հասած կծկանքի ախտանշաններն են մաշկի անզգայացումը և գունատվելը: Ց-յանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը: Ց. պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:
Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը: Վերջույթների սրունքաթաթային և ճաճանչադաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների Ց. հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ: Մարմնի ցրտահարված հատվածին բնորոշ են գունատ կամ կապտավուն մաշկը, վերջույթների փայտացման զգացումը: Տաքացնելիս ցրտահարված հատվածն այտուցվում է, այնուհետև, կախված Ց-յան աստիճանից, աստիճանաբար առաջանում են բորբոքային փոփոխություններ, ծանր դեպքերում՝ մեռուկացում:
Ըստ ախտահարման բնույթի՝ տարբերում են Ց-յան 4 աստիճան:
I աստիճանն առավել թեթև է, ցրտահարված հատվածը տաքացնելիս այտուցվում է, մաշկը՝ կապտում: II աստիճանը ծանր է, մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկներ: III աստիճանի դեպքում մաշկի վրա գոյանում են արյունային հեղուկով բշտիկներ, որոնք, մի քանի օրից մեռուկանալով, պոկվում են, իսկ տեղերը՝ սպիանում: IV աստիճանի Ց. շատ ծանր է, ախտահարվում են ոչ միայն մաշկը, այլև փափուկ հյուսվածքները և նույնիսկ ոսկրերը: Մեռուկացած հյուսվածքները կնճռոտվում են, դառնում մուգ դարչնագույն և աստիճանաբար պոկվում: Բուժումը երկարատև է: Ց-յան ծանրությունը կախված է ցրտի ազդեցության տևողությունից: Ուստի տուժածին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել տաք տեղ, իսկ II-IV աստիճանների դեպքում՝ փոխադրել բուժհիմնարկ: Մինչև բժշկի գալը կամ տուժածին բուժհիմնարկ տանելը ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40°C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել: Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից. ցուրտ եղանակներին հագնել տաք հագուստ, անջրանցիկ կոշիկներ, բրդե գուլպաներ ևն: Ց-յան կանխարգելման համար մեծ նշանակություն ունի նաև օրգանիզմի կոփումը: Տես Նաև Ձմռուկ:
ՈՒՂԵՂԱՊԱՏՅԱՆԱԲՈՐԲ, մենինգիտ, առաջանում է տարբեր միկրոօրգանիզմներով (մենինգոկոկեր, ստաֆիլոկոկեր, վիրուսներ, նախակենդանիներ, սնկիկներ) ախտահարվելիս: Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն)՝ խոսելիս, հազալիս, փռշտալիս, համբուրվելիս: Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների լորձենաբորբով (կատառ) հիվանդ անձինք: Դրա համար էլ Ու-ի բռնկումները հաճախ լինում են սեզոնային՝ ձմռան, գարնան և աշնան ամիսներին: Ու. կարող է ուղեկցել նաև առանձին վարակիչ հիվանդությունների (գլխուղեղի բորբոքում և գլխուղեղուղեղապատյանաբորբ), որոնց հարուցիչները փոխանցվում են տզերի և մոծակների միջոցով:
Ու. կարող է լինել նաև միջին ականջի (տես Ականջաբորբ), քթի հավելյալ ծոցերի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), վարակիչ հիվանդությունների (գրիպ, կարմրուկ, խոզուկ, տուբերկուլոզ, սիֆիլիս) բարդություն: Երեխաները Ու-ով հիվանդանում են ավելի հաճախ:
Հիվանդությունն սկսվում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացմամբ, դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ (մինչև 38-40°C), հաճախակի փսխումներով, որոնք կապված չեն սնունդ ընդունելու հետ: Մեծ տարիքի երեխաները գանգատվում են գլխացավից, ավելի փոքրերը ցավից ճչում են, դառնում անհանգիստ: Անհանգստությունը փոխարինվում է թորշոմածությամբ ու գիտակցության մթագնումով: Հիվանդները վատ են տանում արտաքին գրգռիչները՝ ուժեղ լույսը, բարձր ձայնը, աղմուկը, ցանկացած հպումներ, սովորաբար գլուխը ծածկում են վերմակով: Ծանր ՈՒ-ի ժամանակ հիվանդը պառկում է կողքի, գլուխը հետ թեքած, ոտքերը ձգած: Պարանոցի, մեջքի, որովայնի մկանները խիստ լարված են, որի հետևանքով հիվանդը չի կարող գլուխը խոնարհել: Մաշկը գունատ է, շրթունքներն ու նրանց շուրջ մաշկը՝ կապտած, շնչառությունը՝ հաճախացած: Երեխաները հրաժարվում են սննդից, բայց խմում են հաճախ և մեծ քանակով: Հիվանդ նորածինները դժվար են բռնում կուրծքը, հաճախակի փսխում են, բարձրանում է ջերմաստիճանը: Մեծ մասամբ առաջանում են նաև ցնցումներ:
Հիվանդությունը ոչ միշտ է սկսվում և ընթանում այդպես բուռն: 2-րդային Ու-ի ժամանակ գլխացավը և հիվանդի ընդհանուր վիճակի վատացումն ընթանում են դանդաղ: Վարակիչ հիվանդություններով (օրինակ՝ տուբերկուլոզով) բարդանալիս միայն ընդհանուր վիճակն է վատանում: Եթե Ու. չի ախտորոշվում, և հիվանդն անհրաժեշտ բուժում չի ստանում, ապա սկսում է առաջանալ վերը նկարագրած ծանր հիվանդության պատկերը:
Ու-ով հիվանդին հարկավոր է անհապաղ հոսպիտալացնել: Հիվանդանոցում