Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են: Աջ Նախասրտի մեջ են բացվում վերին և ստորին սիներակները, որոնք մարմնի բոլոր մասերից հավաքում են երակային արյունը, իսկ ձախ նախասիրտ՝ թոքային 4 երակները, որոնք թոքերից բերում են զարկերակային արյուն: Աջ փորոքից դուրս է գալիս թոքային ցողունը, որով երակային արյունը գնում է դեպի թոքերը, իսկ ձախից՝ աորտան, որը զարկերակային արյունը տանում է դեպի մարմնի բոլոր մասերը:

Նախասիրտ-փորոքային բացվածքները փակվում են փեղկավոր փականներով: Ձախ նախասրտի և փորոքի միջև է գտնվում երկփեղկ կամ միտրալ փականը, իսկ աջում՝ եռափեղկը: Փականների ծայրերը ջլային թելիկներով միացած են պտկաձև մկաններին: Դա թույլ չի տալիս, որ փականները շրջվեն նախասրտերի կողմը, և արյան հետհոսք տեղի ունենա փորոքներից դեպի նախասրտեր: Թոքային ցողունի և աորտայի բացվածքի մոտ կան կիսալուսնաձև փականներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 3 գրպանիկ, որոնք արյան հոսքի ուղղությամբ բացվում են այդ անոթների մեջ: Սրտի փորոքներում ճնշման փոքրացման ժամանակ այդ գրպանիկները լցվում են արյունով, նրանց եզրերը միանում են՝ փակելով աորտայի և թոքային ցողունի լուսանցքները, և խոչընդոտում արյան հետհոսքը դեպի սիրտ: Երբեմն որոշ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիզմ, աթերոսկլերոզ ևն) հետևանքով վնասված փականներն ամուր չեն փակվում, որի հետևանքով խանգարվում է սրտի աշխատանքը, և առաջանում են սրտի արատներ:

Տարբերում են սրտի հաղորդիչ, անոթային և նյարդային համակարգեր: Փորոքների և նախասրտերի կծկումների ճիշտ հաջորդականությունն ապահովում է սրտի հաղորդիչ համակարգը: Այն կազմված է հատուկ կառուցվածքի մկանաթելիկներից, որոնք նախասրտերի և փորոքների սրտամկանում առաջացնում են հանգույցներ ու խրձեր: Այդ համակարգը կարևոր նշանակություն ունի սրտի ռիթմիկ աշխատանքի կարգավորման, ինչպես նաև նախասրտերի ու փորոքների կծկումները համաձայնեցնելու համար: Նշված համակարգի շնորհիվ դրդումը ծոցականջիկային (սինուսային) հանգույցից հաղորդվում է սրտի բոլոր մկանային բջիջներին: Ծոցային հանգույցը կազմված է հատուկ հյուսվածքից և գտնվում է աջ նախասրտի պատի մեջ՝ վերին սիներակի և աջ ականջիկի միջև: Այդտեղ առաջացող դրդումը 3 հաղորդիչ խրձերով հաղորդվում է նախասրտերին և աջ նախասրտի ու փորոքների միջև գտնվող նախասիրտ-փորոքային հանգույցին: Այդտեղից սկսվում է Հիսի խուրձը, որը, անցնելով միջփորոքային միջնապատով, ճյուղավորվում է աջ ու ձախ ոտիկների, որոնք դրդումը հաղորդում են աջ ու ձախ փորոքներին: Ոտիկների ծայրային ճյուղավորումները կապված են հատուկ բջիջների լայն ցանցի հետ, որտեղից դրդումն անմիջապես հաղորդվում է կծկվող բջիջներին: Սրտի անոթային համակարգը կազմված է 2 պսակաձև զարկերակներից և դրանց ուղեկցող երակներից: Նյութափոխանակային ակտիվ գործընթացների հետևանքով սրտի մազանոթային ցանցը շատ մեծ է. յուրաքանչյուր մկանաթելիկին ընկնում է 1 մազանոթ: Նյարդային