մեթան, կրիպտոն, ազոտի ենթօքսիդ, ջրածին, քսենոն, օզոն և ռադոն: Բացի այդ, կարող է պարունակվել նաև ծծմբային գազ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ածխաջրածիններ, ծծմբաջրածին և այլ նյութեր, որոնք Օ. են թափանցում արդ. ձեռնարկությունների և տրանսպորտի արտանետվածքների հետ: Մթնելորտում տեղի է ունենում Օ-ի աստիճան. ինքնամաքրում կողմնակի խառնուրդներից, բայց արդ-յան զարգացման հետ բնական հավասարակշռությունը խախտվում է: Ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել մթնոլորտի սանիտարական պահպանությանը:
Օ-ի ֆիզ. հատկություններից օրգանիզմի վրա մշտապես ներգործում է ջերմաստիճանը, որն ազդում է ջերմափոխանակության վրա: Ուժեղ տաքացած Օ-ում երկարատև գտնվելու դեպքում, որը զուգակցվում է ֆիզ. ծանրաբեռնվածության հետ, նկատվում են ջերմաստիճանի բարձրացում, անոթազարկի արագացում, սիրտանոթային համակարգի գործունեության թուլացում, ուշադրության նվազում, հակազդեցությունների դանդաղում, շարժումների ճշգրտության և համաձայնեցման խանգարում, ախորժակի վատացում, արագ հոգնելիություն, աշխատունակության նվազում: Օ-ի ցածր ջերմաստիճանը, մեծացնելով ջերմատվությունը, օրգանիզմի սառեցման վտանգ է ստեղծում: Առողջության համար հատկապես վտանգավոր են ջերմաստիճանի արագ և կտրուկ անկումները: Բնակելի շինություններում հանգիստ վիճակում կամ թեթև աշխատանք կատարելիս մարդու համար առավել բարենպաստ են տարվա անցումային և ձմեռային շրջանում 20-22°C, տաք շրջանում՝ 22-25°C ջերմաստիճանը, 30-60 % հարաբեր. խոնավությունը և Օ-ի շարժման 0,15-0,3 մ/վրկ արագությունը:
Մթն. Օ-ում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնցով Օ-ի հագեցածությունը կոչվում է խոնավություն: Օ-ի միևնույն ջերմաստիճանը, կախված խոնավությունից, մարդն ընկալում է միանգամայն տարբեր կերպ: Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը: Բնականոն ջերմանկալման համար կարևոր է Օ-ի շարժունությունը: Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վրկ է, ամռանը՝ 0,2-0,3 մ/վրկ: 0,15 մ/վրկ արագությամբ շարժվող Օ. առաջացնում է թարմության զգացում: Նշանակություն ունի նաև Օ-ային հոսքի ուղղությունը: Այսպես՝ սառը Օ-ի հոսքը դեմքի վրա դուրեկան է, նույն հոսքը մեջքին, պարանոցին և ծոծրակին ընկալվում է որպես միջանցիկ քամի:
Օ-ում կարող են պարունակվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ ախտածին: Փակ շինությունների Օ. կարող է նպաստել որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես օդակաթիլային վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ ևն) տարածմանը: Բաց մթնոլորտում ախտածին մանրէները հազվադեպ են հանդիպում, որը պայմանավորված է անդրամանուշակագույն ճառագայթների ոչնչացնող ազդեցությամբ: Շինությունների Օ-ի մաքրության համար անհրաժեշտ է մշտ. օդափոխություն, հատակի մաքրում, փոշու հեռացում: Բուժհիմնարկներում և հաս. օգտագործման շինություններում կիրառում են օդորակումը:
ՕԴԱՅԻՆ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ԼՈԳԱՆՔՆԵՐ, բուժիչ և կոփող բուժարարողություններ, որոնց ժամանակ օգտագործվում են օդի և արևի ճառագայթային էներգիայի բուժիչ հատկությունները: Օ. և ա.լ կլիմայաբուժության հիմքն են, առողջարանաառողջավայրային բուժման էական տարրերը և կիրառվում են նաև առօրյայում: Օդային լոգանքներ: Թարմ օդն ազդում է մասնակի կամ լրիվ մերկ մարմնի վրա: Օդային լոգանքի ձև է, այսպես կոչված, պատշգամբային բուժումը, որն իրականացվում է բաց պատշգամբում երկարատև մնալով: Հիվանդները նման դեպքերում հագնվում են ըստ եղանակի: Ցուրտ ամիսներին օգտագործում են տաք վերմակներ: Ազատ շարժվող օդը, գրգռելով մաշկի նյարդային վերջույթները, լավացնում է շնչառությունը և արյունը հագեցնում թթվածնով: Բարձրանում են օքսիդացման և նյութափոխանակության ուժգնությունը, մկանային և նյարդային համակարգերի տոնուսը, մարզվում օրգանիզմի ջերմակարգավորման համակարգերը, լավանում ախորժակը, քունը: Օդային լոգանքներն օգտակար են այնպիսի վայրերում, որտեղ օդում թթվածնի պարունակությունը բարձր է, և օդը հագեցած է ծովի աղերով, թեթև աերոիոններով:
Օդային լոգանքները նշանակում է բժիշկը: Դրանք հանձնարարվում են օրգանիզմը (հատկապես՝ երեխաների) կոփելու, շրջապատող միջավայրի անբարենպաստ ազդեցությունների հանդեպ դիմադրողականությունը բարձրացնելու (տես Օրգանիզմի կոփում) նպատակով, ինչպես նաև մի շարք հիվանդությունների, հատկապես թոքերի և այլ օրգանների տուբերկուլոզի, սակավարյունության, նյարդային համակարգի ֆունկցիոնալ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ: Հակացուցումներն են սուր տենդային հիվանդությունները, ռևմատիզմի սրացումները, հոդերի քրոնիկ. բորբոքային հիվանդությունները (տես Հոդաբորբ), սուր նյարդաբորբերը և մկանաբորբերը:
Օդային լոգանքները կարող են լինել տաք (22՞C-ից բարձր), անտարբեր (21- 22°C), զով (17—20°C), չափավոր սառը (9- 16°C) և սառը (0-8°C): Բուժման ընթացակարգն սկսում են օդի ջերմաստիճանի 20°C-ից բարձրի դեպքում: Լոգանքի տևողությունն սկզբում 10-15 ր է, այնուհետև ամեն օր ավելացնում են 10-15 ր և հասցնում մինչև 1,5-2 ժ: Ջրով լոգանքներն սկզբում ընդունում են 3-7 ր, այնուհետև տևողությունն օրական ավելացնում են 3-5 ր և հասցնում մինչև 25-60 ր: Օդի ջերմաստիճանի 17°C-ից ցածրի դեպքում օդային լոգանքն ընդունելիս գերսառեցումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում կատարել թեթև ֆիզ. վարժություններ: Սառը օդային լոգանքները խորհուրդ են տրվում մարզված մարդկանց, դրանց տևողությունը չպետք է գերազանցի 7-20 ր, որպեսզի հիվանդը չմրսի կամ «սագամաշկ» չառաջանա: Պատշգամբային բուժման ժամանակ օդային լոգանքի տևողությունը 2-3-6 ժ է, երբեմն նպատակահարմար է պատշգամբում անցկացնել ամբողջ օրը: Արևային լոգանքներ: Արևի ճառագայթների կազմը և դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա միատեսակ չեն: Արևի ճառագայթները կազմված են աչքով