Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձնացած, հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Սեռ. բազմացումն իրականանում է արական ու իգական սեռ. բջիջների միաձուլման հետևանքով առաջացած սպորներով և տարբեր կարգաբան. խմբերում կատարվում է տարբեր եղանակներով: Ըստ սնուցման ձևի՝ տարբերում են սապրոտրոֆ, մակաբույծ և սիմբիոտրոֆ Ս.:

Շատ Ս-ի հետաքրքիր առանձնահատկություններից է աճումն ու զարգացումը միայն այլ բույսերի արմատների հետ համակեցությամբ: Օրինակ՝ սպիտակ սունկը, կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, շեկլիկը և այլ գլխարկավոր Ս. աճում են միայն սաղարթավոր և փշատերև ծառերի (կաղնի, սոճի, կեչի ևն) արմատների հետ համակեցությամբ: Որոշ պարկավոր Ս. բնության մեջ ընդհանրապես առանձին չեն հանդիպում և ապրում են միայն ջրիմուռների հետ համակեցությամբ՝ առաջացնելով համալիր օրգանիզմներ՝ քարաքոսներ:

Ս-ի մեծամասնության սնկամարմինը սովորաբար զարգանում է մի քանի օրվա ընթացքում և սպոր առաջացնելուց հետո մահանում է (կան նաև բազմամյա սնկամարմին ունեցողներ): Ս. օդակյաց են, աճման լավագույն պայմաններն են 20-25°C: Ս-ի մեծամասնության համար նախընտրելի են թթու հիմնանյութերը (սուբստրատներ): Ս. էկոհամակարգերի կարևոր ֆունկցիոնալ օղակներից են և մեծ դեր ունեն բնության մեջ՝ օրգ. մնացորդների քայքայման ու հողառաջացման գործընթացներում:

«Սնկեր» տերմինը գործածվում է կենսաբանության մեջ, բժշկության մեջ որևէ հիվանդություն առաջացնող Ս-ին անվանում են սնկիկներ (տես Սնկիկներ մանրադիտակային, Մաշկի սնկիկային հիվանդություններ):

Բույսերի մակաբույծ Ս. թունավորումներ են առաջացնում այդ բույսերից պատրաստված սննդամթերքն օգտագործելիս: Խմորասնկերն օգտագործվում են սպիրտի, գարեջրի, հացի արտադրություններում: Ս. օգտագործվում են նաև մանրէաբան. արդյունաբերությունում: Ս. հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների և գործն. բժշկությունում, ինչպես նաև մանածագործ., կաշվի, գինեգործ. և արդ-յան մյուս ճյուղերում կիրառվող մի շարք այլ նյութերի ստացման աղբյուր են: Որոշ Ս. մարդու, կենդանիների և բույսերի հիվանդությունների (գոնջ, տրիխոֆիտիա, մաշկի սնկիկային հիվանդություններ) հարուցիչներ են: Բազմաթիվ բորբոսասնկեր փչացնում են սննդամթերքը, արդ. նյութերը ևն:

Ս. որպես սննդամթերք: Ս-հ սննդարար արժեքը պայմանավորված է դրանց ինքնատիպ քիմ. բաղադրությամբ (աղ.): Պարունակում են բուս. և կենդ. մթերքներին բնորոշ հատկությամբ նյութեր: Մասնավորապես ածխաջրերի հիմն. մասը պարունակվում է (կենդ. լյարդում կուտակված) գլիկոգենի՝ կենդ. օսլայի ձևով: Ս-ի պտղամարմիններում շատ են սպիտակուցները, դրանք առավել շատ պարունակվում են գետնասնկում (9 %) և սպիտակ սնկում (5,5 %), ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում (համապատասխանաբար՝ 5,0 և 4,6 %): Ս-ի սննդարար արժեքը պայմանավորված է ոչ միայն սպիտակուցներով, ճարպերով ու ածխաջրերով, այլև կենսաբանորեն կարևոր այլ նյութերով: Մզվածքային նյութերը (ազատ ամինաթթուներ, ֆունդին ևն) ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են: Շատ տներում աճեցնում են թեյի սունկ, որից ստացված թթվահամ և թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը: Սակայն այդ ըմպելիքը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում: Թեյի սունկն անվանում են նաև ճապոն., հնդկ. ևն:

Բարձրակարգ Ս. սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են: Բացի այդ, ուտելի Ս. արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ: Դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում: Սակայն որոշ մարդիկ պետք է զերծ մնան Ս. օգտագործելուց, քանի որ Ս-ի բջջաթաղանթում մեծ քանակությամբ պարունակվող թաղանթանյութը մարսող. հյութի ազդեցությանը դժվար է եթարկվում և նվազեցնում է սննդանյութերի յուրացումը: Բացի այդ, մզվածքային նյութերի, ինչպես նաև պուրինային հիմքերի բարձր պարունակությունը սահմանափակում է ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, երիկամների կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով առաջացած հիվանդությունների (օրինակ՝ պոդագրայի) ժամանակ Ս-ի գործածման հնարավորությունը:

ՀՀ-ում տարածված ուտելի Ս-ից սննդում քիչ տեսակներ են օգտագործվում, որը բացատրվում է հիմնականում ժող. սովորույթներով: Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են Ս-ի խիստ որոշակի տեսակներ:

Տարբերում են վայրի աճող Ս-ի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ ևն), թիթեղավոր (աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինիոն, կաթնասունկ ևն), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): Սննդարժողությամբ տարբերում են Ս-ի 4 խումբ: 1-ինում ամենաարժեքավոր տեսակներն են՝ սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինիոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդը միավորում է քիչ արժեքավոր Ս.՝ կծվասունկը, ճռճռուկը, գոմաղբասունկը ևն:

Խողովակավոր Ս.: Սպիտակ սունկը (թրթնջուկ) աճում է փշատերև և սաղարթավոր անտառներում՝ հուլիսի կեսից հոկտեմբերի կեսը: Երիտասարդ Ս-ի գլխարկը համարյա սպիտակ է, կիսակլոր, հասունանալիս տափակում և մգանում է մինչև դարչնագույն, մուգ շագանակագույն կամ դեղնագորշ: Գլխարկի ստորին կողմը սպունգանման է, երիտասարդներինը՝ սպիտակ, այնուհետև՝ դեղնականաչ: Սնկի ոտիկը ամուր է՝ ծածկված սպիտակ ջղերի ցանցով: Պտղամարմինը կտրելիս պահպանում է սպիտակ գույնը:

Կաղամախասունկն աճում է հիմնականում կաղամախու անտառներում, ամառվա կեսից-սեպտեմբերի վերջը: Գլխարկը մսոտ է, սկզբում՝ գնդաձև, այնուհետև՝ բարձիկանման, դեղնակարմիր, դարչնակարմիր, նարնջակարմիր: Գլխարկի ստորին կողմը սկզբում սպիտակ է, այնուհետև՝ մոխրագույն: Ոտիկն ուղիղ է ու երկար, հիմքում՝ հաստացած, սպիտակ է՝ մուգ կամ դարչնագույն թեփուկներով: Պտղամարմինը կտրելիս սկզբում կապտում է, ապա դառնում սևամանուշակագույն:

Կեչասունկն աճում է կեչու անտառներում, հունիսի վերջից-ուշ աշուն: Երիտասարդ Ս-ի գլխարկը սկզբում գնդաձև է, այնուհետև տափակում է: Հասունացումով ու աճման տեղով պայմանավորված՝ գունավորումը սպիտակադարչնագույնից մուգ շագանակագույն է: Գլխարկի ստորին կողմը մոխրագույն է՝ ժանգագույն բծերով, մանր խողովակներով: Ոտիկը բարակ է՝ դեպի ներքև քիչ հաստացած, պատված մուգ թելանման թեփուկներով: Պտղամարմինը սպիտակ է, հասունանալիս՝ փխրուն, կտրելիս գույնը չի փոխում:

Յուղասունկը հանդիպում է (ընտանիքներով) ամռանը և աշնանը՝ սոճու անտառներում, ճանապարհներին, բացատներում ևն: Գլխարկը կիսակլոր է, խոնավ եղանակներին՝ լորձնապատ, կարմրադարչնագույն: Երիտասարդ Ս-ի գլխարկի ստորին դեղնավուն մակերևույթը պատված է սպիտակ թաղանթով, որը, հասուն