որը լայնորեն կիրառվում է սրտաբան. ախտորոշման համար: Այն օգտագործվում է բնակչության դիսպանսերային հետազոտության, կանխարգելիք բժշկ. զննումնրի, ֆիզ. ծանրաբեռնվածությամբ փորձանմուշների որոշման դեպքում: Այդ հետազոտությամբ կարելի է շեղումներ հայտնաբերել սրտամկանի աշխատանքի ռեժիմում, որը կարևոր նշանակություն ունի սրտի իշեմիկ հիվանդության բացահայտման համար:
Սրտի և անոթների լսումն ախտորոշման կարևոր և առավել արժեքավոր մեթոդներից է, որի օգնությամբ գնահատվում են սրտի փականների վիճակը (արատների բացահայտում) և խոշոր զարկերակային (հազվադեպ՝ երակային) անոթների անցանելիությունը: Սրտի դիրքի և չափերի մասին տեղեկություններ ստացվում են ընդբախման (պերկուսիա) մեթոդով, որը հիմնված է սրտի և թոքերի շրջանում կատարված բախումներից առաջացած ձայների տարբերության վրա: Սրտի հիվանդությունների (օրինակ՝ արատների) ժամանակ տեղի է ունենում նրա սահմանների տեղաշարժ՝ խոռոչների մեծացմանը համապատասխան:
Սրտի և խոշոր անոթների ռենտգենաբանական հետազոտությունը սրտաբան. ախտորոշման կարևոր ու պարտադիր մեթոդ է և լայնորեն կիրառվում է բնակչության, հատկապես երեխաների ու երիտասարդության դիսպանսերային հետազոտության ժամանակ: Հատուկ նպատակով (հիմնականում սրտի կամ անոթների վիրահատության անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծման համար) կատարվում է ռենտգենաբան. հետազոտություն, որի համար սրտի խոռոչներ կամ անոթի լուսանցք է ներարկվում հատուկ նյութ (ռենտգենահակադրական), օրինակ՝ երեխաների մոտ բնածին ներսրտային արատների հայտնաբերման համար: Սրտի և անոթների հատուկ հետազոտությունները (օրինակ՝ սրտի անդրաձայնային հետազոտություն՝ էխոսրտագրություն), խոռոչների ձողարկում (զոնդարկում) կատարվում է խիստ արդիական տեխնիկայի (ռադիոէլեկտրոնիկա, հեռուստամեխանիկա ևն) օգնությամբ՝ մասնագիտացված հիվանդանոցներում և սրտաբան. կենտրոններում: Որոշ լաբորատոր մեթոդներ կարևոր են սրտամկանի սուր վնասումների հայտնաբերման (օրինակ՝ ինֆարկտի դեպքում արյան ֆերմենտների պարունակության որոշման) համար:
Սիրտանոթային համակարգի հիվանդությունները բազմաթիվ են: Դրանց մի մասն առավելապես սրտի (ռևմատիզմ, սրտամկանի բորբոքում ևն), մյուսները՝ զարկերակների (աթերոսկլերոզ) կամ երակների (երակաբորբ ևն) հիվանդություններ են, 3-րդներն ախտահարում են Ս.հ. ամբողջությամբ (հիպերտոնիկ հիվանդություն): Ս.հ-ի հիվանդությունները կարող են պայմանավորված լինել զարգացման բնածին արատով, վնասվածքով, բորբոքային գործընթացով, թունավորումով, անոթների (երբեմն՝ սրտի) գործունեությունը կարգավորող մեխանիզմների խանգարումով, նյութափոխանակության ախտաբան. փոփոխությունով և մի շարք այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներով, որոնք լիովին բացահայտված չեն: Իրենց դրսևորումներով, հիմն. բարդություններով ու հետևանքներով Ս.հ-ի հիվանդությունները շատ նման են միմյանց: Դա հնարավորություն է տալիս համառոտ տվյալներ շարադրել առավել տարածված հիվանդությունների մասին, որպեսզի հիվանդին տրվեն նվազագույն տեղեկություններ, որոնք կօգնեն ճիշտ և խելամտորեն ընկալել բժշկի խորհուրդներն ու հանձնարարականները, և, ամենակարևորը, խուսափել առողջության համար վտանգավոր սխալներից:
Երեխաների սրտի և խոշոր անոթների բնածին արատները հայտնաբերվում են դեռևս կրծքի տարիքում՝ հիմնականում սրտում լսվող աղմուկով, մաշկի կապտությամբ: Սակայն կան բնածին արատներ, որոնք չեն առաջացնում մաշկի կապտություն կամ աղմուկ սրտում: Այդպիսի արատները հայտնաբերում են մասնագետները, բայց ծնողները պետք է իմանան, որ համառ բրոնխաբորբով և կրկնվող թոքաբորբով տառապող երեխաների մոտ որոշ դեպքերում հայտնաբերվում է գաղտնի ընթացող սրտի բնածին արատ:
Ժամանակակից բժշկությունը սրտի և անոթների բնածին արատների հայտնաբերման և վիրահատման միջոցով բուժման մեծ հաջողություն ունի: Բայց վիրահատությունն արդյունավետ կլինի, եթե կատարվի ժամանակին, արատի այն փուլում, երբ այն չի հանգեցրել անդարձելի փոփոխությունների ներքին օրգաններում՝ հատկապես թոքային արյունատար անոթներում: Եթե բժիշկը խորհուրդ է տալիս երեխային հետազոտել մասնագիտացված սրտային վիրաբուժության հիվանդանոցում, ապա չպետք է խուսափել հոսպիտալացումից կամ հետաձգել այն: Սրտի արատով առաջնեկ ծնվելիս ծնողները չպետք է հրաժարվեն նորից երեխա ունենալուց, քանի դեռ բժշկի հետ չեն համաձայնեցրել (մասնավորապես բժշկագենետիկական խորհրդատվությունում):
Կան Ս.հ-ի հիվանդություններ, որոնց հիմքում ընկած է բորբոքային գործընթացը: Հազվադեպ այդ բորբոքումը լինում է բակտերիային բնույթի: Դա նշանակում է, որ սրտի փականների ներքին թաղանթի կամ սրտի արտաքին թաղանթների (այսինքն՝ սրտապարկի խոռոչում) վրա բազմանում են բակտերիաներ և առաջացնում սրտի այդ բաժինների թարախային բորբոքում, համապատասխանաբար՝ ներսրտենու բորբոքում և սրտապարկի բորբոքում: Նշված հիվանդությունները կարող են բուժվել բակտերիաների աճը կասեցնող դեղանյութերով:
Հանդիպում են սրտամկանի ոչ բակտերիաթարախային բնույթի բորբոքային գործընթացներ: Դրանք իմունիտետի համակարգի որոշ օղակների ֆունկցիաների խանգարման հետևանք և դրսևորում են: Բայց դրանց պատճառը հաճախ բակտերիային (օրինակ՝ անգինա) կամ վիրուսային (օրինակ՝ գրիպ) հիվանդություններն են, որոնք անմիջապես սրտին չեն վերաբերում: Իմունիտետի համակարգում փոփոխված, այդ թվում ալերգ. հակազդեցությունների առաջացման մեխանիզմը շատ բարդ է: Դրանց հիմքի վրա առաջանում են ռևմատիզմ, սրտամկանի բորբոքում, ներսրտենու բորբոքման որոշ ձևեր և Ս.հ-ի ավելի հազվադեպ հանդիպող հիվանդություններ:
Երբեմն այլ օրգանների բորբոքման ժամանակ սրտամկանը կարող է ախտահարվել տոքսիններով, որոնք թափանցում են արյան հոսք և տարվում դեպի սիրտ: Այս կերպ են սրտամկանի վրա ազդում ներզատիչ համակարգի գեղձերի կողմից արտադրվող որոշ հորմոնների քանակի տատանումները (օրինակ՝ վահանագեղձի հիվանդությունների, կլիմաքսի ախտաբան. ընթացքի ժամանակ): Սրտամկանի ծանր ախտահարումներ է առաջացնում ալկոհոլը, որոշ անձանց մոտ դրանք ի հայտ են գալիս սպիրտային խմիչքների նույնիսկ չափավոր օգտագործումից (տես Ալկոհոլամոլություն): Նշված թունավոր ներգործությունների արդյունք է սրտամկանի սնուցման խանգարումը, որն առանձնանում է նրանով, որ ալկոհոլից հրաժարվելու կամ տոքսինների աղբյուրը (օրինակ՝ թոքաբորբը) վերացնելու և ինքնաթունավորումը դադարեցնելու շնորհիվ սրտամկանի սնուցման խանգարումն աստիճանաբար վերանում է և, որպես կանոն, հիվանդն առողջանում է:
Անոթների (հատկապես՝ գլխավոր) վնասումը վնասվածքների կամ վիրավորումների (տես Վերքեր) դեպքում ուղեկցվում է