Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, գլիկոգեն, թրթնջկաթթու, կիտրոնաթթու և այլ օրգ. թթուներ, աղի բյուրեղներ, տարբեր գունակներ (ներկանյութեր) ևն: Ս. մ-ի վեգետատիվ մարմինը բաղկացած է տարբեր երկարության և հաստության թելիկներից կամ հիֆերից, որոնք, ճյուղավորվելով և միահյուսվելով, առաջացնում են սնկամարմին կամ միցելներ: Հիֆերը, տարածվելով իրենց սնող միջավայրի մակերևույթով, առաջացնում են օդային միցելներ: Սակայն թելիկների հիմն. զանգվածը, հիմնանյութ (սուբստրատ) ներթափանցելով և աճելով, առաջացնում է հիմնանյութային միցելներ, որոնց միջով ներծծվում են սննդանյութերը: Բարձրակարգ Ս. մ-ի մեծ մասի հիֆերը լայնակի միջնորմներով բաժանված են բջիջների, այսինքն՝ դրանց միցելները բազմաբջիջ են, հատվածավոր: Որոշ ստորակարգ Ս. մ-ի միցելների թելիկները միջնորմներ չունեն և իրենցից ներկայացնում են 1 խոշոր բջիջ: Խմորասնկերը (կամ շաքարասնկերը) միցելներ չեն առաջացնում, այլ բաղկացած են միայնակ՝ կլոր կամ ձվաձև բջիջներից, որոնց բողբոջումից առաջանում են կեղծ միցելներ: Խմորասնկանման մանրադիտակային սինկիկները, ի տարբերություն խմորասնկերի, առաջացնում են միցելներ:

Ս. մ. սովորաբար բազմանում են վեգետատիվ, անսեռ, հազվադեպ՝ սեռ. ճանապարհով: Վեգետատիվ բազմացման ժամանակ հատվածավոր միցելները բաժանվում են առանձին հատվածների՝ բջիջների, որոնցից յուրաքանչյուրը կարող է սկիզբ տալ նոր առանձնյակի: Անսեռ բազմացումը տեղի է ունենում հիֆի հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների) վրա՝ հատուկ գոյացություններում (սպորանգիումներում), անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Ս. մ-ի որոշ տեսակների սպորները միայնակ կամ շղթաների տեսքով առաջանում են հիֆերի ծայրերին: Խմորասնկերը բազմանում են բողբոջումով. մայր բջջից առաջանում են 1-3 դուստր բջիջներ: Որոշ պայմաններում խմորասնկերը բազմանում են նաև սեռ. ճանապարհով՝ ասկեր (սպորներով պայուսակ) առաջացնելով: Խմորասնկանման Ս. մ. պայուսակ չեն առաջացնում:

Սեռ. բազմացման ժամանակ միաձուլվում են 2 (արական և իգական) բջիջներ, որի հետևանքով առաջացնում են ասկոսպորներով պայուսակներ (ասկոմիցետներ) կամ բազիդիոսպորներով բազիդիաներ (բազիդիոմիցետներ):

Որոշ Ս. մ., զարգանալով հողում քայքայված մնացորդների վրա (սապրոֆիտներ), այնուհետև անցնելով բույսերի ու կենդանիների վրա, դառնում են մակաբույծներ: Մյուսները, հակառակը, բույսերի վրա մակաբուծելուց, իրենց կենսագործունեության հետևանքով դրանք քայքայելուց հետո շարունակում են ապրել անկենդան մնացորդների վրա որպես սապրոֆիտներ: Մակաբույծ Ս. մ-ի մեծ մասը սապրոֆիտներ են, և միայն քչերն են բացարձակ (օբլիգատ) մակաբույծներ: Շատ մակաբույծ սնկիկներ առաջացնում են բույսերի, ձկների, թռչունների և այլ կենդանիների ու մարդու տարբեր հիվանդություններ: Ս. մ-ի որոշ տեսակներ ունեն օգտակար հատկություններ և կիրառվում են արդ-յան ու բժշկության մեջ:

Մարդու, կենդանիների և բույսերի ախտաբանությունում առավել կարևոր ու ավելի գործն. արդ. նշանակություն ունեն մանրադիտակային սնկիկների 3 մեծ խմբերը՝ բորբոսասնկեր, խմորասնկեր (և խմորասնկանմաններ) և մաշկասնկիկներ՝ դերմատոֆիտներ (մաշկի, մազերի և եղունգների մակաբույծներ):

Բորբոսասնկերն արագ աճում են հին հացի, պանրի կտորների, բանջարեղենի, պտուղների, տարբեր բուս. մնացորդների, անասնակերի վրա, ինչպես նաև խոնավ, վատ օդափոխվող շինությունների պատերին: Դրանք ունեն կանաչ, դեղին, մոխրագույն, սև թավշե փառի տեսք, հողի յուրահատուկ հոտ: Օդի բարձր խոնավությունը և ջերմաստիճանը նպաստում են դրանց բազմացմանը (առաջացած բազմաթիվ սպորները տարածվում են քամու, միջատների ու կենդանիների միջոցով):

Առավել տարածված են ասպերգիլների և պենիցիլների ցեղի սնկիկների տարբեր տեսակները: Դրանք ապրում են հիմնականում հողում, բույսերի վրա, կան օդում, ինչպես նաև կենդանիների ու մարդու մաշկի և լորձաթաղանթների մշտ. բնակիչներ են:

Բորբոսասնկերը լայնորեն կիրառվում են սննդի և բժշկ. արդ-յան մեջ: Օրինակ՝ սննդամիջավայրում աճեցրած որոշ պենիցիլների մանրէախմբերն օգտագործում են «Ռոկֆոր» և «Կամամբեր» պանիրներ պատրաստելիս: Մշակված է սև ասպերգիլով շաքարի վրա ազդելով կիտրոնաթթու և թրթնջկաթթու ստանալու եղանակ: Արևելքի երկրներում մուկոր ցեղի մանրադիտակային բորբոսասնկերն օգտագործում են սպիրտի, օղու արտադրությունում:

1872-ին ռուս մաշկաբան Ա. Պոլոտեբնովն 1-ինը բորբոսը (պենիցիլ) հաջողությամբ կիրառել է թարախային խոցերի ու հետվիրահատ. չապաքինվող վերքերի բուժման ժամանակ, իսկ ռուս թերապևտ Վ. Մանասեինը բացահայտել է պենիցիլների բակտերիասպան ազդեցությունը: 1929-ին անգլ. բակտերիաբան Ա. Ֆլեմինգը նկատել է, որ ստաֆիլոկոկի մանրէախմբով լաբորատոր թասիկներից մեկում աճել է պենիցիլի կանաչ գաղութ, իսկ նրան մոտ եղած ստաֆիլոկոկերն անհետացել են: Բորբոսասնկից Ֆլեմինգի ստացած հակաբակտերիային նյութն անվանվել է պենիցիլին: Այն լայն կիրառություն է ստացել վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակ: Հետագայում ստացվել են տարբեր հակաբիոտիկներ, այդ թվում մոխրադեղին պենիցիլի մանրէախմբից՝ հակասնկիկային հակաբիոտիկ գրիզեոֆուլվին, որով բուժում են մաշկի, եղունգների և մազերի սնկիկային հիվանդությունները:

Որոշ բորբոսասնկեր առաջացնում են մշակաբույսերի, մրգերի, բանջարեղենի տարբեր հիվանդություններ, մյուսները վարակում են միջատներին (ճանճ, թիթեռ, մեղու ևն): Ասպերգիլները կարող են դառնալ վայրի ու ընտանի թռչունների (աղավնի, սագ, կարապ, հնդկահավ ևն) շնչափողի, օդապարկի, թոքերի ծանր հիվանդությունների (ասպերգիլոզ) և ոչնչացման պատճառ: Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ բորբոսասնկերն ախտահարում են ստամոքսաղիքային համակարգը, կովերի մոտ առաջացնում ծննդաբեր. ուղիների հիվանդություններ՝ հանգեցնելով վիժման: Մարդու մոտ առաջացնում են տարբեր օրգանների սնկիկային հիվանդություններ՝ միկոզներ: Օրինակ՝ ասպերգիլների որոշ տեսակներ (դեղին, ծխագույն, սև ևն) առաջացնում են մաշկի, լորձաթաղանթների, ներքին օրգանների ասպերգիլոզ սնկիկային հիվանդությունը: Հաճախ այն առաջանում է (հիմնականում հիվանդություններից թուլացած կամ տուբերկուլոզով, թոքերի քաղցկեղով և այլ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ) հարուցիչները բերանի խոռոչի լորձաթաղանթով, նշագեղձերով շնչուղիներ թափանցելիս: Ներքին օրգանների ասպերգիլոզ կարող է առաջանալ ոչ ճիշտ կամ շատ երկարատև հակաբիոտիկներ, հորմոնային պատրաստուկներ և այլ դեղանյութեր օգտագործելիս, որի հետևանքով խախտվում է մարդու մանրէային ֆլորայի (տես Մանրէային ֆլորա մարդու) բնականոն հարաբերակցությունը, օրգանիզմի իմունային վիճակը (տես Իմունիտետ): Երբեմն հիվանդություններն առաջանում են մասնագիտությունների հետ կապված՝ սնկիկների սպորներով վարակված փոշին շնչելիս (օրինակ՝ բորբոսնած ցորենի, ալյուրի բեռնման, տեսակավորման աշխատանքներ կատարողների, բուրդ գզողների, արդյունաբերությունում աշխատող բանվորների մոտ, որտեղ ասպերգիլների