Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերածվում է զարկերակայինի: Զարկերակային արյունը թոքերից (4 թոքային երակներով) արտահոսում է դեպի ձախ նախասիրտը:

Արյան մեծ շրջանառությունն սկսվում է ամենախոշոր զարկերակով՝ աորտայով, որը ճյուղավորվում է մեծ թվով միջին մեծության զարկերակների, վերջիններս՝ հազարավոր մանր զարկերակիկների, որոնք իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ մազանոթների՝ մարմնի բոլոր օրգաններում, հյուսվածքներում, խոռոչների պատերում, գլխում և վերջույթներում: Մազանոթների պատն ունի բարձր թափանցելիություն, որի շնորհիվ տեղի է ունենում նյութերի փոխանակություն արյան և հյուսվածքների միջև, սննդարար նյութերն ու թթվածինը մազանոթների պատի միջով անցնում են հյուսվածքային հեղուկի, այնուհետև՝ բջիջների մեջ: Վերջիններն իրենց հերթին հյուսվածքային հեղուկին են հանձնում ածխաթթու գազը և փոխանակության այլ արգասիքներ: Այս բոլորի հետևանքով արյան մեջ փոքրանում է թթվածնի և մեծանում ածխաթթու գազի պարունակությունը: Այդ երակային արյունն արտահոսում է սկզբում մանր երակներով, ապա՝ բոլոր խոշորներով և ամենախոշոր 2 երակներով՝ վերին և ստորին սիներակներով, թափվում աջ նախասիրտը: Այսպիսով, միայն փոքր (թոքային) շրջանով անցնելով է արյունը մտնում մեծ շրջանառություն և այդպես անընդհատ շարժվում փակ արյունատար համակարգով: Արյան 1 լրիվ շրջապտույտը՝ մեծ և փոքր շրջանառություններով, բնականոն պայմաններում տևում է 20-25 վրկ, փոքր շրջանառությունով արյան շրջապտույտը՝ 7-11 վրկ:

Խոշոր իրադարձություն էր բժշկագիտության մեջ արյան շրջանառության հայտնագործումը (անգլ. բժիշկ Վ. Հարվեյ, 1628): Նա 1-ինը բացահայտեց, որ սիրտն արյունը մղում է անոթների մեջ, որտեղից այն «ուղարկվում է» ամբողջ մարմնին, թափանցում երակներ և հյուսվածքների ծակոտիներ, ապա երակներով վերադառնում է աջ նախասիրտ: Ս.հ-ի կազմության մասին ժամանակակից պատկերացումների ձևավորմանը նպաստել է նաև մազանոթների հայտնագործումը (իտալ. գիտնական Մ. Մալպիգի, 1661):

Զարկերակներն արյունը սրտից տանում են դեպի հյուսվածքներն ու օրգանները: Զարկերակային համակարգն ընդգրկում է թոքային զարկերակը, աորտան և նրա ճյուղավորումները:

Երակներն ունեն նույն կազմությունը, ինչ զարկերակները, բայց նրանց պատերն ավելի բարակ են և հեշտությամբ ձգվում են: Երակները մարմնի բոլոր հյուսվածքներից ու օրգաններից արյուն են բերում դեպի սիրտը: Դրանք սկիզբ են առնում մազանոթներից՝ նուրբ ճյուղերով, որոնք, աստիճանաբար իրար միանալով, առաջացնում են մեծ երակներ: Երակները լինում են մակերեսային, որոնք գտնվում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, և խորանիստ՝ ուղեկցում են զարկերակներին: Երակներում արյան ճնշումն աննշան է (խոշորներում՝ նույնիսկ մթն. ճնշումից ցածր): Երակներում կան գրպանաձև փականներ, որոնք խոչընդոտում են արյան հետհոսքը:

Սիրտը սնամեջ մկանային օրգան է, ունի տափակ կոնի ձև (նկ. 3-6): Գտնվում է կրծքավանդակում, կրծոսկրի հետևում՝ աջ և ձախ թոքերի միջև: Սրտի մոտավորապես 2/3-ը գտնվում է ձախ կողմում, 1/3-ը՝ աջում: Սրտի չափերը համապատասխանում են մարդու բռունցքի մեծությանը: Հասուն տղամարդու սրտի քաշը միջինը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ: Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 ր-ում մղում է մոտ 5,5 լ արյուն: Ֆիզ. մեծ բեռնվածության դեպքում 1 ր-ում կարող է մղել մինչև 30 լ արյուն: Սրտի լայն հիմն ուղղված է վեր և հետ, իսկ սեղմված մասը՝ գագաթը, ցած, ձախ և առաջ: Սիրտն ունի 3 մակերես, առջևի՝ կրծոսկրային, ստորին՝ ստոծանիական, և հետին՝ թոքային՝ ուղղված դեպի թոքերը, կերակրափողը և աորտայի վայրէջ հատվածը:

Սրտի պատերը կազմված են 3 շերտից, ներքինը՝ ներսրտենին (էնդոկարդ), պատում է սրտի խոռոչները ներսից, իսկ նրա կրկնաշերտերն առաջացնում են փականներ: Միջին շերտը՝ սրտամկանը (միոկարդ), կազմված է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Սրտամկանն ակամա է կծկվում: Սրտամկանում տարբերում են 2 բաժին. նախասրտերի ավելի քիչ արտահայտված և փորոքների՝ հատկապես ձախի, ուժեղ զարգացած մկանային շերտեր: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջանառություն: Արտաքին շերտը՝ շճապատյանը (էպիկարդ), ծածկում է սրտի արտաքին մակերեսը և աորտայի, թոքային ցողունի ու սիներակների մոտակա հատվածները: Այն առաջացել է էպիթելային տիպի բջիջներից և սիրտը շրջապատող պարկաձև գոյացության՝ սրտապարկի (պերիկարդ) ներքին թերթիկն է: Սրտապարկն ունի նաև արտաքին թերթիկ: Նշված 2 թերթիկների միջև գտնվում է ճեղքանման խոռոչ, որը պարունակում է 15-20 մլ շճային հեղուկ: Այն սրտի կծկումների ժամանակ նպաստում է թերթիկների միջև շփումների փոքրացմանը:

Մարդու սիրտը երկայնական միջնապատով բաժանված է միմյանց հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի, որոնց վերին մասերում գտնվում են աջ և ձախ նախասրտերը, իսկ ստորինում՝ աջ և ձախ փորոքները: Աջ կեսով հոսում է երակային, ձախով՝ զարկերակային արյուն: Այսպիսով, մարդու սիրտը քառախորշ է՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Յուրաքանչյուր նախասիրտ համապատասխան փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ-փորոքային բացվածքի միջոցով: Նախասրտերն ունեն ականջիկներ: Փորոքների ներքին մակերևույթն ունի պտկաձև մկաններ, որոնք միոկարդի ելունդներն