Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս. խ-ի արդյունաբերությունում թողարկվող տեսականին բազմազան է՝ չոր նախաճաշ, 1-ին, 2-րդ կերակրատեսակներ, քաղցրավենիք, հրուշակեղենի պատրաստման և կաթնային խտանյութեր: Առանձին խումբ են մանկ. և բուժ. սննդի խտանյութերը, որոնք սովորաբար թողարկվում են փոշու տեսքով, օգտագործվում են ջրով կամ կաթով բացած և երկարատև ջերմամշակում չեն պահանջում: Դրանց արտադրությունում չպետք է օգտագործվեն սինթետիկ, քիմ. սննդային հավելումներ:

Չոր նախաճաշերը, տարբեր ձավարներից, հատուկ մշակված պատրաստվածքներ են (վարսակալյուր, եգիպտացորենի փաթիլներ և ձողիկներ, եգիպտացորենի, ցորենի, բրնձի օդային հատիկներ): Կերակրատեսակների խտանյութերը ներառում են տարբեր մթերքների՝ բանջարեղենի, ընդեղենի, ձավարեղենի, մակարոնեղենի խառնուրդներ, սունկ ևն: Դրանց ավելացվում են նաև միս, ճարպեր, աղ, համեմունքներ: Որոշ խտանյութերի սննդային և համային հատկանիշների բարելավման նպատակով ավելացնում են նատրիումի գլուտամատ և սպիտակուցային հիդրոլիզատներ:

Ս. խ-ի մեծ մասը թողարկվում է հերմետիկ փաթեթներով, որոնց վրա նշվում են բաղադրությունը, պատրաստման եղանակը, պահպանման ժամկետը:

ՍՆՆԴԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ, տարբեր մթերքներից կամ դրանց խառնուրդներից ստացվող, խոհար. ջերմամշակման պատրաստ արտադրանք: Լայնորեն օգտագործում են հաս. սննդի ձեռնարկություններում, ինչպես նաև վաճառվում մասնագիտացված խոհարար. ու սովոր. մթերային խանութներում: Ս. կ. զգալիորեն թեթևացնում են տնային տնտեսուհու աշխատանքը՝ նրան ազատելով հում մթերքի առաջնային, աշխատատար մշակումից (մաքրել, ոչ պիտանի մասերը հեռացնել, խճողակ, խմոր պատրաստել ևն): Սննդարդ-յան և հաս. սննդի ձեռնարկությունների (համապատասխան բաղադրատոմսով) թողարկած կիսապատրաստուկների տեսականին բազմազան է՝ մսից, ձկից, կաթնաշոռից, բանջարեղենից, ձավարեղենից ևն:

Խոշորակտոր (քաշը՝ 125 գ) մսի կիսապատրաստուկներից են տավարի, խոզի, ոչխարի մսից անտրեկոտները, լանգետները, բիֆշտեքսները, կոտլետները: Թավալած խոշորակտոր մսի կիսապատրաստուկներից են խոզի և ոչխարի թակած մսից ռոմշտեքսները, կոտլետները: Մանրակտոր մսի կիսապատրաստուկները նախատեսվում են ազու, բեֆստրոգանով, գուլյաշ, խորոված ևն պատրաստելու համար:

Աղացած մսի կիսապատրաստուկները վաճառվում են հում խճողակի կամ կոտլետների, աղացած բիֆշտեքսի, շնիցելի, բիտկիի տեսքով:

Ենթամթերքից կիսապատրասւոուկները վաճառվում են կշռաբաշխված տեսքով:

Կիսապատրաստուկներ են նաև մսի կոմբինատում պատրաստված պելմեններն ու կոլոլիկները, ինչպես նաև որոշ պահածոներ (տապակած, շոգեխաշած միս, գուլյաշ):

Ձկան կիսապատրաստուկներից են տարբեր տեսակի ձկների սառեցրած սուկին, որից կերակրատեսակները պատրաստվում են առանց նախն. հալեցման, որպեսզի համային և սննդային որակները չտուժեն: Վաճառվում են սառեցրած, կշռաբաշխված ձկան պելմեններ: Ձկան բնական պահածոները որպես կիսապատրաստուկներ օգտագործվում են 1-ին և 2-րդ կերակրատեսակներ, սալաթներ և ուտեստներ պատրաստելիս: Բանջարեղենի կիսապատրաստուկները վաճառվում են թարմ (գազարի, կաղամբի, ճակնդեղի կոտլետներ), սառեցրած (կարտոֆիլ, կարտոֆիլի և գազարի բիտկիներ, կանաչ ոլոռ, բանջարեղենի խառնուրդներ՝ 1-ին և 2-րդ կերակրատեսակների համար), չորացրած (գազար, կարտոֆիլ, սոխ) և բանջարեղենի պահածոների (կանաչ ոլոռ, սպանախի խյուս ևն) տեսքով:

Կան սպիտակաձավարից, բրնձից (կոտլետների տեսքով), ինչպես նաև կաթնաշոռից (շոռակարկանդակ) կիսապատրաստուկներ: Գոյություն ունի կիսապատրաստուկների լայն տեսականի՝ բուժ. սննդի համար:

Կիսապատրաստուկների կենտրոնացված պատրաստումը ապահովում է դրանց համային և բարձր սննդարար հատկությունները: Պետք է հիշել, որ համարյա բոլոր Ս. կ. (բացառությամբ պահածոյածների) արագ փչացող են և ենթակա անհապաղ ջերմամշակման, իսկ սառնարանում դիմանում են ընդամենը մի քանի ժ (տես Սննդամթերքի պահպանում):

ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ, բնական կամ սինթետիկ միացություններ, որոնք ավելացվում են սննդամթերքին՝ արտադրության, պահպանման կամ տեղափոխման ժամանակ, սակայն որպես ինքնուրույն սննդամթերք կամ սննդի սովոր. բաղադրամաս չեն օգտագործվում:

Ս.հ. կիրառվում են սննդամթերքի սննդային արժեքի պահպանման, դրա տեխնոլոգ. մշակումը բարելավելու և արագացնելու, պահպանման ժամկետները երկարացնելու (տես Սննդամթերքի պահպանում), ինչպես նաև պահածոյման կամ մթերքի հատկությունները (գույն, հոտ, թանձրություն ևն) փոխելու, կշռաբաշխումն ու տեղափոխումը հեշտացնելու և այլ նպատակներով: Սննդամթերքի սննդային արժեքը բարձրացնելու կամ բուժկանխարգելիչ նպատակներով (վիտամիններ, միկրոտարրեր, ամինաթթուներ) դրանց ավելացվող նյութերը, ինչպես նաև համեմունքները Ս.հ. չեն:

Ս.հ. առավել լայնորեն կիրառվում են հրուշակեղենի, լիկյորի և օղու արդ-յան մեջ, ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում:

ՍՆՆԴԻ ՌԵԺԻՄ, տես Սնուցում հոդվածում:

ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺԻՆ, տես Սնուցում հոդվածում:

ՍՆՈՒՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ երեխաների, դիստրոֆիա, սնուցման քրոնիկ. խանգարում, որի դեպքում խախտվում են օրգանիզմում սննդանյութերի յուրացումը, նյութափոխանակությունը, աճն ու զարգացումը: Առավել բնորոշ է վաղ մանկ. տարիքի երեխաներին:

Ս. խ-ման պատճառներն են երկարատև քաղցածությունը, չափից ավելի կերակրելը, սննդի որակ. խախտումները, դրանում մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող մթերքի գերակշռությունը, տարբեր հիվանդությունները (օրինակ՝ դիզենտերիան, թոքաբորբը), երեխայի ոչ ճիշտ խնամքը: Ս. խ. առաջանում է նաև ստամոքսաղիքային համակարգում սննդի անբավարար ներծծման հետևանքով, ինչպես նաև ստամոքսաղիքային համակարգի զարգացման արատների (օրինակ՝ կերակրափողից ստամոքս, ստամոքսից 12-մատնյա աղիք անցումների նեղացման և այլ) դեպքերում:

Հիմն. կլինիկ. ախտանշաններն են քաշի և հասակի փոփոխությունները, տարբեր վարակների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության նվազումը, ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումը:

Մարմնի քաշի նվազումով (տարբեր աստիճանի) պայմանավորված Ս. խ. կոչվում է թերսնում: Տարբերում են նաև մարմնի բնականոն կամ քաշի ավելացմամբ Ս. խ., որը հազվադեպ է հանդիպում և, որպես կանոն, պայմանավորված է միօրինակ՝ առավելապես ալյուրեղենով կամ կաթնամթերքով կերակրելով: Նման երեխաները թուլակազմ են, քիչ շարժուն, տարբեր վարակների (մաշկի թարախակույտեր,