողջապ. նախ-յան հրամանի, միաձուլվել է քաղաքային 2-րդ ծննդատանը՝ պահպանելով սեքսոլոգ. օգնության ֆունկցիոնալ ինքնավարությունը: Բուժկանխարգելիչ այդ նոր հաստատությունը, անցնելով ԵՊԲՀ ենթակայությանը, վերանվանվեց Ընտանիքի պլանավորման և սեքսուալ առողջության համալսարան. կենտրոն: ՀՀ-ում սեքսոլոգ. ծառայության ցանցն էլ ավելի ընդարձակվեց, երբ 1997-ին համալրվեց քաղաքային № 11 պոլիկլինիկայի հիմքի վրա գործող վերականգնողական սեքսոպաթոլոգիայի քաղաքային կենտրոնով:
Հանրապետության բժշկասեքսոլոգ. ծառայությունից օգտվում են սեքսուալ առողջության խանգարում ունեցող անձինք (անկախ սեռից) և ամուսնական զույգերը, բժշկասեքսոլոգ. խորհրդատվության կարիք ունեցող անհատները և ընտանիքները, արական սեռի այն հիվանդները, ովքեր տառապում են ամլությամբ, միզասեռ օրգանների զարգացման արատներով, անոմալիաներով ու քրոնիկ. բորբոքային հիվանդություններով (բացառությամբ գոնոռեայի, սիֆիլիսի, ՁԻԱՀ-վարակի): Ընտանիքի պլանավորման և սեքսուալ առողջության համալսարան. կենտրոնի սեքսոլոգ. ծառայությունը, բացի առօրյա գործն. աշխատանքներ կատարելուց, նաև գիտակրթ. հաստատություն է, պատրաստում է մասնագիտ. ազգային կադրեր:
ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ, սիբիրախտ, կենդանիների և մարդու սուր վարակիչ հիվանդություն, բնութագրվում է ծանր ընթացքով, մաշկի և ներքին օրգանների ախտահարումով: Մարդու Ս.խ-ի մասին 1-ին հավաստի տեղեկությունները 18-րդ դ-ից են: Գյուղատնտեսության մեջ կանխարգելիչ պատվաստումների կիրառման, անասնաբուժասան. հսկողության ուժեղացման և գյուղատնտ. կենդանիների խնամքի բարելավման շնորհիվ նվազել է կենդանիների ու մարդու Ս.խ-ով հիվանդացությունը: Ժամանակին ու արդյունավետ բուժումը մեծ մասամբ ապահովում է հիվանդության բարեհաջող ելքը:
Ս.խ-ի հարուցիչն անշարժ ցուպիկն է, որն արտաքին միջավայրում սպորավորվում է, իսկ օրգանիզմում՝ պատիճավորվում: Սպորները շատ դիմացկուն են, ջրում և հողում պահպանվում են տարիներով: Անասնագերեզմանոցների կամ հիվանդ կենդանիների արտաթորանքով ու մեզով աղտոտված արոտավայրերը երկար տարիներ մնում են Ս.խ-ի սպորներով վարակված և կոչվել են «անիծյալ դաշտեր»:
Ս. խ-ով հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր անասունները, ձիերը, ոչխարները, էշերը, հազվադեպ՝ խոզերը, իսկ նրանցից վարակվում են կատուները, շները, վայրի գիշատիչները: Կենդանիները հիվանդանում են Ս. խ-ի հարուցչի սպորներով վարակված կերից: Չբուժած կենդանիների մոտ հիվանդությունը տևում է 2-3 օր (հազվադեպ՝ մի քանի ժ), և կենդանիները սատկում են: Դիակի արյունը չի մակարդվում, երբեմն նկատվում է արյունահոսություն (քթից, բերանից, հետանցքից), որից հողն աղտոտվում է Ս. խ-ի հարուցիչներով: Կենդանիները վարակվում են նաև արյունածուծ միջատների (մոզեր, ճանճեր) միջոցով՝ հիվանդներից առողջներին հարուցչի փոխանցման ճանապարհով:
Ս.խ-ով առավելապես վարակվում են հիվանդ կենդանիներ խնամողները (անասնապահներ, հովիվներ, անասնաբույժներ), ինչպես նաև կենդ. վարակակիր հումքը մշակողները: Ս.խ-ի հարուցիչը մարդու օրգանիզմ է ներթափանցում մաշկի քերծվածքներից, վնասվածքներից, հարուցչակիր փոշին շնչելիս, ինչպես նաև ստամոքսաղիքային համակարգի վնասված լորձաթաղանթի միջոցով:
Վարակվելուց 2-3 օր անց մանրէի տեղակայման մասում մաշկը քորվում է, կոշտանում, 12-24 ժ-ից բշտիկ է առաջանում (հաճախ՝ մարմնի բաց մասերին՝ դեմքին, պարանոցին, ձեռքերին), իսկ 2-3 օրից՝ կարբունկուլ: Հիվանդի վիճակը վատանում է, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C, նկատվում են գլխացավ, ախորժակի կորուստ, սրտխառնոց, երբեմն՝ փսխում: 2-րդ շաբաթվա վերջին կարբունկուլի կենտրոնում առաջանում է կեղև, որի պոկվելուց սպի է մնում: Հիվանդության բարդացման (արյան վարակման) կամ հարուցիչը շնչառ. օրգանների, ստամոքսաղիքային համակարգի միջոցով օրգանիզմ ներթափանցելիս առաջանում են արյան վարակման ախտանշաններ՝ ջերմաստիճանի բարձրացում (39-40°C), կրծքի շրջանում ցավեր, շնչառության դժվարացում, երբեմն՝ սրտխառնոց, փսխում, որովայնի կծկանքացավեր: Հնարավոր են նաև ուղեղապատյանային երևույթներ (տես Ուղեղապատյանաբորբ): Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Ժամանակին բուժումը բարեհաջող ելք է ունենում:
Գյուղատնտ. կենդանիների հիվանդության կանխարգելումն ապահովվում է Ս.խ-ի դեմ պատվաստումներով: Հիվանդության հայտնաբերման դեպքում հայտարարվում է անասնաբուժ. կարանտին: Հիվանդ կենդանիներին մեկուսացնում և բուժում են: Ս.խ-ից սատկած կենդանիներին, գոմափռոցը, գոմաղբը, կերի մնացորդներն այրում են: Եթե կենդանիների դիակները հայտնաբերում են արոտավայրերում, ապա դրանք այրում են, մշակում նատրիումի հիդրօքսիդի 20 %-անոց լուծույթով, հողը փորում են, այնուհետև նորից վարակազերծող լուծույթ լցնում: Անասնագոմերում կատարում են վարակազերծում: Պարտադիր են առողջ գլխաքանակի կանխարգելիչ պատվաստումները:
Անասնաբուծ. մթերք մշակող ֆերմաներում ու ձեռնարկություններում նույնպես իրականացվում է խիստ սան. հսկողություն, հումքի (կաշի, մորթի, բուրդ) վարակվածության և վարակազերծման պարտադիր հսկմամբ: Կիրառվում են անասնաբուժասան. և բժշկասան. համալիր միջոցառումներ:
ՍԻԿՈԶ սովորական, տես Թզախտ:
ՍԻՄԲԻՈԶ, տես Համակեցություն:
ՍԻՄՊԱԹԻԿ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, տես Վեգետատիվ նյարդային համակարգ հոդվածում:
ՍԻՆԱՊՍ, նյարդային և նյարդային ու այլ (մկանային, գեղձային ևն) բջիջների միջև ֆունկցիոնալ կապն ապահովող կառուցվածքային գոյացություն: Նյարդաբջջի (նեյրոն) հիմն. ֆունկցիան նյարդավերջույթներից ազդակների ձևով եկող ինֆորմացիայի ընդունումն է, վերամշակումը և պատասխան ազդանշանների ձևավորումն ու հաղորդումը այլ նյարդաբջիջների կամ գործադիր օրգաններին (մկաններ, գեղձային բջիջներ): 1 նյարդաբջիջն ընդունակ է առաջացնել մինչև 10.000 և ավելի Ս.: Կենտր. նյարդային համակարգում տարբերում են՝ առանցք-մարմնային (աքսո-սոմատիկ), առանցք-դենդրիտային (աքսոդենդրիտային) և առանցք-առանցքային (աքսո-աքսոնային) միջնեյրոնային Ս-ներ: Մկանային բջիջների հետ շարժող. նյարդաթելի հպման շրջանը կոչվում է մկանանյարդային Ս., իսկ գեղձային բջջի հետ նյարդաթելի հպման շրջանը՝ նյարդաէպիթելային Ս.: Ս. կազմված է նախասինապսային և հետսինապսային թաղանթներից ու դրանց միջև եղած սինապսային ճեղքից: Նախասինապսային շրջանում մշտապես սինթեզվում են ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ միջնորդանյութեր՝ լցված Ս-ային բշտիկներում: Նեյրոնի դրդումից նրանում առաջանում են ազդակներ, որոնք, տարածվելով նյարդաթելերով, հասնում են նախասինապսային շրջան, առաջացնում նախասինապսային