Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս-ի մոտ պոկվելով, օղակի ձևով մնում է ոտիկի վրա: Ոտիկը կարճ է, պտղամարմինը՝ նուրբ, դեղնասպիտակ:

Մամռասունկը (իծասունկ, խլասունկ) աճում է խառը, սաղարթավոր, փշատերև անտառներում: Գլխարկը կիսագնդաձև է, այնուհետև՝ ուռուցիկ, հարթ, վերին կողմը թավշանման է, մուգ կանաչ կամ գորշ դարչնագույն, ստորինը՝ մուգ դեղին: Պտղամարմինը դեղնավուն է, հասուններինը՝ սպիտակ, կտրելիս կապտում է:

Թիթեղավոր Ս.: Շեկլիկն աճում է հիմնականում եղևնու անտառներում՝ հուլիսից-հոկտեմբեր: Գլխարկը մսոտ է, հարթ, եզրերը՝ շրջված, երիտասարդներինը՝ ուռուցիկ, հասուններինը՝ թեթև ձագարանման, հարթ, ժանգակարմրավուն, սպիտակ ու կարմիր օղակներով: Գլխարկի ստորին կողմը դարչնագույն է: Ոտիկը կարճ է, գլխարկի գույնի, հասուններինը՝ սնամեջ: Պտղամարմինը կտրելիս նարնջակարմրավուն է:

Կաթնասնկերն ընտանիքներով աճում են սաղարթավոր անտառներում: Գլխարկը սպիտակ է, երբեմն՝ կանաչասպիտակ, երիտասարդներինը՝ հարթ ուռուցիկ, հետագայում՝ ձագարանման: Ոտիկը սպիտակ է, հաստ, կարճ, սնամեջ: Պտղամարմինը սպիտակ է, դյուրաբեկ, արտադրում է սպիտակ կաթնանման, կծու հյութ:

Դեղին կաթնասունկն աճում է փշատերև և խառը անտառներում՝ ամառվա կեսից-աշուն: Գլխարկը կենտրոնում գոգավոր է, դեղնավուն, թավշե, եզրերը՝ ներս շրջված: Թիթեղները սպիտակ են: Ոտիկը հաստ է, կարճ, սնամեջ: Պտղամարմինը սպիտակ է, հյութալի:

Կոճղասունկ իսկական (աշնանային), աճում է խմբերով (օգոստոսից մինչև ցրտահարությունները)՝ ծառերի կոճղերին ու արմատների վրա: Գլխարկը սկզբում կլոր է, այնուհետև՝ փռված՝ պղնձագույն, մանր դարչնագույն թեփուկներով: Թիթեղները սկզբում՝ բաց, այնուհետև գորշ են: Ոտիկը բարակ է, երկար, սնամեջ, պտղամարմինը՝ բաց գորշավուն:

Աղվեսասնկերը սովորաբար աճում են խմբերով, հուլիսի կեսից-հոկտեմբեր: Երիտասարդ Ս-ի գլխարկն ուռուցիկ է, այնուհետև հարթվում է և դառնում ձագարանման՝ ալիքավոր եզրերով, ձվի դեղնուցի գույնի: Թիթեղներն իջնում են կարճ ամուր ոտիկի վրա: Պտղամարմինը բաց դեղնավուն է, հաճելի հոտով:

Ալիքասունկն աճում է խառն անտառներում՝ հուլիսից-ուշ աշուն: Գլխարկը վարդակարմիր է, խավոտ, կենտրոնում՝ գոգավոր: Թիթեղները սպիտակավուն են, ոտիկը՝ սնամեջ: Պտղամարմինը սպիտակ է, արտադրում է կծու, դառը հյութ:

Սպիտակ ալիքասունկն աճում է ցածրադիր տեղերում, ամռան կեսից-ուշ աշուն: Երիտասարդ Ս-ի գլխարկն ուռուցիկ է, այնուհետև՝ գոգավոր, ձագարանման: Գլխարկը սկզբում սպիտակ է, այնուհետև՝ մոխրագույն կամ դեղնավուն: Ոտիկը կարճ է ու հարթ: Պտղամարմինը սպիտակ է, արտադրում է կծու, սպիտակ հյութ:

Ցլասունկն աճում է հուլիսից-հոկտեմբեր: Երիտասարդ Ս-ի գլխարկը համարյա գնդաձև է, այնուհետև դառնում է փռված, շատ լորձոտ է, գորշ դեղնավուն: Թիթեղները սպիտակ են: Ոտիկը ամուր է, սպիտակ: Պտղամարմինը կոպիտ է, խիստ հոտով:

Պարկավոր Ս.: Մորխը (կոնաձև) աճում է վաղ գարնանը՝ անտառեզրերին, բացատներում, հատած անտառներում, ձիթագորշ կամ դարչնագույն է: Գլխարկը կոնաձև ցանցավոր է, ոտիկը՝ գլանաձև՝ երկարավուն անկանոն ակոսիկներով:

Գետնասունկը (սպիտակ) աճում է հողի տակ, այնուհետև դուրս է գալիս մակերևույթ: Ձևով ու մեծությամբ նման է կարտոֆիլին: Պտղամարմինն ամուր է, սպիտակ, այնուհետև՝ մոխրագույն, ուժեղ հոտով:

Ս-ով թունավորումները: Թունավոր են անվանում թունավոր նյութեր պարունակող և մարդու մոտ թունավորումներ առաջացնող Ս.: Սակայն դրանց մեջ կան պայման. ուտելի Ս., որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից վերանում են:

Մասնավորապես գարնանային մորխերը պարունակում են մահացու թունավորումներ առաջացնող հելվելաթթու: Սակայն դրանք 15-20 ր եռացնելիս թունավոր տարրերն անցնում են եփուկ (եփուկը թափել), և սունկը վնասազերծվում է: Այնուհետև Ս. պետք է լավ լվանալ ջրով: Ոլորքագլուխները, բացի հելվելաթթվից, պարունակում են նաև այլ՝ եռջրում չլուծվող և ջերմամշակումից չվնասազերծվող թունավոր նյութեր: Մորխերը չորացնելիս (ստվերում, լավ օդափոխվող շինությունում կամ արևի տակ, 3-4 շաբաթում) դրանցում պարունակվող հելվելաթթուն և մյուս թունավոր նյութերը քայքայվում են: Ս-ի այլ տեսակներ (կաթնասնկեր), որոնք արտադրում են կծու հյութեր, սննդում կարելի է օգտագործել աղ կամ թթու (մարինադ) դրած, քանի որ այդպիսի մշակումից նշված նյութերը քայքայվում են: Սակայն ցանկալի է խուսափել պայման. ուտելի Ս. հավաքելուց ու օգտագործելուց:

Տարբերում են նաև ոչ ուտելի Ս.: Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որը պահպանվում է նույնիսկ երկարատև մշակումից հետո: Ուստի այս Ս. սննդում պիտանի չեն:

Ս-ի շատ տեսակներ բացարձակ թունավոր են, և թունավոր հատկությունները չեն վերանում անկախ մշակման եղանակից:

Կենցաղում Ս-ի «թունավորությունը» որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (սպիտակ կամ կաթնանման հյութ, կտրելիս երկնագույն գունավորում, կծու կամ տհաճ համ, արծաթե գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը Ս-ի եփուկում ևն) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի ու թունավոր Ս-ի հատկությունները ճիշտ իմանալն է: Գերադասելի է անծանոթ Ս. չհավաքել:

Բացարձակ թունավոր են դժգույն գարշասունկը, գարշահոտ, կարմիր և հովազային ճանճասպանները, կեղծ ծծմբային կոճղասունկը և դևասունկը:

Դժգույն գարշասունկը սպիտակ է, աճում է սաղարթավոր անտառներում: Երիտասարդ սնկի գլխարկը զանգականման է, այնուհետև՝ հարթ: Թիթեղները սպիտակ են: Ոտիկը ներքևում հաստացած է, վերևում՝ օղակով: Գլխարկը երբեմն կանաչավուն է կամ դեղնավուն: Գարշասունկը նման է շամպինիոնին և որոշ խոնավասնկերի: Սնկի նույնիսկ կեսը կամ 1/3-ն ուտելիս թունավորում է առաջանում (շատ զգայուն են երեխաները):

Կարմիր ճանճասպանի (երիտասարդ Ս-ի) գլխարկը գնդաձև է, այնուհետև դառնում է ուռուցիկ, հարթ: Մուգ կարմիր է կամ նարնջագույն՝ սպիտակ բծերով: Թիթեղները սպիտակ են: Ոտիկը (հիմքում՝ թեփուկավոր) սպիտակ է, հասուններինը՝ սնամեջ, ունի սպիտակ օղակ: Պտղամարմինը սպիտակ է, երբեմն՝ դեղնավուն:

Մոխրագույն ճանճասպանի գլխարկը համարյա գնդաձև է, ավելի ուշ՝ ուռուցիկ, այնուհետև՝ օվալաձև փռված: Մոխրագույն է՝ սպիտակ բծերով: Ոտիկը սպիտակ է, հիմքում՝ հաստացած, վերևում ունի օղակ: Թիթեղները սպիտակ են:

Կեղծ ծծմբային կոճղասնկերն աճում են խմբերով՝ կեչու կոճղերի վրա: Նման են ուտելի Ս-ին, սակայն ավելի փոքր են ու չունեն ծածկոց: Գլխարկը գնդաձև հարթ է, մոխրադեղնավուն, կենտրոնում՝ կարմրավուն: Թիթեղները կանաչամոխրագույն են: Պտղամարմինն ունի կծու համ:

Դևասնկի գլխարկը բարձիկանման է, սպիտակ մոխրագույն կամ բաց դարչնավուն՝ կանաչավուն երանգով: Ոտիկը հիմքում շատ փքված է, դեպի վեր՝ կարմրավուն ցանցապատ: Խողովակները դեղնավուն են, ավարտվում են կարմիր անցքերով: Պտղամարմինը կարմիր է, կտրելիս սկզբում կարմրում է, այնուհետև դառնում բաց մանուշակագույն: