գրգռիչներն ընկալվում են որոշակի պատկերների, տպավորությունների ձևով:
Ցանցաթաղանթում հաշվվում են մոտ 7 մլն շշիկ և 120 մլն ցուպիկ: Շշիկների հիմն. զանգվածը ցանցաթաղանթի կենտր. հատվածում է և կոչվում է դեղին բիծ: Շշիկները հիմնականում ապահովում են ցերեկային Տ. և մասնակցում են առարկայի ձևի, գույնի և մանրամասերի ճշգրիտ ընկալմանը: Կենտրոնից հեռանալու աստիճանից կախված՝ այդ բջիջների քանակը նվազում է, իսկ ցուպիկներինը՝ ավելանում: Ցանցաթաղանթի ծայրամասերում կան միայն ցուպիկներ, որոնք օժտված են շատ բարձր լուսազգայնությամբ և ապահովում են մթնշաղային կամ գիշերային Տ.: Վերջինս հաճախ խանգարվում է սննդում վիտամին A-ի անբավարարությունից (տես Վիտամինային անբավարարություն):
Դեղին բիծը, հատկապես նրա կենտր. փոսը, կազմված է միայն շշիկներից և առավել պարզ, այսպես կոչված, կենտր. Տ-յան հատվածն է: Ցանցաթաղանթի մյուս բաժինները պայմանավորում են կողմնային կամ ծայրամասային Տ., որի դեպքում առարկայի ձևն ընկալվում է պակաս հստակությամբ: Կենտր. Տ. հնարավորություն է տալիս տեսնել առարկաների մանրամասերը, ծայրամասայինը՝ կողմնորոշվել տարածության մեջ:
Լույսի հանդեպ աչքի ցանցաթաղանթի զգայնությունը շատ բարձր է: Սովոր. լամպի լույսը մութ գիշերին ընկալվում է մի քանի կմ հեռավորության վրա: Տեսող. օրգանի բարձր հարմարվողականությունը հնարավորություն է տալիս տեսնել և՛ ուժեղ լույսի, և՛ մթության պայմաններում:
Լույսի տարբեր պայծառության ընկալման հանդեպ աչքի հարմարվելու հատկության մասին տես Աչք հոդվածում: Սովորաբար լրիվ հարմարման համար պահանջվում է որոշ ժամանակ:
Հատկապես կարևոր է գուներանգների բազմազանությունը տարբերելու աչքի ունակությունը: Բոլոր գուներանգները գոյանում են սպեկտրի 7 հիմն. գույների (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն) որոշակի խառնուրդից (տես նաև Գունային տեսողություն): 2 միմյանցից նվազագույն հեռավորության վրա գտնվող կետերը իրարից զանազանելու աչքի ունակությունն անվանում են Տ-յան սրություն: Տ-յան սրության չափ է համարվում այդ 2 կետերից եկող ճառագայթների կազմած անկյան մեծությունը: Որքան այն փոքր է, այնքան բարձր է Տ-յան սրությունը: Մարդկանց մեծամասնության մոտ Տ-յան անկյան նվազագույն մեծությունը հավասար է 1 ր: 1 ր Տ-յան ամենափոքր անկյուն ունեցող աչքի Տ-յան սրությունն ընդունված է որպես միավոր, բայց դա նորմայի միջին մեծությունն է: Որոշ մարդկանց աչքի Տ-յան սրությունը կարող է 1 միավորից ցածր լինել, մյուսներինը՝ գերազանցել այն: Տ-յան սրությունը որոշում են հատուկ աղյուսակների օգնությամբ, որոնց վրա դրված են տարբեր մեծության փորձն. նշաններ (տառեր, օղակներ, պատկերներ): Ծայրամասային Տ-յան գնահատման համար հատուկ սարքերի (հարաչափիչ) վրա սահմանում են տեսադաշտը, այսինքն՝ անշարժ աչքով տեսանելի տարածության մասերը:
Առարկան 2 աչքով դիտելիս նրա պատկերն ընկնում է ցանցաթաղանթների նույնական կետերի վրա, և մարդն առարկան տեսնում է ոչ երկատված: 2 աչքով բնական Տ. անվանում են երկաչյա կամ տարածական. այն ապահովում է դիտվող առարկայի պարզորոշ ծավալային ընկալումը և հնարավորություն է տալիս ճիշտ որոշել նրա տեղադրությունը տարածության մեջ:
Բնականոն Տ-յան պահպանման համար մեծ նշանակություն ունեն հիգիենային բարենպաստ պայմանները: Այդ տեսակետից շատ կարևոր է ճիշտ և բավարար լուսավորությունը: Որպեսզի ցերեկային լույսն ազատ թափանցի սենյակ, անհրաժեշտ է պատուհանի ապակիները մաքուր պահել, լուսամուտագոգին բարձր ծաղիկներ չդնել: Բաց գույների վարագույրներն օգնում են խուսափել արևի ուղիղ ճառագայթների կուրացնող ազդեցությունից: Բնական լուսավորությունն ավելի է լավանում, եթե առաստաղը, պատերն ու անդրադարձնող մյուս մակերևույթները ներկված են բաց, առավելապես դեղնականաչավուն երանգներով:
Արհեստ. լուսավորության համար օգտագործում են շիկացման կամ լյումինեսցենտային լամպով լուսամփոփ: Հատկապես վերջիններս լավ են լուսավորում, նրանց լույսը մոտ է ցերեկայինին և դուրեկան է աչքի համար: Տանը ցերեկը որևէ գործով զբաղվելիս հարկավոր է լուսամուտի մոտ լուսավոր տեղ ընտրել: Երեկոյան հարկավոր է օգտվել անթափանց թասակ կրող 40-60 Վտ-անոց լամպից: Սեղանի վրա այն պետք է տեղադրել այնպես, որ ձախ կողմից լույսն ընկնի միայն աշխատանքային մակերևույթի վրա, իսկ աչքերը լինեն ստվերում: Աչքից մինչև գիրքը կամ տետրն ընկած հեռավորությունը միջին հաշվով 30-35 սմ է (դա մոտավորապես ձեռքի երկարությունն է՝ արմունկից մինչև մատների ծայրը): Այդպիսի հեռավորության վրա կարիք չի լինում լարել Տ.: Վատ լուսավորության, տրամվայով, տրոլեյբուսով, ավտոբուսով երթևեկելու ժամանակ չպետք է կարդալ: Գրքի կամ թերթի անկայուն դիրքը դժվարացնում է ընթերցանությունը (հարկ է լինում տեքստը մոտեցնել աչքին), հոգնեցնում աչքերը: Խորհուրդ է տրվում տեսող. աշխատանքը պարբերաբար ընդմիջել (յուրաքանչյուր 30-40 ր-ից հետո 10 ր)՝ աչքը հանգստացնելու համար: Հեռուստահաղորդումներն ավելի լավ է դիտել էկրանից 2,5 մ հեռավորության վրա: Ցանկալի է, որ այդ ժամանակ սենյակը լինի չափավոր լուսավորված: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների Տ-յան հիգիենային: Նրանց համար մշակվել են տեսող. ախատանքի նորմեր: Պարապմունքների ժամանակ հետևել երեխաների ճիշտ դիրքին, աշխատատեղի լուսավորությանը և օրվա ռեժիմի կատարմանը: Տ-յան խանգարման վերաբերյալ երեխայի նվազագույն գանգատների, աչքերն արագ հոգնելու դեպքում անհապաղ դիմել բժշկի:
ՏԶԵՐ, սարդակերպերի դասի անողնաշարավոր կենդանիների խումբ: Հայտնի է ավելի քան 10 հզ. տեսակ, որոնք տարածված են ամենուրեք: Մարմինը երկարավուն է կամ երկարավուն ձվաձև (երկար.՝ 0,2 մմ-ից մինչև 3 սմ): Սնվում են փտած թափոններով կամ մակաբուծում են կենդանիների ու բույսերի վրա, որոշ տեսակներ ծծում են մարդու և կենդանիների արյունը: Արյունածուծ տեսակները մարդու մի շարք հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են: Օրինակ՝ իքսոդային Տ. փոխանցում են տզային գլխուղեղի բորբոքման, բծավոր տիֆի, մարսելյան տենդի, Քյու տենդի, տուլարեմիայի և այլ հարուցիչներ, արգասյան Տ.՝ հետադարձ տիֆի, որոշ վիրուսային հիվանդությունների, գամազոիդային Տ.՝ ռիկետսիոզների հարուցիչներ: Առանձին տեսակներ, ընկնելով մաշկի վրա, առաջացնում են մաշկաբորբեր: Որոշ Տ. մարդու ներմաշկային մակաբույծներ են, ինչպես օրինակ, քոսի տիզը, որն առաջացնում է քոս ևն:
Օրգ. նյութերով սնվող ամբարային Տ. ախտահարում են պարենամթերքի պաշարները: Տ-ի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգ. երևույթներ:
Տ-ի հարձակումներից և խայթոցներից պաշտպանության միջոցառումները որոշվում են դրանց կենսագործունեության առանձնահատկություններով:
Արգասյան Տ. սովորաբար ապրում են կիրճերում, կենդանիների բներում, կավաշեն