աղբյուրների և. հարուցիչների ոչնչացումը, ինչպես նաև ջրի ֆտորացումը կամ յոդացումը:
Տես նաև Համաճարակ:
ՏԵՆԴ, օրգանիզմի հակազդեցությունը վնասակար (ջերմածին) գործոնների հանդեպ. արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացումով և ունի պաշտպան., հարմարվող. բնույթ: Ջերմածին են սովորաբար սպիտակուցային բնույթի (մանրէներ, դրանց թույներ, օտարածին սպիտակուցներ, այդ թվում շիճուկներ, վակցինաներ) և ավելի պարզ նյութերը: Ջերմածինները կարող են գոյանալ նաև օրգանիզմում, ինչպես օրինակ, հյուսվածքների քայքայման նյութերը վնասվածքի, այրվածքի, տարածուն արյունազեղումների և այլ դեպքերում: Դրանք ազդում են ջերմակարգավորման կենտրոնների դրդելիության վրա, որի հետևանքով ջերմարտադրությունը մեծանում է, ջերմատվությունը՝ փոքրանում, իսկ ջերմությունը կուտակվում է և հանգեցնում ջերմաստիճանի բարձրացման: Դա խթանում է օրգանիզմի պաշտպան. ուժերը: Տ. հաճախ սպանիչ ազդեցություն է ունենում հիվանդության հարուցիչների վրա, ուստի այն օրգանիզմի օգտակար հակազդեցություն է: Բայց որոշ դեպքերում Տ. կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով զառանցանք, զգայախաբություն:
Տ. կարող է ուղեկցել ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդություններին: Տարբերում են Տ-ային հակազդեցության զարգացման 3 փուլ. ջերմաստիճանի բարձրացման, բարձր մակարդակի կայուն պահպանման և ջերմաստիճանի իջեցման: 1-ին փուլում ջերմագոյացումը մեծանում է առավելապես մկաններում (դող), իսկ ջերմատվությունը փոքրանում է մաշկի արյան անոթների նեղացման և քրտնարտադրության կտրուկ նվազման հաշվին: 2-րդ փուլում ջերմատվությունը մեծանում է և հավասարակշռում բարձրացած ջերմագոյացումը, որն էլ դադարեցնում է ջերմաստիճանի հետագա բարձրացումը՝ պահպանելով այն 1-ին փուլի վերջում եղած մակարդակում: 3-րդ փուլում ջերմատվությունը կտրուկ մեծանում է և գերազանցում ջերմարտադրությանը, որը և հանգեցնում է ջերմաստիճանի իջեցմանը: Վերջինս կարող է լինել կտրուկ և տեղի ունենալ մի քանի ժ կամ ր ընթացքում՝ ջերմաստիճանի կրիտիկական իջեցում: Այդ դեպքում մաշկի արյան անոթները խիստ լայնանում են. երբեմն դրա հետևանքով նկատվում է զարկերակային արյան ճնշման զգալի իջեցում: Եթե ջերմաստիճանն իջնում է աստիճանաբար՝ մի քանի օրվա ընթացքում, դա կոչվում է լիտիկ անկում:
Ջերմաստիճանային կորը (ջերմաստիճանի բարձրացման և իջեցման կորագիծը) հաճախ ունենում է կարևոր ախտորոշիչ նշանակություն: Օրինակ՝ մալարիային բնորոշ են ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և նույնպիսի կտրուկ անկումը խիստ որոշակի ժամանակահատվածում: Արյան վարակման ժամանակ օրվա ընթացքում նկատվում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներ (35-41°C): Թոքաբորբի, բծավոր տիֆի ժամանակ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C և այդ մակարդակում պահպանվում որոշակի ժամանակ: Սուր թարախային հիվանդությունների դեպքում նույնպես նկատվում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներ (2-3°-ի սահմանում), որը, սակայն, չի իջնում մինչև բնականոն մակարդակը:
Ըստ ջերմաստիճանի բարձրացման աստիճանի՝ տարբերում են Տ-ի հետևյալ ձևերը. ենթատենդային (38°C-ից ոչ բարձր), չափավոր կամ տենդային (38- 39°C-ի սահմաններում), բարձր կամ ջերմային (39-41°C), շատ բարձր կամ գերջերմային (41°C-ից բարձր):
Ջերմաստիճանի արհեստականորեն իջեցումը նպատակահարմար չէ, երբեմն նույնիսկ վնասակար է, ուստի առանց բժշկի խորհրդի չի կարելի ընդունել ջերմիջեցնող դեղանյութեր: Բժիշկը նշանակում է հիվանդության հիմն. պատճառը վերացնող բուժում, որի ընթացքում իջնում է նաև ջերմաստիճանը:
ՏԵՆԴԱԲՇՏԻԿ, հերպես, վիրուսային հիվանդություն, որը բնորոշվում է մաշկի և լորձաթաղանթների վրա խմբավորված բշտկացանի առաջացմամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը (հիվանդությունն առավել հաճախ նկատվում է ցուրտ եղանակին), օրգանիզմի դիմադրողականության անկումը, թերվիտամինությունը: Տ. հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների (գրիպ, թոքաբորբ, մալարիա ևն) ֆոնի վրա: Հասարակ Տ-ի բռնկումները հնարավոր են շոգ եղանակին՝ արևահարության հետևանքով:
Որպես ինքնուրույն հիվանդություններ՝ տարբերում են հասարակ Տ. (այսպես կոչված՝ տենդ) և գոտևորոդ Տ. (գոտևորող որքին):
Հասարակ Տ-ի դեպքում վարակումը հաճախ տեղի է ունենում կյանքի 1-ին օրերին, բայց հիվանդությունը չի արտահայտվում մորից երեխային փոխանցված իմունիտետի շնորհիվ: Կյանքի 1-ին տարվա վերջին այդ պաշտպան. մեխանիզմը թուլանում է, և անբարենպաստ պայմաններում հիվանդությունը կարող է խորանալ: Հասարակ Տ. դրսևորվում է բորբոքային թափանցիկ հեղուկ պարունակող մանր բշտիկների հոծ խմբերի տեսքով, որոնք ի հայտ են գալիս շրթունքների, քթի թևերի վրա, ինչպես նաև բերանի (տես Բերանաբորբ), աչքի (տես Շաղկապենաբորբ), սեռ. օրգանների լորձաթաղանթների վրա: Բշտկացանի ի հայտ գալուն նախորդում են մաշկի թեթևակի քորը կամ այրոցը, երբեմն՝ դողը, ընդհանուր թուլությունը, ստամոքսաղիքային համակարգի (հատկապես՝ երեխաների) ֆունկցիայի խանգարումները: Հազվադեպ, փոքր երեխաների մոտ կարող են ախտահարվել նաև ներքին օրգանները, նյարդային համակարգը: Նման դեպքում հիվանդությունն ընթանում է ծանր՝ բարձր ջերմությամբ և ընդհանուր վիճակի խանգարմամբ: Բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ (էքսուդատիվ դիաթեզ) տառապող երեխաների մոտ հնարավոր է նաև Տ-ային էկզեմայի առաջացում: Սովորաբար, հիվանդությունն սկսվելուց 7-10 օր անց, բշտիկները չորանում են՝ կեղևակալելով, այնուհետև կեղևիկները թափվում են, և դրանց տեղերում առաջանում են վարդագույն կամ դարչնագույն ոչ մնայուն բծեր: Երբեմն կարճ ժամանակ անց բշտկացանը նորից է ի հայտ գալիս և սովորաբար՝ նախկին տեղերում (կրկնվող Տ.):
Գոտեվորող Տ. (գոտևորոդ որքին) առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: Հիվանդանում են միայն հասուն տարիքում: Մինչև 10 տարեկան երեխաները գոտևորող Տ-ով չեն հիվանդանում, սակայն այդպիսի հիվանդների հետ շփվելիս նրանք կարող են հիվանդանալ ջրծաղիկով: Գոտևորող Տ-ի հարուցիչն ախտահարում է ոչ միայն մաշկը, այլև նյարդերը. 1-ին ախտանշանը սովորաբար վիրուսով ախտահարված նյարդերի