Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/741

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Կոշիկների ներսը թարմացնելու, ոտքերի սնկիկային հիվանդությունները կանխելու և քրտինքի հոտը վերացնելու նպատակով կարելի է օգտագործել հատուկ աերոզոլեր:

Ափերի Ք-յան ժամանակ նույնպես կիրառում են ձեռքերի լոգանք և մաշկը շփում սալիցիլային կամ քափուրի սպիրտով: Դեմքի Ք. կարելի է վերացնել լոսյոններով և քացախաթթվով:

Կայուն Ք-յան դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի:

ՔՈՒԹԵՇ, վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են 2-7 տարեկան երեխաները: Հարուցիչը ստրեպտոկոկն է (տես Բակտերիաներ): Հիվանդացությունն ավելի բարձր է աշնան-ձմռան ամիսներին:

Վարակվում են հիվանդ երեխայից, որը շրջապատի համար վտանգավոր է ամբողջ հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց հետո որոշ ժամանակ: Վարակի աղբյուր կարող են լինել Ք-ի թեթև և ջնջված (անախտանշան) ձևերով հիվանդները (օրինակ՝ հասուն տարիքում երբեմն Ք. կարող է ընթանալ անգինայի նման): Հարուցիչը, գտնվելով հիվանդի խորխի, լորձի, թքի կաթիլներում, հազալիս, խոսելիս, փռշտալիս ընկնում է օդի մեջ, այնուհետև շնչուղիներով թափանցում առողջ երեխայի օրգանիզմ (վարակի փոխանցման օդակաթիլային ճանապարհ): Ք-ի հարուցիչը կարող է որոշ ժամանակ պահպանվել նաև հիվանդի օգտագործած առարկաների վրա, որոնք նույնպես վարակի աղբյուր են դառնում:

Առավել հաճախ ստրեպտոկոկերն օրգանիզմ են թափանցում բկանցքով, հազվադեպ՝ վնասված մաշկի միջոցով: Ընկնելով լորձաթաղանթի վրա՝ ստրեպտոկոկերը բազմանում են և առաջացնում բորբոքային փոփոխություններ: Ք-ային ստրեպտոկոկերի արտադրած ուժեղ թույնը (տոքսին), անցնելով արյան մեջ, առաջացնում է ընդհանուր թուլություն, ցան, նյարդային և սիրտանոթային համակարգերի ախտահարում: Թույնի հանդեպ օրգանիզմի ալերգ. հակազդեցության (տես Ալերգիա) հետևանքով հիվանդության 2-3-րդ շաբաթում կարող են ախտահարվել հոդերը, երիկամները, սիրտը: Ստրեպտոկոկերի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկման ժամանակ երբեմն դրանք ընկնում են արյան մեջ և հանգեցնում օրգանիզմի ընդհանուր վարակման (տես Արյան վարակում): Հիվանդության այդպիսի ձևերը բնորոշ են 1-3 տարեկան երեխաներին: Ք-ի հարուցիչը 2-7 (երբեմն՝ 11) օր կարող է գտնվել մարդու օրգանիզմում և չառաջացնել հիվանդության ախտանշաններ (տես Գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արագ բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են ընդհանուր թուլություն, կոկորդի ցավեր, կարող է լինել սրտխառնոց, փսխում (երբեմն՝ հաճախակի): Հիվանդության 1-ին 10-12 ժամերին մաշկը մաքուր է, չոր և տաք: Բկանցքը վառ կարմիր է, նշագեղձերը՝ մեծացած: Ցանն առաջանում է հիվանդության 1-ին օրվա վերջին կամ 2-րդ օրվա սկզբին, տեղադրվում է պարանոցի, մեջքի վերին հատվածի, կրծքի մաշկի վրա, այնուհետև տարածվում ամբողջ մարմնով: Այն հատկապես առատ է ձեռքերի ծալվող մակերևույթների, կողքերի և որովայնի ստորին հատվածի վրա: Ցանը կարմիր է կամ ալ վարդագույն՝ մանր, կակաչի սերմի մեծությամբ, խիտ դասավորված բծերի տեսքով: Հաճախ նկատվում է մաշկի քոր: Դեմքի վրա գունատ են մնում միայն կզակն ու վերին շրթունքի մաշկը՝ առաջացնելով Ք-ային սպիտակ եռանկյունի: Լեզուն չոր է և սպիտակ փառով ծածկված, 3-րդ օրն այն մաքրվում է և դառնում մորեգույն կարմիր: Հիվանդության բոլոր ախտանշանները պահպանվում են 3-5 օր, այնուհետև՝ աստիճանաբար անհետանում: 1-ին շաբաթվա վերջին կամ 2-րդի սկզբին ցանի տեղում առաջանում է թիթեղավոր թեփոտում՝ սկզբում պարանոցի, ականջաբլթակների, այնուհետև ձեռքերի և ոտքերի մատների ծայրերին, ափերի և ներբանների վրա: Թեփոտումն ավարտվում է 2-3 շաբաթ անց:

Ք-ի ծանր ձևերը ներկայումս հազվադեպ են հանդիպում, ավելի հաճախ ընթացքը թեթև է. ջերմաստիճանի բարձրացումը չնչին է կամ չափավոր, թույլ են արտահայտվում նաև մյուս ախտանշանները: Սակայն հիվանդության նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ կարող են առաջանալ սրտի, երիկամների, նյարդային համակարգի բարդություններ:

Ավելի հաճախակի բարդություններից են ենթածնոտային և պարանոցային ավշահանգույցների բորբոքումները (երբեմն՝ թարախային), միջին ականջի բորբոքումը (տես Ականջաբորբ), թոքաբորբը, երիկամաբորբը, սրտամկանի, հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումները, ռևմատիզմի սրացումները:

Երբեմն, հիվանդության 3-4-րդ շաբաթում, նկատվում է գրեթե անհետացող ախտանշանների կրկնություն (ցան, անգինա, ջերմաստիճանի բարձրացում):

Հիվանդի հոսպիտալացման հարցը որոշում է բժիշկը: Եթե հիվանդությունն ընթանում է թեթև, և լավ խնամքն ապահովված է (տես Հիվանդի խնամք), հիվանդները կարող են բուժվել տանը՝ բժշկի հսկողությամբ:

Անկախ հիվանդության ձևից՝ հիվանդ երեխային հարկավոր է անկողնային ռեժիմ: Եթե ջերմաստիճանը բնականոն է և ինքնազգացողությունը բավարար, ճաշելիս և զուգարան գնալիս թույլատրվում է վեր կենալ: Հետագայում, բժշկի թույլտվությամբ երեխան կարող է տանը մի քիչ քայլել, այնուհետև պառկել կամ անկողնում նստած խաղալ: Սովոր. ռեժիմի կարող է անցնել միայն բժշկի թույլտվությամբ, քանի որ նույնիսկ ջերմաստիճանի բնականոնացումից և հիվանդության տեսանելի ախտանշանների անհետացումից հետո կարող են նկատվել սիրտանոթային համակարգի փոփոխություններ: Հիվանդին հարկավոր է տեղավորել առանձին սենյակում կամ վարագույրով մեկուսացնել նրա մահճակալը: Ցավոտ կլման ժամանակ 1-ին օրերին ցանկալի է տալ կաթնաբուս. սնունդ: Հարկավոր է կերակրել որոշակի ժամերի՝ օրը 5-6 անգամ: Ըստ երեխայի առողջացման աստիճանի՝ բժիշկը խորհուրդ է տալիս անցնել սովոր. սննդի՝ բացառելով կծու կերակրատեսակները և խիտ արգանակը: Հարկավոր է հաճախակի տալ կիտրոնով թեյ, բանջարեղենի