Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտրությունը. այն չպետք է նեղ կամ չափից ավելի լայն լինի, կրունկի բարձրությունը 3-4 սմ-ից չպետք է գերազանցի (տես Կոշիկ): Այն մարդկանց, որոնց աշխատանքը կապված է ոտքի վրա երկար մնալու հետ, խորհուրդ է տրվում աշխատանքի ժամանակ ոտքերը զուգահեռ դնել, օրը մի քանի անգամ 5-10 ր հանգստանալ՝ հենվելով ոտնաթաթի դրսային եզրերին: Երեխաների Տ-յան կանխարգելման համար անհրաժեշտ է հետևել նրանց կեցվածքին՝ ուշադրություն դարձնելով, որ նրանք միշտ իրանը և գլուխն ուղիղ պահեն, քայլելիս ոտնաթաթերը լայն չբացեն: Ոտքերի մկանակապանային ապարատն ամրապնդում են ամենօրյա մարմնամարզությունը և սպորտով զբաղվելը: Տաք եղանակին օգտակար է անհարթ գետնի, ավազի վրա ոտաբոբիկ քայլելը: Դա առաջացնում է պաշտպան. ռեֆլեքս՝ ոտնաթաթի «խնայող» կամար, որը խոչընդոտում է Տ-յան առաջացումը կամ հարաճումը:

Տ-յան 1-ին ախտանշանների ժամանակ հարկավոր է դիմել բժշկի, բուժում է օրթոպեդը: Բուժման հիմքում ընկած է հատուկ մարմնամարզությունը, որը հիվանդը կատարում է ամեն օր: Նման դեպքում անհատականորեն ընտրված վարժություններն օգտակար է զուգակցել ներբանի մկանակապանային ապարատն ամրապնդող սովոր. վարժությունների հետ: Խորհուրդ է տրվում կատարել ամենօրյա տաք (35-36°C) լոգանքներ մինչև ծնկները, ոտնաթաթի և սրունքի մկանների մերսում: Մի շարք դեպքերում օգտագործում են հատուկ միջատակեր՝ վերհակիչներ, որոնք բարձրացնում են ոտքի հարթ կամարը: Բուժման արդյունավետությունը հիմնականում կախված է Տ-յան առաջացման շրջանից: Չբուժված դեպքերը սովորաբար պահանջում են երկարատև բուժում, հատուկ օրթոպեդ. կոշիկ, երբեմն՝ վիրահատ. միջամտություն:

ՏԵՂԱՃԱՐԱԿ, էնդեմիա, տվյալ տարածքում մարդկանց որոշակի հիվանդությունների մշտ. առկայություն, որը պայմանավորված է բնական և սոցիալ. պայմանների առանձնահատկություններով:

Որոշ վարակիչ հիվանդությունների Տ. որոշվում է միայն տվյալ տարածքին բնորոշ կենսբ. պայմաններով և ամենից առաջ հարուցիչների փոխանցողների կամ վարակի աղբյուրի տարածման շրջանով՝ բնական օջախայնությամբ: Տ-ային հիվանդությունների այդ խմբին են դասվում ժանտախտը, տուլարեմիան, գլխուղեղի բորբոքումը (տզային), արյունահոսական տենդերը ևն: Որոշ ոչ վարակիչ հիվանդությունների Տ. սովորաբար կապված է տվյալ տեղանքի հողի, ջրի, օդի քիմ. կազմի առանձնահատկությունների հետ, օրինակ՝ Տ-ային խպիպը՝ խմելու ջրում յոդի անբավարարության, ֆլյուորոզը (տես Ատամներ)՝ հողում և ջրում ֆտորի ավելցուկային պարունակության հետ:

Տ. հասկացությունը երբեմն կիրառվում է նաև որևէ վարակիչ հիվանդությունով մշտապես հիվանդացությունը նշելու համար, որի հարուցիչը մեկ մարդուց մյուսին է փոխանցվում բնական պայմաններից անկախ: Այդ խմբին են դասվում գրիպը, կարմրուկը, դիֆթերիան, քութեշը, դիզենտերիան, բծավոր տիֆը, փայտացումը ևն: Նշված հիվանդություններով մշտ. հիվանդացությունը և դրա մակարդակը հիմնականում պայմանավորված են մարդկանց կյանքի պայմաններով և այդ տարածքում իրականացվող կանխարգելման միջոցառումների արդյունավետությամբ:

Տ-ային հիվանդությունների դեմ պայքարն ընդգրկում է բնակչության կյանքի պայմանների բարելավումը, կանխարգելիչ պատվաստումները, վարակի բնական