Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/742

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու մրգերի հյութեր: Հիվանդի սենյակում կահույքը, բոլոր առարկաները, հատակը մաքրել քլորամինի լուծույթով, երեխայի հիվանդության ընթացքում փափուկ կահույքն ու գորգերը ավելի լավ է հավաքել կամ ամեն օր մաքրել փոշեկուլով: Անհրաժեշտ է օդափոխել բնակարանը, երեխայի համար առանձնացնել ամանեղեն, ներքնաշորեր և անկողնու սպիտակեղեն, երեսսրբիչ, թաշկինակ (դրանք անպայման եռացնել): Երեխային խնամողը պետք է հագնի արտահագուստ կամ այդ նպատակի համար առանձնացնի շրջազգեստ, քիթն ու բերանը ծածկի թանզիֆե (3-4 շերտ ծալած) դիմակով, որն ամեն օր հարկավոր է փոխել և եռացնել: Հիվանդի հետ շփվելուց հետո ձեռքերը լվանալ օճառով, սենյակից դուրս գալիս արտահագուստը հանել: Նույնիսկ հիվանդության 1-ին օրերին հարկավոր է պահպանել երեխայի հիգիենայի կանոնները: Ջերմաստիճանը բնականոնանալիս բժշկի թույլտվությամբ երեխան պետք է հիգիենային ցնցուղ կամ լոգանք ընդունի՝ վաղ մանկ. տարիքի երեխաները՝ ամեն օր կամ օրընդմեջ (38°C ջրով, 10 ր), իսկ ավելի մեծերը՝ 3-5 օրը մեկ (թեփոտման շրջանում՝ 1-2 օր անց), առանց ճիլոպի կամ սպունգի: Երեխաները պետք է ամեն օր բերանը ողողեն կերակրի սոդայի (1 թեյի գդալ սոդա՝ 1 բաժակ եռացրած ջրին) կամ ֆուրացիլինի (1 հաբ՝ 1 բաժակ ջրին) լուծույթով: Անկախ հիվանդության ծանրության աստիճանից՝ բուժման ու բարդությունների կանխարգելման նպատակով բժիշկը դեղանյութեր է նշանակում, որոնք ընդունելիս հարկավոր է խստորեն պահպանել դեղաչափերը և ժամերը: Բուժումն ինքնուրույն ընդհատել չի թույլատրվում՝ նույնիսկ երեխայի բավարար ինքնազգացողության ժամանակ: Երեխայի մեկուսացումը, ինչպես հիվանդանոցում, այնպես էլ տանը, տևում է 10 օրից ոչ պակաս (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների): Բժիշկն ըստ ցուցումների կարող է այդ ժամկետը երկարացնել: Նախադպրոց. տարիքի երեխաներին և 1-2-րդ դասարանի աշակերտներին մսուր-մանկապարտեզ ու դպրոց հաճախել թույլատրվում է հիվանդանոցից դուրս գրվելուց կամ տանը մեկուսացնելուց 12 օր անց, այսինքն՝ հիվանդության սկզբից հաշված 22 օր անց: Հիվանդի հետ շփված և չհիվանդացած երեխաներին մանկ. հիմնարկ և դպրոցի 1-2-րդ դասարաններ հաճախել չի թույլատրվում՝ հիվանդի մեկուսացման պահից սկսած 7 օր: 8 տարեկանից բարձր մյուս երեխաների, ինչպես նաև մանկ. հիմնարկներում աշխատող մեծերի համար նույն ժամկետով բժշկ. հսկողություն է սահմանվում:

Անգինայով հիվանդ հասուն մարդկանց հարկավոր է մեկուսացնել երեխաներից, քանի որ այն կարող է լինել Ք-ային անգինա և վարակել նրանց:

ՔՈՒՆ, պարբերաբար առաջացող վիճակ, որի ժամանակ ստեղծվում են օրգանիզմի (հատկապես կենտր. նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Ք. կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար: Նրա կյանքի 1/3-ն անցնում է ամենօրյա պարբերաբար առաջացող Ք-ի վիճակում:

Ք-ի ժամանակ նկատվում են մկանային տոնուսի փոփոխություններ (քնած մարդու մկանների մեծ մասը թուլացած է), զգացողության բոլոր տեսակների (տեսողություն, լսողություն, համ, հոտառություն, մաշկային զգացողություն) խիստ թուլացում: Անպայման և պայման. ռեֆլեքսներն արգելակվում են: Պակասում է հյուսվածքների արյունամատակարարումը, որն ուղեկցվում է նյութափոխանակության ուժգնության նվազմամբ՝ 8-10 %-ով, և ջերմաստիճանի իջեցմամբ:

Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ Ք. ոչ միայն հանգիստ է, այլև աշխատանք, որն ուղղված է օրվա ընթացքում կուտակված տարբեր տեղեկությունների վերամշակմանը: Ք-ի ժամանակ գլխուղեղի աշխատանքը չի ընդհատվում, որի մասին վկայում է նրա կենսաէլեկտր. ակտիվության պահպանումը: Կենսապոտենցիալներն արտացոլում են գլխուղեղի բջիջներում տեղի ունեցող կենսաքիմ. գործընթացները և գլխուղեղի ակտիվ գործունեությունը (տես Կենսաէլեկտրական երևույթներ): Դրանք հեռանում են գլխի տարբեր կետերից միաժամանակ, ընկալվում, ուժեղացվում և գրանցվում են հատուկ գերզգայուն սարքով՝ էլեկտրաուղեղագրիչով: Գլխուղեղի կենսապոտենցիալների գրանցված պատկերը՝ էլեկտրաուղեղագիրը (ԷՈՒԳ), ունի տարբեր ֆիզիոլոգ. վիճակներին համապատասխանող բնորոշ տեսք:

Բազմաթիվ դիտարկումներ ցույց են տվել, որ Ք-ի մեջ ընկղմվելն ուղեկցվում է ԷՈՒԳ-ի վրա մեծ լայնույթի հազվադեպ ալիքների ի հայտ գալով: Կենսապոտենցիալների տատանումների հաճախությունը նվազում է 1-1,5 ժ ընթացքում, որից հետո այն նորից ավելանում է, և էՈՒԳ-ի վրա ի հայտ են գալիս արթնությանը բնորոշ ցածրալայնութային հաճախակի ալիքներ: Գիշերային Ք-ի ժամանակ նկատվում են կենսապոտենցիալների տատանումների հաճախության մի քանի (4-5) բարձրացումներ և իջեցումներ:

ԷՈՒԳ-ի օգնությամբ հայտնաբերվել են Ք-ի 2 տեսակ. հանգիստ, դանդաղ (օրթոդոքսային) Ք.՝ առանց երազատեսության, և ակտիվ, արագ (պարադոքսային) Ք.՝ երազատեսությամբ: Դանդաղ Ք-ի բնորոշ առանձնահատկություններն են շնչառության և սրտի հաճախության նվազումը, աչքերի շարժումների դանդաղումը: Արագ Ք-ի ժամանակ ցուցանիշները սովորաբար հաճախանում են: Արագ Ք. ավելի խորն է դանդաղի համեմատ (քնած մարդուն արթնացնելը դժվար է, մկանները չափից ավելի են թուլացած), բայց և ավելի մակերեսային է, եթե դատենք ըստ ԷՈՒԳ-ի, շնչառության, անոթազարկի փոփոխությունների, փակ կոպերի տակ աչքերի արագ շարժումների: Դրա համար էլ արագ Ք. անվանում են պարադոքսային:

Դանդաղ Ք. սովորաբար զբաղեցնում է գիշերային Ք-ի տևողության 75-80 %-ը, արագը՝ 20-25 %-ը: Դրանց իրար հաջորդումը բնորոշ է առողջ մարդկանց, նման դեպքում մարդն իրեն զգում է լրիվ հանգիստ և առույգ: Արագ և դանդաղ Ք-ի տևողության շեղումները, դանդաղ Ք-ի ժամանակ հաճախակի արթնացումները հանգեցնում են մարդու նյարդային համակարգի խանգարումների, ազդում նրա հոգեկան, հուզ. վիճակների և ուշադրության վրա:

Ք-ի առավել հաճախակի խանգարումներից են բարձր քնկոտությունը (հիպերսոմնիա) և անքնությունը: Բարձր քնկոտությունն ավելի հաճախ բնորոշ է ծանր վարակիչ հիվանդություններ (բծավոր տիֆ, ուղեղապատյանաբորբ, գրիպ) կրած անձանց, լինում է նաև սակավարյունության, գլխուղեղի բորբոքային հիվանդությունների (օրինակ՝ գլխուղեղի բորբոքման) հետևանքով առաջացած նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ: Անքնությունը հանդիպում է ավելի հաճախ: Այն կարող է ուղեկցվել տարբեր հիվանդություններով: Դրանց թվին են պատկանում նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները, որոնք կապված են ուժեղ հոգեկան վնասվածքների, նևրոզների, պսիխոզների (տես Հոգեկան հիվանդություններ), գլխուղեղի օրգ. հիվանդությունների (հատկապես գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի), ներքին օրգանների և ներզատիչ գեղձերի հիվանդությունների հետ: Անքնության ժամանակ Ք-ի խանգարումները կարող են լինել 3 տեսակ. արթուն վիճակից Ք-ի անցման փուլի դժվարացում,