մաքուր մանրէախումբն օգտագործվում է որոշ մթերքներ ստանալու համար):
Համեմատաբար հաճախ է հանդիպում արտաքին լսող. անցուղու մաշկի ախտահարում՝ բորբոսասնկերի սպորներ պարունակող չոփով կամ ծղոտով ականջը քորելու կամ ծծումբը հեռացնելու վատ սովորության հետևանքով: Այն բնորոշվում է բորբոքային երևույթներով, թեփոտումով, ուժեղ քորով և կարող է տարածվել թմբկաթաղանթ, հազվադեպ՝ միջին ու ներքին ականջ: Եղջերաթաղանթն ասպերգիլով վարակվում է աչքը սնկիկների սպորներով վարակված բույսով կամ ծղոտով վնասվելիս, որի հետևանքով առաջացած եղջերաթաղանթի խոցը կարող է քրոնիկ. ընթացք ունենալ, առաջացնել եղջերաթաղանթի սպի և կուրություն: Մաշկի ասպերգիլոզը էկզեմայի կամ խոցային ախտահարման տեսքով հանդիպում է հազվադեպ՝ տարբեր վնասվածքներից հետո՝ մաշկի ճաքերի, քերծվածքների, հիգիենան չպահպանելու դեպքերում:
Որոշ մանրադիտակային բորբոսասնկեր արտադրում են վտանգավոր թունավոր նյութեր: Դրանց առաջացրած հիվանդությունները՝ միկոտոքսիկոզները, պայմանավորված են ոչ թե հյուսվածքների վրա սնկիկների քայքայիչ ազդեցությամբ, այլ դրանց կենսագործունեության արգասիքներով՝ սնկիկային թույներով (միկոտոքսիններ) թունավորումներով: Բոլոր երկրներում առավել հաճախ հանդիպում են դեղին, ծխագույն, մոխրաերկնագույն, սև ասպերգիլների և այլ Ս. մ-ի (որոնք մշակովի և վայրի հատիկաբույսերի սապրոֆիտներ են) առաջացրած միկոտոքսիկոզները: Եղջերավոր կենդանիները, ձիերը, խոզերը, թռչունները թունավորվում են արոտավայրերում կամ բարձր խոնավության պայմաններում պահվող, բորբոսասնկերով վարակված ցորեն, խոտ և այլ կերեր ուտելիս:
Մարդիկ միկոտոքսիկոզներով հիվանդանում են սննդում մանրադիտակային բորբոսասնկերով վարակված հատիկեղեն, կաթնամթերք և այլ մթերքներ օգտագործելուց, ինչպես նաև սնկիկների (մեծ քանակությամբ) սպորներով փոշի շնչելուց: Վերին շնչուղիների հիվանդություններն ուղեկցվում են տանջալից հազով, արյունախխումով, սրտխառնոցով, փսխումով, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացումով:
1954-55 թթ. Ճապոնիայում խոզերին բորբոսնած բրնձով կերակրելիս նկատվել են դրանց զանգվածային հիվանդություն՝ կարմիր պենիցիլի հարուցած (պենիցիլոտոքսիկոզ), որից կենդանիներն արագ թունավորվել են և սատկել: Լավ է ուսումնասիրված ֆուզարիում բորբոսասնկի առաջացրած հիվանդությունը՝ ֆուզարիոտոքսիկոզը, որով կենդանիներն ու մարդը հիվանդանում են ձմռանը դաշտում մնացած և այս Ս. մ-ով վարակված հատիկեղենով սնվելիս: Մարդու մոտ հիվանդությունն ընթանում է ծանր անգինայի տեսքով, երբեմն՝ մահացու ելքով: Այն սկսվում է ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, երբեմն՝ ջղաձգումներով, չհամաձայնեցված շարժումներով:
Հատուկ ուշադրության է արժանի ստախիբոտրիս բորբոսասնկի առաջացրած հիվանդությունը: Ստախիբոտրիսն ապրում է հոդում, զարգանում է տարբեր հիմնանյութերի, առավել հաճախ ծղոտի վրա, և առաջացնում ձիերի զանգվածային թունավորումներ (վարակված ծղոտով կերակրելիս): Ստախիբոտրիոտոքսիկոզն արտահայտվում է բերանի խոռոչի, բկանցքի, քթի լորձաթաղանթների խոցային ախտահարումներով, քթից և ուղիղ աղիքից արյունահոսությամբ, չհամաձայնեցված շարժումներով, ջղաձգումներով, հաճախ կենդանիները սատկում են: Փտած ծղոտը տեղափոխող մարդկանց մոտ նկատվել են այդ հիվանդության բռնկումներ: Հիվանդությունն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, վերին շնչուղիների լորձենաբորբով, լեզվի, այտերի, ըմպանի լորձաթաղանթների խոցոտումով, գլխացավերով, գլխապտույտներով, քթային արյունահոսությամբ, մաշկի քորով (հատկապես սեռ. օրգանների շրջանում):
Բորբոսասնկերի առաջացրած հիվանդությունների կանխարգելումը սահմանափակվում է խոտաբույսերի ու անասնակերի ճիշտ պահպանմամբ, հացահատիկի լավ չորացմամբ, ինչպես նաև բորբոսնած կերի ու սննդամթերքի ոչնչացմամբ կամ նպատակահարմար օգտագործմամբ՝ բացառելով վնասակար հետևանքները: Չոր պայմաններում պահելիս հացահատիկը և կերաբույսերը չեն բորբոսնում նույնիսկ սպորներով ախտահարվածության դեպքում:
Խմորասնկերը և խմորասնկանման սնկիկները մեծ խումբ են կազմում: Խմորասնկերի շատ տեսակներ ապրում են հողում, բույսերի վրա: Իսկական խմորասնկերն ախտահարույց չեն մարդու և կենդանիների համար: Խմորասնկերի շատ տեսակների (շաքարասնկեր) տարբեր օրգ. (առավելապես ածխաջրային) միացություններ խմորելու, շաքարը սպիրտի վերածելու հատկությունը հայտնի է վաղուց: Դրանք գործածում են որպես խմորիչներ: Շաքարասնկերը պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ (առավելապես B խմբի), որոնք օգտագործվում են կերի ձևով, ինչպես նաև բժշկ. կաթնարդյունաբերությունում, հացաթխման, գարեջրի, սպիրտի, գլիցերինի արտադրություններում:
Խմորասնկանման սնկիկները նույնպես ապրում են հողում, բույսերի վրա: Տարբեր միջատներ, թռչուններ, կենդանիներ, ինչպես նաև մարդը, այս սնկիկների որոշ տեսակների կրողներն են: Դրանք (առողջ մարդու) բերանի, վերին շնչուղիների, մարսող. համակարգի և հեշտոցի անվնաս բնակիչներն են:
Շատ սննդամթերքներ (կաթ, կաթնաշոռ, կարագ, թթվասեր), ինչպես նաև պտուղներ ու մրգեր (հատկապես քաղցր) պարունակում են խմորասնկանման Ս. մ.: Շատ մեծ նշանակություն ունեն կանդիդա ցեղի սնկիկները, որոնք որոշակի պայմաններում մարդու համար դառնում են վնասակար՝ առաջացնելով կանդիդոզ հիվանդությունը: Սնկիկների ախտածին հատկանիշները դրսևորվում են նյութափոխանակության, հատկապես ածխաջրային (շաքարախտի ժամանակ) խանգարումների, թերվիտամինության, ստամոքսաղիքային և այլ հիվանդությունների հետևանքով մարդու օրգանիզմի դիմադրողականության նվազման դեպքում: Կանդիդոզի, ինչպես նաև մաշկի բորբոսասնկային հիվանդությունների առաջացմանը նպաստում է հակաբիոտիկների ու հորմոնային պատրաստուկների երկարատև օգտագործումը: Այս դեղանյութերը ճնշում են այն բակտերիաների կենսագործունեությունը, որոնք բնականոն պայմաններում բնակվում են աղիքներում և դանդաղեցնում են կանդիդա ցեղի սնկիկների բազմացումը:
Կանդիդոզն արտահայտվում է տարբեր ձևերով, ավելի հաճախ հանդիպում են բերանի խոռոչի (կաթնուկ՝ հատկապես նորածինների և ծանր հիվանդների մոտ) և հեշտոցի լորձաթաղանթների ախտահարում: Հազվադեպ ախտահարվում են թոքերը, աղիքները, եղունգները: Խմորասնկանման Ս. մ-ի հարուցած հիվանդությունների բուժման ու կանխարգելման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է հակախմորասնկային հակաբիոտիկների՝ նիստատինի և լևորինի հայտնաբերումից հետո:
Նույն խմբին են պատկանում կրիպտոկոկ ցեղի սնկիկները, որոնք ապրում են հողում, հաճախ հայտնաբերվում են աղավնիների արտաթորանքում, երբեմն նաև առողջ մարդու լորձաթաղանթներում: Մարդը կրիպտոկոկոզով հազվադեպ