Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/724

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փ-ի հաճախակի պատճառներից է ավշային անոթների խցանումը մակաբույծ որդերով (ֆիլարիաներ), որոնց փոխանցողները մլակներն են: Փ-ի ժամանակ առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթները: Հիվանդության սկզբում ոտնաթաթի թիկնային հատվածը թեթևակի այտուցվում է, որը կարող է պակասել և նույնիսկ անհետանալ ոտքին բարձր դիրք տալուց հետո: Փ. սաստկանալիս այտուցը պահպանվում է մշտապես, տարածվում է ամբողջ ծայրանդամի վրա, որի մաշկածածկույթներն ընդարձակվելով՝ առաջացնում են խոշոր հաստ ծալքեր: Վերջիններիս միջև գոյանում են խոր ակոսներ, և ամբողջ վերջույթը հիշեցնում է փղի ոտք: Հաճախ մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բազմաթիվ մանր բշտեր:

Բուժում է բժիշկը: Ծանր դեպքերում բուժումը վիրահատական է:

Կանխարգելումը. անձնական հիգիենայի կանոնների պահպանում, նշված հիվանդությունների ժամանակին բուժում:

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ, տրանսպլանտացիա: Հարյուրավոր տարիներ մարդկությանը հետաքրքրել է հիվանդ, ախտահարված, ֆունկցիան կորցրած օրգանի կամ նրա մասի փոխարինման հնարավորության հարցը: Կենդանուց մարդուն հյուսվածքների պատվաստման մասին 1-ին հիշատակությունները վերաբերում են հուն. դիցաբանությանը, իսկ միջնադարի քրիստոնեական լեգենդները և ժող. ասքերը պատմում են քթի և նույնիսկ 1 անհատի ամբողջ վերջույթը մյուսին հաջող փոխպատվաստելու մասին:

Մարդը կամ կենդանին, որից վերցնում են օրգանը կամ հյուսվածքը, անվանվում է դոնոր (տվող), իսկ օրգանիզմը, որին փոխպատվաստում են՝ ռեցիպիենտ (վերցնող): 1 օրգանիզմի սահմաններում իրականացվող փոխպատվաստումն անվանում են ինքնապատվաստում (աուտոպլաստիկա) կամ ինքնափոխպատվաստում (աուտոտրանսպլանտացիա), օրինակ՝ ծավալուն այրվածքների ժամանակ մարմնի մեկ հատվածի մաշկը մյուսին պատվաստելը: Մարդուց մարդուն կամ կենդանուց կենդանուն (1 տեսակի սահմաններում) պատվաստումն անվանում են այլափոխպատվաստում (ալլոտրանսպլանտացիա), կենդանուց՝ մարդուն (օրինակ՝ եզան արյան անոթները մարդուն պատվաստելը աթերոսկլերոզով ախտահարված զարկերակների փոխարեն)՝ քսենոտրանսպլանտացիա:

Օրգանների և. հյուսվածքների փոխպատվաստումը գիտ. մարմնավորում է ստացել միայն 1905-ին, երբ ֆրանս. վիրաբույժ Ա. Կարելը փորձառ. նպատակով փոխպատվաստեց շան երիկամը: 1-ին հաջող փորձից հետո այդ վիրահատությունն սկսեց արագորեն տարածվել շատ երկրներում:

1934-ին խորհրդային բժիշկ Յու. Յու. Վորոնն աշխարհում 1-ինը 26 տարեկան կնոջը (որի մոտ սուլեմայով թունավորման հետևանքով երիկամներում առաջացել էին անվերադարձ փոփոխություններ) փոխպատվաստեց երիկամ: Սակայն վիրահատությունն ավարտվեց անհաջող, հիվանդը մահացավ:

1965-ին վիրաբույժ Բ. Վ. Պետրովսկին ԽՍՀՄ-ում 1-ինը հաջողությամբ իրականացրեց երիկամի փոխպատվաստումը (մորից՝ աղջկան): 1 տարի անց նա 1-ինը հաջողությամբ փոխպատվաստեց զոհվածից վերցրած երիկամը: Այդ ժամանակից սկսած՝ երիկամի փոխպատվաստումը հաստատուն կերպով մտավ բուժման վիրաբուժ. մեթոդների զինանոցը:

Փոխպատվաստման անհաջողությունը պայմանավորված է իմունաբան. գործնթացներով, այսինքն՝ օտար հյուսվածքների հանդեպ օրգանիզմի անընկալությամբ (տես Իմունիտետ):

Յուրաքանչյուր օրգանիզմ խիստ անհատական է, և դա բացատրվում է օրգանիզմի առանձին համակարգերի (օրինակ՝ արյուն, հյուսվածքային հեղուկ ևն) սպիտակուցային մոլեկուլների կառուցվածքի առանձնահատկություններով: Դրա համար փոխպատվաստված յուրաքանչյուր հյուսվածք կամ օրգան նրա կողմից ընկալվում է որպես օտարածին մարմին: Այդ հակազդեցությունն առաջանում է պատվաստած հյուսվածքում գտնվող առանձնահատուկ նյութերի՝ հակածինների շնորհիվ: Յուրաքանչյուր մարդու հակածինների կազմը բնորոշվում է որոշակի անհատականությամբ, և դրանով էլ որոշվում է հյուսվածքների անհամատեղելիության աստիճանը: Այն, օրինակ, բացակայում է միաձվածին երկվորյակների մոտ, որովհետև նրանց հակածինների կազմը բացարձակապես միատեսակ է. ծնողների և երեխաների միջև արդեն որոշ չափով ի հայտ է գալիս տարբերություն, բայց այն արտահայտված է ավելի թույլ, քան տարբեր մարդկանց միջև, որոնց հյուսվածքների անհամատեղելիությունը փոխպատվաստման ժամանակ (փոխպատվաստումային իմունիտետ) ավելի ուժեղ է արտահայտված: Անհամատեղելիության այդ հակազդեցությամբ է բացատրվում փոխպատվաստած օրգանի հաճախակի անջատումն ու մահացումը:

Վերջին տարիներին հայտնաբերվել և հաջողությամբ կիրառվում են իմունիտետի անցանկալի երևույթներն ընկճող նյութերը՝ իմունաընկճողներ (իմունոդեպրեսանտներ): Դրանց շարքն են դասվում հորմոնային, քիմիաբուժ. առանձին պատրաստուկները, իոնացնող ճառագայթումը: Իմունաընկճողների կիրառման շնորհիվ հաջողությամբ փոխպատվաստվել են տարբեր օրգաններ:

Հյուսվածքային անհամատեղելիության ընկճման վիրաբուժ. տեխնիկան և աստիճանը վիրահատության հաջող ելքը որոշող եզակի գործոններ չեն. կարևոր նշանակություն ունի փոխպատվաստած օրգանի կենսունակությունը՝ ռեցիպիենտի արյան շրջանառությանը միացնելու պահին: Դա հատկապես վերաբերում է մահացածից վերցրած օրգանների պատվաստմանը: Նման դեպքերում դոնորի մահվան պահից սկսած մինչև օրգանի հեռացումը և ռեցիպիենտին պատվաստումը անցնում է բավական ժամանակ (մինչև մի քանի ժ), որը վտանգի տակ է դնում պատվաստած օրգանի կենսունակությունը: Այդ հանգամանքը օրգանների պահածոյման նոր ուղղության զարգացման խթան հանդիսացավ, այսինքն կիրառվեցին մեթոդներ ու միջոցներ՝ օրգանիզմից դուրս օրգանի կենսագործունեությունը մի քանի ժ պահպանելու համար: Բժիշկների, կենսաքիմիկոսների, ճարտարագետների և ֆիզիոլոգների ջանքերով ստեղծվել են սարքեր և հատուկ լուծույթներ, որոնց շնորհիվ հաջողվել է մինչև 24 ժ պահպանել օրգանի կենսունակությունը: Այդ եղանակով պահպանված երիկամները