Ա
ԱԲՈՐՏ, տես Վիժում:
ԱԲՍՑԵՍ, տես Թարախակույտ:
ԱԴԵՆՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Սուր շնչառական հիվանդություններ հոդվածում:
ԱԴԻՍՈՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, բրոնզախտ, առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարումից: Հիվանդության ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների հորմոնների (կորտիզոլ, կորտիկոստերոն, ալդոստերոն) արտազատումը, որոնք կարևոր նշանակություն ունեն սիրտանոթային համակարգի, ջրաաղային փոխանակության կարգավորման մեջ: 1-ին անգամ նկարագրել է անգլ. բժիշկ Թ. Ադիսոնը, 1849-ին (այստեց՝ անվանումը): Հիվանդության պատճառներից են մակերիկամների տուբերկուլոզը, առանձնահատուկ սպիտակուցների (հակամարմինների) ներգործությունը դրանց կազմության և ֆունկցիաների վրա, ինչպես նաև արյունազեղումները, թարախային բորբոքումները և ուռուցքները: Հիվանդությունը առաջանում է դանդաղ՝ հիմնականում 20-40 տարեկանում: Բնորոշ ախտանշաններից են մաշկի բրոնզային գունավորումը և լորձաթաղանթների վրա մուգ բծերի առաջացումը (ավելի լավ է արտահայտված մարմնի բաց և հագուստի հետ շփվող մասերում), որը կապված է մաշկային գունակի՝ մելանինի կուտակման հետ: Հիվանդներն արագ հոգնում են, ընկնում է արյան ճնշումը, նկատվում են գլխացավեր, հիշողության թուլացում, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ (ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, մկանային թուլություն, նիհարում): Հիվանդության ընթացքը քրոնիկ, է, բայց հնարավոր է կլինիկ դրսևորումների կտրուկ սրացում՝ ադիսոնյան կրիզ, որն անհապաղ պետք է բուժել: Դա կանխելու համար անհրաժեշտ է խստորեն կատարել բժշկի նշանակումները, զգուշանալ վարակիչ հիվանդություններից, թունավորումներից և վնասվածքներից: Հիվանդներին խորհուրդ է տրվում առավելագույն հանգիստ, հակացուցված է լարված աշխատանքը: Սնունդը պետք է պարունակի մեծ քանակությամբ կերակրի աղ, վիտամիններ, հատկապես վիտամին C (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ): Հիվանդության 1-ին ախտանշանների և ծանր ձևերի դեպքում՝ պարտադիր հոսպիտալացում: Բուժումը պետք է ուղղված լինի մակերիկամների կեղևի ֆունկցիայի անբավարարության վերացմանը: Հորմոնային պատրաստուկների անհատ, ընտրած բաժնեչափերը հնարավորություն են տալիս ոչ միայն երկարացնել հիվանդների կյանքը, այլև պահպանել նրանց աշխատունակությունը:
Տես նաև Ներզատիչ համակարգ:
ԱԴՆԵՔՍԻՏ, տես Արգանդի հավելումների բորբոքում:
ԱԵՐՈԶՈԼԵՐ, կիրառումը բժշկության մեջ, գազանման միջավայրում կախված պինդ կամ հեղուկ մասնիկներից բաղկացած համակարգեր: Ա. շատ տարածված են բնության մեջ (մառախուղներ, ամպեր ևն): Օգտագործվում են արդ-յան և գյուղատնտ. մեջ, ինչպես նաև կենցաղում՝ տարբեր եղանակներով մի շարք նյութերի ստացման, վերամշակման և կիրառման նպատակով: Մշակովի բույսերի, անտառների վնասատուների ու հիվանդությունների, կենցաղային վտանգավոր միջատների դեմ պայքարում են թունաքիմիկատային Ա-ով: Արդ. և գյուղատնտ. Ա-ից ճիշտ չօգտվելու դեպքում կարող են առաջանալ թունավորումներ և մասնագիտ. հիվանդություններ: Կան հատուկ սարքավորումներ, մաքրող կառույցներ ևն, որոնք կանխում են Ա-ի թափանցումը մթնոլորտ և շրջակա միջավայրի աղտոտումը:
Բժշկության մեջ մաշկի որոշակի վնասվածքների, վերքերի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների բուժման նպատակով առանձին դեղանյութեր օգտագործվում են Ա-ի ձևով: Ա-ի շատ փոքր մասնիկները, թափանցելով բրոնխների ու թոքերի խորքը, անմիջապես նստում են լորձաթաղանթին և ներծծվում արյան մեջ: Այդօրինակ դեղանյութերն ավելի արագ և արդյունավետ են ազդում: Ա-ի ակտիվությունն ուժեղանում է նրանց էլեկտր. լիցք, հատկապես՝ բացասական (էլեկտրաաերոզոլեր), հաղորդելիս: Աերոզոլային դեղանյութերի շնչառմամբ (ինհալացիա) բուժումը կոչվում է աերոզոլաբուժություն: Դրանք օգտագործում են հիմնականում վարակիչ, վիրուսային (հատկապես՝ գրիպի). մասնագիտ. և շնչուղիների այլ հիվանդությունների, թեթև ընթացքով բրոնխային հեղձուկի կանխարգելման և բուժման ժամանակ: Այդ նպատակով օգտագործում են հակաբիոտիկների տարբեր լուծույթներ, բրոնխալայնիչ դեղանյութեր, հիմնային, հիմնաաղային և այլ հանքային ջրեր, յուղեր ևն: Մշակվել և կիրառվում են անհատ. ու խմբային օգտագործման տարբեր Ա-ային ինհալատորներ: