դիմանում են նույնիսկ երկարատև եռացմանը: Սառեցումը, հալեցումը և չորացումը Տ-ի ակտիվության վրա չեն ազդում: Ֆորմալինի և տաքության ազդեցությունից արտաթույները զրկվում են թունավոր հատկություններից, բայց իմունիտետը խթանելու հատկությունը պահպանվում է: Այդ սկզբունքի վրա է հիմնված անատոքսինների ստացումը, որոնք կիրառվում են մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:
Օրգանիզմ ներարկելիս արտաթույները և անատոքսինները կարող են առաջացնել յուրատիպ առանձնահատկությամբ օժտված հակամարմիններ (տես Իմունիտետ): Այդ հատկությունը հնարավորություն է տալիս ստանալ և կիրառել համապատասխան բուժիչ, կանխարգելիչ շիճուկներ այն հիվանդությունների դեմ, որոնց հարուցիչներն արտադրում են տվյալ արտաթույնը: Ըստ կենսբ. հատկությունների՝ կենդ. և բուս. ծագման որոշ նյութեր խիստ մոտ են բակտերիային Տ-ին, օրինակ՝ բուս. թույները (տես Թունավոր բուսեր), օձերի, կարիճների, սարդերի և այլ կենդանիների թույները: Տես Թունավոր կենդանիներ:
ՏՈՔՍՈՊԼԱԶՄՈԶ. մակաբուծ. հիվանդություն. բնորոշվում է շատ օրգանների ու համակարգերի ախտահարումով: Հարուցիչը տոքսոպլազմն է (պատկանում է նախակենդանիներին), որն արտաքին միջավայրում՝ 20°C-ի պայմաններում, պահպանվում է 3 օր, չի դիմանում չորացմանը, արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը և ուժեղ տաքացմանը: Տ-ով հիվանդանում են ընտանի (կատուներ, ճագարներ, խոզեր, մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ) և վայրի (եղջերուներ, աղվեսներ, սկյուռներ, գետնասկյուռներ) կենդանիները, ինչպես նաև թռչունները (հավեր, բադեր, աղավնիներ ևն): Հիվանդ կենդանիները Տ-ի հարուցիչներն արտաքին միջավայր են արտազատում արտաթորանքի, քթից հոսող լորձի և կաթի միջոցով: Մարդը վարակվում է՝ սննդի մեջ օգտագործելով անբավարար ջերմային մշակման ենթարկված և հարուցիչներ պարունակող մթերք (միս, կաթ, ձու): Անասնապահ. տնտեսությունների, մսի կոմբինատների աշխատողները վարակվում են հիվանդ կենդանիների հետ անմիջական շփումից կամ մթերքը մշակելիս՝ վնասված մաշկի (քերծվածքներ, կտրվածքներ) և լորձաթաղանթի միջոցով: Մարդու համար առանձնապես վտանգավոր են կատուները, որոնք արտաթորանքի հետ արտազատում են Տ-ի հարուցիչներ և աղտոտում շրջակա միջավայրը, մասնավորապես հողը:
Հարուցիչներ պարունակող արտաթորանքի մասնիկները հողից ընկնում են շների և կատուների մազերի վրա, որտեղից աղտոտված ձեռքերով կարող են տարվել բերան: Վարակման այս ձևն առանձնապես վտանգավոր է երեխաների և հղի կանանց համար: Հարուցիչը, ընկնելով մարդու օրգանիզմ, տարածվում է արյան հոսքով և ախտահարում տարբեր օրգաններ (գլխուղեղ, աչքեր, փայծաղ, լյարդ, ավշային հանգույցներ ևն):
Տարբերում են բնածին և ձեռքբերովի Տ.: Վերջինս իր հերթին լինում է սուր և քրոնիկ.: Սուր Տ. սովորաբար ուղեկցվում է տենդով, գլխացավով, մկանացավերով, տարբեր օրգանների ախտահարման ախտանշաններով: Քրոնիկ Տ. կարող է տարիներ տևել: Այն բնորոշվում է ջերմաստիճանի չնչին բարձրացումով, թուլությամբ, դյուրագրգռելիությամբ, տեսողության, հիշողության և աշխատունակության նվազումով, ավշային հանգույցների, փայծաղի մեծացումով: Կարող են նկատվել լյարդաբորբ, սրտամկանի բորբոքում, թոքաբորբ, հոգեկան խանգարումներ: Հիվանդության պատճառը որոշվում է միայն լաբորատոր հետազոտության տվյալներով:
Բնածին Տ-ի դեպքում հարուցիչը հիվանդ մորից պտղին է փոխանցվում հղիության ընթացքում: Եթե դա տեղի է ունենում 1-ին ամիսներին, առաջանում է վիժում կամ մեռածածնություն: Եթե պտուղը չի մահանում, ապա կարող են ձևավորվել զարգացման արատներ՝ գլխուղեղի շատ փոքր չափեր, բացակայություն կամ ջրակալում, վերջույթների բացակայություն կամ թերզարգացում, վերին շրթունքի ճեղքում, գանգի, աչքերի կառուցվածքի խանգարումներ ևն:
Կանխարգելումը, հիվանդ կենդանիների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և բուժում: Պարբերաբար հետազոտել տնային կատուներին (հիվանդներին բուժել): Խորհուրդ չի տրվում դրանց կերակրել հում մսով: Պետք է սահմանափակել երեխաների և հղի կանանց շփումը կենդանիների հետ: Շատ կարևոր է ձեռքերի մաքրությունը: Կենդանիների հետ շփվող, ինչպես նաև անասնապահ, մթերք վերամշակող անձինք պետք է հագնեն հատուկ արտահագուստ, ձեռնոցներ, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: Անհրաժեշտ է մսամթերքը լավ եփել, տապակել, կաթը եռացնել:
ՏՐԱԽԵԻՏ, տես Շնչափողաբորբ:
ՏՐԱԽՈՄԱ, աչքի շաղկապենու և եղջերաթաղանթի քրոնիկ. վարակիչ հիվանդություն: Սկսվում է աննկատ և ընթանում է դանդաղ: 1-ին ախտանշանը կոպերի քորն է, կարմրությունը, կոպերի տակ օտար մարմնի զգացողությունը: Լորձաթաղանթը (շաղկապենի) ստանում է թավշանման տեսք՝ մանր հատիկավոր գերաճումներով: Թարախի կամ թարախային լորձի արտադրությունը սովորաբար շատ քիչ է: Չբուժվելիս Տ. աստիճանաբար հանգեցնում է կոպեզրերի ձևախախտման, կոպերի ներշրջման կամ արտաշրջման, երբեմն՝ անկանոն աճման, եղջերաթաղանթի բորբոքման և պղտորման, որի հետևանքով տեսողության սրությունը նվազում է: Տ. հիվանդ աչքից առողջին է փոխանցվում թարախի, արցունքի, լորձի, կեղտոտ ձեռքերի, թաշկինակի, երեսսրբիչի ևն, ինչպես նաև ճանճերի միջոցով: Այն սովորաբար առաջանում է ցածր հիգիենային գիտելիքների, բնակչության կուտակվածության, սան. նորմերի խախտման հետևանքով:
Կանխարգելումը, հիվանդների վաղ հայտնաբերում, կանոնավոր բուժում, անձն. հիգիենայի պահպանում (ձեռքերի մաքրություն, անհատ. երեսսրբիչ, սպիտակեղեն ևն): Հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի:
ՀՀ-ում Տ. վերացվել է 1960-ական թթ.: Այդ գործին նպաստել են Հ. Ցիցիկյանի, Բ. Մելիք-Մուսյանի, Ե. Մեսրոպյանի, Ե. Բլավացկայայի աշխատանքները:
ՏՐԱՆԿՎԻԼԻԶԱՏՈՐՆԵՐ, տես Հանգստացնող դեղանյութեր:
ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՑԻԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ, տես Փոխպատվաստում օրգանների և հյուսվածքների:
ՏՐԱՎՄԱՏԻԶՄ, տես Վնասվածքներ հոդվածում:
ՏՐԻԽԻՆԵԼՈԶ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություն, առաջացնում են տրիխինելները: Հասուն որդերը (երկար.՝ 1,5-4 մմ) մակաբուծում են աղիքի պատում, որտեղ տեղի են ունենում էգերի բեղմնավորումն ու թրթուրների առաջացումը: Վերջիններս արյան հոսքով տարածվում են ամբողջ օրգանիզմով և տեղակայվում մկաններում (հիմնականում իրանի և վերջույթների), որտեղ զարգանում են, պարուրաձև ոլորվում, ապա պատիճավորվում և այդ վիճակում կենսունակությունը կարող են պահպանել երկար տարիներ:
Մարդը Տ-ով վարակվում է՝ սննդի մեջ օգտագործելով կիսաեփ կամ անբավարար