Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(օրինակ՝ միջկողային, ազդրային) ընթացքով տարածվող ցավն է, ինչպես նաև գլխացավը: Մի քանի օր անց ախտահարված նյարդի ընթացքով (սովորաբար մարմնի 1 կողմի) առաջանում է ցանավորում՝ խմբավորված բշտիկների տեսքով, որոնք սկզբում պարունակում են թափանցիկ, այնուհետև՝ թարախային, երբեմն՝ արյունային բորբոքահեղուկ: Մոտակա ավշահանգույցները մեծանում են, բարձրանում է ջերմաստիճանը, խանգարվում ընդհանուր վիճակը: Սկսած 6-8-րդ օրից՝ բշտիկներն սկսում են չորանալ՝ ծածկվելով կեղևներով: Դրանից 2-5 օր անց սկսվում է առողջացումը: Տարեցների, թուլացած անձանց մոտ նյարդի ընթացքով տարածվող ցավերը ցանի անհետանալուց հետո կարող են պահպանվել մի քանի ամիս:

Բուժում է բժիշկը: Հասարակ Տ-ի թեթև ընթացքի ժամանակ ցանը լինում է միայն շրթունքների, քթի թևերի վրա: Եթե հիվանդի ընդհանուր վիճակը խանգարված չէ, սահմանափակվում են՝ բժշկին 1 անգամ այցելելով և նրա խորհուրդները կատարելով: Սեռ. օրգանների, աչքերի, բերանի խոռոչի լորձաթաղանթների վրա ցաների առաջացման, դրանց կրկնությունների, ինչպես նաև գոտևորող Տ-ի ժամանակ բուժվում են բժշկի մշտ. հսկողությամբ:

Հիվանդներին խորհուրդ է տրվում տաք հագնվել, խուսափել մրսելուց: Գոտևորող Տ-ի ժամանակ հիվանդության սաստկացման շրջանում հարկավոր է պահպանել անկողնային ռեժիմ: Սնունդը պետք է լինի վիտամիններով (հատկապես B խմբի) հարուստ: Բերանի լորձաթաղանթի ախտահարման ժամանակ բժշկի խորհրդով հաճախակի ողողումներ են կատարում:

Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում օրգանիզմի կոփում (հատկապես երեխաների), եղանակին հարմար հագուստ՝ բացառելով շոգ եղանակին գերտաքացումը, իսկ խոնավ ու ցուրտ եղանակին՝ գերսառեցումը:

Ջրծաղիկի կանխարգելման նպատակով երեխաներին չպետք է թույլ տալ գոտևորող Տ-ով հիվանդների հետ շփվել: Հարկավոր է նւսաև կանխել բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ տառապող փոքր երեխաների շփումը հասարակ Տ-ով հիվանդների հետ, քանի որ նրանց մոտ կարող է առաջանալ ծանր ախտահարում՝ էկզեմայի կամ տարածուն Տ-ի ձևով:

ՏԵՆԴՈՎԱԳԻՆԻՏ, տես Ջլաբունոցաբորբ:

ՏԵՆԻԱՐԻՆԽՈԶ, տես ՏԵնիիդոզներ հոդվածում:

ՏԵՆԻԻԴՈԶՆԵՐ, ճիճվային հիվանդություններ. առաջացնում են տափակ որդերը՝ տենիիդները (երիզորդեր): Մարդու օրգանիզմում տարբերում են Տ-ի 2 ձև՝ տենիարինխոզ, որի հարուցիչը եզան երիզորդն է, և տենիոզ, որը հարուցում է խոզի երիզորդը:

Եզան և խոզի երիզորդերը խոշոր, ժապավենաձև որդեր են, որոնց երկար. համապատասխանաբար՝ 4-10 և 2-3 մ է: Մարմինը կազմված է առանձին հատվածիկներից, առջևում գտնվում է գլխիկը, որն ունի 4 մկանային ծծիչներ (խոզի երիզորդը գագաթում՝ նաև կարթերի պսակ): Երիզորդերը մակաբուծում են մարդու բարակ աղիքներում և ծծիչների միջոցով ամուր կպչում աղիքի պատի լորձաթաղանթին: Հասուն հատվածիկները, որոնք պարունակում են ձվերով լցված արգանդ, պոկվում են մարմնից և ընկնում արտաքին միջավայր: Եզան երիզորդի հատվածիկները կարող են ակտիվորեն սողալ հետանցքից, իսկ խոզի երիզորդինը դուրս են գալիս միայն արտաթորանքի հետ: Ձվերի հետագա զարգացումը հնարավոր է միայն կենդանիների օրգանիզմում, որոնք միջնորդ տերն են (եզան երիզորդի համար՝ խոշոր եղջերավոր կենդանիները, խոզի երիզորդի համար՝ խոզը և վարազը): Երբ միջնորդ տերը կուլ է տալիս ձվերը, դրանցում գտնվող սաղմն ազատվում է թաղանթներից, թափանցում արյան հոսք և տարվում մկաններ, որտեղ փոխարկվում է թրթուրի՝ ցիստիցերկի (բշտորդ): Վերջինիս զարգացումը տևում է 3-3,5 ամիս մարդու (վերջն. տիրոջ) աղիքներում, որն օգտագործում է թրթուրներով վարակված խոշոր եղջերավոր կենդանու, խոզի անբավարար եփած կամ տապակած միսը: Հասուն երիզորդերը մարդու աղիքներում ապրում են մի քանի տարի:

Երիզորդերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա արտահայտվում է աղիքների նյարդային հանգույցների գրգռմամբ և, կարևորը, աղիքներից սննդարար նյութերի կլանմամբ: Տ-ի ժամանակ նկատվում են ախորժակի կորուստ, սրտխառնոց, երբեմն՝ փսխում, թքահոսություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ: Հաճախ հիվանդության միակ ախտանշանը երիզորդի հատվածիկների արտազատումն է: Հիվանդության ելքը բարենպաստ է, բայց առանց բուժման ընթացքը շատ երկարատև է: Ախտորոշումը կատարվում է արտաթորանքում երիզորդի հատվածիկների հայտնաբերմամբ:

Խոզի երիզորդն ավելի վտանգավոր է, քան եզինը, որովհետև մակաբուծում են ոչ միայն հասուն անհատները, այլև թրթուրները՝ ցիստիցերկերը, և առաջացնում «ցիստիցերկոզ» հիվանդությունը: Ցիստիցերկերը հաճախ մակաբուծում են գլխուղեղում, աչքերի մեջ, կարող են հանդիպել նաև մկաններում և այլ օրգաններում ու հյուսվածքներում: Հիվանդության ախտանշանները պայմանավորված են մակաբուծման տեղով:

Բուժումը կատարվում է հիվանդանոցում: Վարակված մարդը Տ-ի տարածման աղբյուր է և շրջակա միջավայր է տարածում երիզորդի ձվեր ու հատվածիկներ, ուստի հաս. կանխարգելման հիմն. միջոցը հիվանդների հայտնաբերումն ու բուժումն է: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հովիվներին, կթվորուհիներին և այն մարդկանց, որոնք մշտապես շփվում են խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի հետ:

Կարևոր է հողի և ջրի պահպանությունը որդերի հատվածիկներով ու ձվերով աղտոտումից, կենդանիների ճիշտ խնամքը և մսի կոմբինատներում, սպանդանոցներում անասնաբուծասան. հսկողությունը:

Անձն. կանխարգելման համար պետք է օգտագործել միայն անասնաբուծ. հետազոտության ենթարկված միս և ճիշտ խոհարար. մշակված մսամթերք (տես Սննդամթերքի խոհարարական մշակում): Միսը համարվում է եզան և խոզի երիզորդերի թրթուրներից վարակազերծված, եթե եփելուց հետո կտրելիս մոխրագույն է (տավարի միսը) կամ սպիտակ (խոզի միսը), իսկ մսից կաթող հյութն առանց արյան խառնուրդի է:

ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ, առարկաների մեծությունը, ձևն ու գույնը, դրանց փոխադարձ դիրքն ու միմյանց միջև հեռավորությունն ընկալելու հատկություն: Մարդու աչքն ընկալում է միայն որոշակի երկար. (մոտ 300-ից մինչև 760 նմ) լուսային ալիքները: Ավելի երկար կամ կարճ ճառագայթները (համապատասխանաբար անվանվում են անդրամանուշակագույն և ենթակարմիր) մարդու մոտ տեսող. զգացողություններ չեն առաջացնում:

Դիտվող առարկաներից եկող լուսային ճառագայթները բբի միջով թափանցում են աչք, ներգործում նրա լուսազգայուն թաղանթի (ցանցաթաղանթ), մասնավորապես նրա բջիջների (շշիկներ և ցուպիկներ) վրա և առաջացնում նյարդային դրդվածություն, որը տեսող. նյարդով փոխանցվում է գլխուղեղի ծոծրակային կենտրոնում գտնվող (տես Գլխուղեղ) տեսող. կեղևային կենտրոն: Այստեղ լուսային