բազմաթիվ փորձարար. հետազոտությունները:
Փորձարար. ուռուցքաբանության հիմնադիր ռուս անասնաբույժ Մ. Նովինսկին 1876-ին 1-ինը հաջողությամբ շան ձագին պատվաստեց հասուն շան ուռուցք: Ու-ի պատվաստումը պատկերացում տվեց ուռուցքային հյուսվածքի ինքնավարության (անկախության) մասին, որն ընդունակ է աճել ու զարգանալ առանձին օրգանիզմներոմ՝ շատ տարիների ընթացքում: Բազմակի և երկարատև պատվաստած Ու., որոնք անվանվում են ուռուցքային շտամներ, Ու-ի տարբեր հատկությունների, բուժման նոր մեթոդների և նոր դեղանյութերի հետազոտման օբյեկտ են: Ուռուցքաբանության բնագավառում լայնորեն կիրառվում են օրգանիզմից դուրս ուռուցքային հյուսվածքների և բջիջների աճեցման մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս խորացնել հետազոտությունները մոլեկուլային ախտաբանության, էլեկտրոնային մանրադիտման և հյուսվածաքիմիայի բնագավառներում: Փորձարար. հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ Ու. (օրինակ՝ հավերի սարկոման, ճագարների մաշկի պապիլոման, մկների կաթնագեղձերի քաղցկեղը) կարող են առաջանալ վիրուսներով ախտահարվելիս: Տեղեկություններ կան նաև ուռուցքածին վիրուսների մասին, որոնք տարբեր կենդանիների մոտ առաջացնում են տարբեր Ու.: Սակայն քաղցկեղի ծագման ժամանակակից վիրուսային տեսության կողմնակիցներն այն վարակիչ հիվանդություն չեն համարում:
Վաղուց հաստատվել է, որ մի քանի մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող է առաջանալ քաղցկեղ, որի պատճառն այս կամ այն քիմ. նյութի հետ երկարատև շփումն է (ծխնելույզ մաքրողների մաշկի քաղցկեղը, անիլինային ներկերի արտադրությունում աշխատողների միզապարկի քաղցկեղը): Ռադիոակտիվ հանքատեսակներ արդյունահանողների քաղցկեղով հիվանդացության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու չարորակ Ու. կարող են առաջանալ իոնացնող ճառագայթների ազդեցությունից: Այդ մասին են վկայում ռենտգենյան սարքերը սպասարկող բժշկ. և տեխ. անձնակազմի մոտ նախկինում հանդիպող քաղցկեղի դեպքերը:
Նշված դիտարկումները հետաքրքրություն առաջացրին բազմաթիվ փորձարար. հետազոտությունների հանդեպ, որոնց օգնությամբ ապացուցվեց, որ քիմ. միացությունների տարբեր կարգերին պատկանող մի շարք նյութեր կարող են առաջացնել քաղցկեղ և այլ չարորակ ու բարորակ Ու.: Դրանք անվանում են քաղցկեղածին (օնկոգեն, բլաստոմոգեն) նյութեր, որոնք կարող են Ու. առաջացնել մաշկի վրա, շնչուղիներ և մարսող. ուղիներ ընկնելիս և միզային համակարգով օրգանիզմից հեռանալիս: Ուռուցքածին նյութերը պարունակվում են տարբեր ծխերի մեջ, արդ. թափոններում և ներքին այրման շարժիչների արտանետած գազերում (ավտոտրանսպորտ, ավիացիա ևն):
Շրջակա միջավայրում գտնվող քաղցկեղածին նյութերից բացի, Ու. կարող են առաջացնել նաև օրգանիզմում գոյացող (օրինակ՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով) ուռուցքածին նյութերը: Ապացուցված է նաև, որ օրգանիզմում ուռուցքածին նյութեր կարող են առաջանալ սննդի որոշ տարրերից:
Ինչպես արտածին, այնպես էլ ներծին ուռուցքածին նյութերը կարող են անցնել ընկերքի միջով և ազդել պտղի վրա: Սաղմնային հյուսվածքները չափազանց զգայուն են ուռուցքածին նյութերի նույնիսկ չնչին չափաքանակների նկատմամբ: Արդյունքում համեմատաբար վաղ և մեծ թվով դեպքերում կարող են առաջանալ տարբեր Ու.: Այդպիսի երևույթը կոչվում է անդրընկերքային ուռուցքածնություն: Այն ապացուցված է ոչ միայն կենդանիների վրա դրված բազմաթիվ փորձերով, այլև կլինիկ. դիտարկումներով: Այսպես, օրինակ, երիտասարդ աղջիկների ու կանանց մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում ընդունել են մեծ քանակությամբ հորմոնային պատրաստուկներ, առաջացել է սեռ. օրգանների քաղցկեղ: Ուռուցքածին նյութերի անդրընկերքային փոխանցմամբ կարելի է բացատրել երեխաների մոտ շատ Ու-ի ի հայտ գալը:
Ու-ի առաջացման ու խորացման համար կարևոր է օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը, որը պայմանավորված է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հատկություններով: Հայտնի են մարդու Ու-ի մի քանի հազվադեպ ձևեր և նախաքաղցկեղային վիճակներ, որոնք կարող են փոխանցվել ժառանգաբար (ցանցաթաղանթի ուռուցք և մաշկի գումակային նախաուռուցքային ախտահարում, որը հեշտությամբ վերածվում է մաշկի քաղցկեղի): Ժառանգ. գործոնները հիմնականում որոշում են միայն Ու-ի հանդեպ նախատրամադրվածությունը, այսինքն՝ ուռուցքածին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի այս կամ այն հակազդեցությունը, սակայն դրանց արդյունքի իրականացման համար էական նշանակություն ունեն օրգանիզմի պաշտպան., իմունակենսբ. ուժերը և նրա ընդհանուր վիճակը, որը կախված է սննդից և կյանքի մյուս պայմաններից:
Այսպիսով, Ու. կարող են առաջանալ տարբեր (քիմ., ֆիզ., կենսբ.) գործոնների ազդեցություններից: Ահա թե ինչու ներկայումս գրեթե հանրաճանաչ է ուռուցքի առաջացման բազմագործոնային (պոլիէթիոլոգ.) տեսությունը:
Ու-ի վերաբերյալ կուտակված գիտ. տվյալները հնարավորություն են տալիս առանձնացնել դրանց կանխարգելման 2 ճանապարհ. 1. առաջացման կանխում կամ առաջնային կանխարգելում, 2. խորացման կանխում կամ 2-րդային (կլինիկ.) կանխարգելում: 1-ին ճանապարհը նախատեսում է մարդու վրա ազդող ուռուցքածին գործոնների վերացումը կամ նվազեցումը: Հաստատված է, որ ուռուցքի առաջացումը կախված է ուռուցքածին ազդակի որոշակի չափաքանակից, որքան չափաքանակը փոքր է, այնքան քիչ են Ու-ի դեպքերը:
Անիլինային ներկերի արդ-յան մեջ ուռուցքածին նյութերի հետ շփման նվազեցումը հանգեցնում է միզապարկի քաղցկեղով հիվանդացության նվազման: Ներկայումս ռենտգենաբանների, ծխնելույզ մաքրողների և այլ մասնագետների մոտ հանդիպող քաղցկեղը վերացել է՝ շնորհիվ աշխատանքի պայմանների բարելավման, նոր տեխնոլոգիայի ներդրման, պաշտպան. միջոցների և անձնական հիգիենայի կանոնների կիրառման, որոնք նպաստել են օրգանիզմի վրա ուռուցքածին ազդակի ազդեցության վերացմանը: Մթն. օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադր. գործընթացի հերմետիկացումը և անթափոն տեխնոլոգիան կանխում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ և նպաստում թոքերի քաղցկեղի կանխարգելմանը: Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, կոքսաքիմ., նավթավերամշակման և մետաղագործ. արդ-յան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են քիմ. ուռուցքածին նյութերի թափոնների նվազմանը (տես Շրջակա միջավայրի պահպանություն): Նպատակահարմար քաղաքաշինությունը, փողոցների օդափոխելիությունը ևն կանխում են ավտոտրանսպորտի արտանետած գազերի կուտակումը: Շրջակա միջավայրի աղտոտվածության կանխման համար հաստատված են ուռուցքածին նյութերի ՍԹԿ մթնոլորտում, ջրամբարներում, հողում: Հարկավոր է իմանալ, որ օրգանիզմն ուռուցքածին նյութերի