հաճախակի արթնացումներով մակերեսային անհանգիստ Ք. և վաղ վերջնականապես արթնացում: Անքնությամբ տառապող մարդիկ սովորաբար գանգատվում են քնատությունից, բայց ինչպես պարզվել է հետազոտություններով, նրանց Ք-ի տևողությունն այնքան էլ քիչ չէ և հավասար է 5-5,5 ժ (բնականոն Ք. տևում է 6,5 ժ-ից ոչ պակաս): Հարցը Ք-ի որակի խանգարումն է: Լրիվ կամ ամբողջական անքնությունը, որի ժամանակ գերակշռում է երբեմն նինջով ընդմիջվող արթնությունը, հանդիպում է հազվադեպ:
Բժշկագիտությունը տրամադրում է անքնության դեմ բավարար արդյունավետ միջոցներ՝ օգտագործելով քիմիայի, ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, կիբեռնետիկայի նորագույն հաջողությունները: Հատկապես կարևոր է կարգավորել դանդաղ և արագ Ք-ի տևողությունը: Այդ փուլերի տևողության վրա ազդող դեղանյութերը ոչ միշտ կարելի է օգտագործել՝ օրգանիզմի վրա կողմնակի ազդեցության հետևանքով: Դրա համար կարևոր նշանակություն են ձեռք բերում մարդու վրա ազդելու հատուկ մեթոդները («էլեկտրաքուն» ապարատ), ձայնային, լուսային, ջերմային և անդրաբարձր հաճախության ազդանշանները ևն:
Ք-ի որակի վրա ազդում է քունարթնություն ամբողջ փուլը: Ք. կախված է արթնության մակարդակից, օրվա կարգ ու կանոնից, ֆիզ. և հոգեկան վիճակից:
ՕԴ, երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդ: Հիգիենային գնահատման դեպքում հաշվի են առնվում Օ-ի քիմ. կազմը, ֆիզ. հաստատունները (ջերմաստիճան, խոնավություն, շարժման արագություն, մթն. ճնշում), ինչպես նաև մեխ. խառնուրդները (փոշու և միկրոօրգանիզմների պարունակություն):
Մթնոլորտի գազերի խառնուրդում ամենամեծ տես. կշիռ ունեն ազոտը (78,09 %՝ ըստ ծավալի) և թթվածինը (20,95 %): Օ-ի ընդհանուր զանգվածը Երկրի վրա 5,13 x 1015 տ է: Մարդու համար ամենակարևոր բաղադրիչը թթվածինն է: Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18 x 1015 տ թթվածին, որի պաշարները լրացվում են բույսերի կողմից այն արտազատելու հաշվին, որոնք տարեկան առաջացնում են մոտ 0,5 x 1012 տ թթվածին: Որքան շատ բույսեր են շրջապատում մեզ, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է Օ.: Հանգստի ժամանակ մարդու պահանջը թթվածնի նկատմամբ կազմում է ժամում 12-17 լ, իսկ աշխատանքի ընթացքում այն մեծանում է: Արյան՝ թթվածնով հագեցման մեծությունը կախված է ոչ թե Օ-ում դրա տոկոսային պարունակությունից, այլ թթվածնի մասնական (պարցիալ) ճնշումից, այսինքն՝ ընդհանուր մթն. ճնշման թթվածնին բաժին ընկնող մասից: Օրինակ՝ ծովի մակերևույթի վրա թթվածնի պարունակությունն Օ-ում կազմում է 20,9 %, իսկ մասնական ճնշումը՝ 158,84 մմ ս.ս., թոքաբշտիկներում գտնվող Օ-ում (տես Շնչառական համակարգ)՝ միևնույն պայմաններում թթվածնի պարունակությունը չի գերազանցում 14,5 %, մասնական ճնշումը հավասար է 103,38 մմ ս.ս., իսկ երակային արյան մեջ այն ավելի ցածր է՝ 40 մմ ս.ս.: Մասնական ճնշման տարբերությունն ապահովում է թթվածնի անցումը թոքաբշտիկային Օ-ից արյան մեջ, վերջինիցս էլ թաղանթների միջոցով՝ հյուսվածքային հեղուկի մեջ: Չնայած մթն. Օ-ի բաղադրությունը ցանկացած բարձրության վրա հաստատուն է՝ բարձրանալիս թթվածնի մասնական ճնշումը փոքրանում է՝ մթն. ճնշմանը համապատասխան: Օրինակ՝ ծովի մակերևույթից 1000 մ բարձր. վրա մթն. ճնշումը հավասար է 674 մմ ս. ս. թթվածնի մասնական ճնշումը՝ 141 մմ ս. ս., իսկ 3000 մ բարձր. վրա՝ համապատասխանաբար՝ 525,98 և 110 մմ ս. ս:. Օ-ում թթվածնի մասնական ճնշման նվազումն անդրադառնում է օրգանիզմի վիճակի վրա: 140 մմ ս. ս. մասնական ճնշման դեպքում նկատվում են թթվածնաքաղցի 1-ին նշանները: Մինչև 110 մմ ս. ս. մակարդակին իջնելու դեպքում ի հայտ են գալիս լեռնային հիվանդության ախտանշանները՝ գլխապտույտ, մկանների թուլություն, հևոց, սրտխփոց և այլ ֆունկցիոնալ խանգարումներ: Մասնական ճնշումը մինչև 55,8-48,3 մմ ս. ս. մակարդակին իջնելը (որը համապատասխանում է 8000-9000 մ բարձրությանը) վտանգավոր է կյանքի համար:
Ազոտն այդ պայմաններում իներտ է, սակայն Օ-ում նրա պարունակության զգալի բարձրացումը նվազեցնում է թթվածնի մասնական ճնշումը և կարող է ունենալ թմրեցնող ազդեցություն: Սակայն մթն. Օ-ում նման երևույթներ չեն դիտվում, քանի որ ազոտի պարունակության տատանումներն աննշան են: Ջրի տակ աշխատելու ընթացքում ճարտարագիտատեխ. կանոնները խախտելիս ջրասույզների մոտ կարող են դիտվել ազոտի թմրեցնող ազդեցության նշաններ, գրգռված վիճակ, տեսող., լսող. և շոշափական ընկալման ուշացում, հիշողության վատացում, շարժումների համաձայնեցման խանգարում: Խորությունից արագ բարձրանալու դեպքում թոքաբշտիկային Օ-ի ազոտի և օրգանիզմի հյուսվածքներում լուծված ազոտի մասնական ճնշումների միջև ստեղծվում է մեծ տարբերություն: Ազոտի ավելցուկն արյունից արտազատվում է գազի պղպջակների ձևով՝ առաջացնելով կեսոնային հիվանդություն (տես Ապաճնշումային հիվանդություններ):
Ածխաթթու գազը կամ ածխածնի երկօքսիդը մթն. Օ-ի մշտ. բաղկացուցիչ մասն է: Դրա կոնցենտրացիան Օ-ում բնականոն պայմաններում կազմում է 591 մգ/մ3 (0,03 %՝ ըստ ծավալի): Ածխաթթու գազը մթնոլորտ է թափանցում կենդանի օրգանիզմների կենսագործունեության, այրման, նեխման և խմորման գործընթացների հետևանքով: Արդ. քաղաքների Օ-ում ածխաթթու գազի կոնցենտրացիան մեծանում է բոլոր տեսակի վառելիքների այրման նյութերի ներթափանցման հաշվին՝ հատկապես ձմռանը: Ածխաթթու գազը գրգռում է շնչառ. կենտրոնը: Դրա պարունակության նվազումը մթն. Օ-ում էական վտանգ չի ներկայացնում առողջության համար, իսկ բարձրացումն անհետևանք չէ օրգանիզմի համար: Օ-ում 3-4 % ածխաթթու գազի պարունակության դեպքում առաջանում են գրգռված վիճակ, գլխացավ, աղմուկ ականջներում, անոթազարկի դանդաղում, իսկ 10% կոնցենտրացիայի ժամանակ կարող է առաջանալ գիտակցության կորուստ և մահ: Ածխաթթու գազի պարունակությամբ են գնահատում Օ-ի մաքրության աստիճանը բնակելի և հաս. շենքերում: Բնակելի շինություններում այն չպետք է գերազանցի 0,1 %-ը: Դրա կոնցենտրացիայի բարձրացումը վկայում է անբավարար օդափոխանակության մասին: Այդ պայմաններում անհրաժեշտ է շտապ օդափոխել փակ շինությունները (տես Օդափոխություն):
Մթն. Օ-ում աննշան քանակությամբ պարունակվում են արգոն, նեոն, հելիում,