Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն՝ տանը (բժշկի թույլտվությամբ)՝ խստորեն կատարելով բժշկի նշանակումները: Չի թույլատրվում որովայնին ջեռակ դնել, քանի որ այն կարող է նպաստել բորբոքման տարածմանը: Անհրաժեշտ է հետևել աղիքների ամենօրյա դատարկմանը, բացառել սուր, գրգռիչ սնունդը: Սեռ. հարաբերությունները կտրականապես արգելվում են: Բարձր ջերմաստիճանի դեպքում խորհուրդ է տրվում ընդունել առատ ըմպելիք (կիտրոնով թեյ, լոռամրգի օշարակ): Ջերմաստիճանի իջեցումը, ցավերի մեղմանալը և ինքնազգացողության լավացումը դեռևս հիվանդի ապաքինման նշաններ չեն, և չի կարելի առանց բժշկի գիտության ընդհատել դեղորայքի ընդունումը, խախտել ռեժիմը: Բորբոքային գործընթացը կարող է ձգձգվել և դառնալ քրոնիկ.:

Քրոնիկ. ձևի ժամանակ սրացումները սովորաբար առաջանում են օրգանիզմի մրսածության, գերհոգնածության, դաշտանի, վիրաբուժ. միջամտության (արգանդի մարմնի լորձաթաղանթի քերում) հետևանքով: Նման դեպքերում ցավերն ուժեղանում են, ջերմաստիճանը բարձրանում, դաշտանն առատանում է, դառնում տևական, երբեմն՝ խիստ ցավոտ: Դա հանգեցնում է ինքնազգացողության վատացման և անաշխատունակության (երբեմն՝ երկարատև):

Բորբոքման ընթացքում առաջացած կպումները խախտում են արգանդափողերի անցանելիությունը, որը կարող է հետագայում արտարգանդային հղիության և անպտղության պատճառ դառնալ: Հիվանդության երկարատև (սովորաբար 2-3 տարուց ավելի) ընթացքը կարող է առաջացնել նյարդաներզատ. խանգարումներ, որոնք արտահայտվում են գերլարվածությամբ, դյուրագրգռելիությամբ, արագ հոգնելիությամբ, ճարպակալմամբ կամ խիստ նիհարելով, ինչպես նաև ձվարանների գործունեության խանգարումով: Վերջինս հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման և անպտղության:

Կայուն առողջացումը և բազմաթիվ խանգարումների կանխումը հնարավոր է միայն երկարատև և կանոնավոր բուժմամբ, որը հիվանդից պահանջում է մեծ համբերություն և տոկունություն:

Արգանդի հավելումների քրոնիկ. բորբոքման բուժման համար օգտագործում են դեղանյութեր, արդյունավետ են ֆիզիոթերապևտիկ. բուժարարողությունները՝ առողջարանային բուժում, բուժ. մարմնամարզություն ևն: Օրգանիզմի պաշտպան. ֆունկցիաների ուժեղացմանը նպաստում են ֆիզ. թեթև վարժությունները, մաքուր օդում զբոսանքը, լիարժեք, վիտամիններով հարուստ սնունդը: Հիվանդության սրացումների ժամանակ (որովայնի ստորին շրջանի ցավեր, ինքնազգացողության վատացում ևն) հարկավոր է անհապաղ դիմել բժշկի և խստորեն կատարել նրա հանձնարարականները: Բժշկի նշանակած բուժման ընթացաշրջանը չի կարելի ընդհատել և ինքնուրույն դեղորայք ընդունել: Բուժման շրջանում հարկավոր է պաշտպանվել հղիությունից (տես Հղիության կանխում), իսկ հղիանալիս խորհուրդ չի տրվում կատարել արհեստ. վիժում, քանի որ վերջինս կարող է ծանրացնել հիվանդության ընթացքը: Հիվանդության սրացումները կանխելու համար անհրաժեշտ է խուսափել օրգանիզմի գերսառեցումից (հատկապես դաշտանի ժամանակ խոնավ հողի, քարի վրա չնստել, լողանալուց հետո խոնավ հագուստով չմնալ): Ա.հ.բ. կանխարգելելու նպատակով վիժած և ծննդաբերած կանանց համար մշակված են հիգիենային հատուկ հանձնարարականներ (տես Վիժում, Հետծննդյան շրջան):

ԱՐԳԱՆԴԻ ՄԿԱՆԱԼՈՐՁԵՆԱԲՈՐԲ, մետրոէնդոմետրիտ, առաջանում է հիվանդածին մանրէները (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ, տուբերկուլոզի ցուպիկ, գոնոկոկեր ևն) արգանդ ընկնելիս: Առավել հաճախ դրան նպաստում են վիժումները (հատկապես՝ արտահիվանդանոցային), սեռ. օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռ. հարաբերության ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում հիգիենայի կանոնների խախտումները: Հիվանդությունը բնորոշվում է որովայնի ստորին հատվածի ձգող ցավերով, սպիտահոսությամբ, արյունաջրային, երբեմն՝ նույնիսկ արյունային արտադրությամբ: Ջերմաստիճանը բարձրանում է, զգացվում է ընդհանուր թուլություն, կարող է լինել երկարատև արյունային արտադրություն արգանդից: Հնարավոր են բարդություններ, բորբոքման տարածումը հարևան օրգանների վրա, անպտղություն ևն:

Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել գինեկոլոգի և խստորեն կատարել նրա հանձնարարականները: Կանխարգելման համար անհրաժեշտ է վիժումից հետո և հետծննդյան շրջանում խստորեն պահպանել բժշկի հանձնարարած հիգիենային ռեժիմը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնները:

ԱՐԳԱՆԴԻ ՎԶԻԿԻ ԼՈՐՁԵՆԱԽԱԽՏ, արգանդի վզիկի հեշտոցային հատվածի ամբողջականության խախտում կամ էպիթելային ծածկույթի փոփոխություն (էրոզիա): Հայելու օգնությամբ զննելիս արգանդի վզիկի բացվածքի շուրջ նկատվում են վառ կարմիր հատվածներ:

Առավել հաճախ Ա.վ.լ. կապված է սեռական օրգանների բորբոքումների (օրինակ՝ արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքման), հեշտոցաբորբի, արգանդի հավելումների բորբոքման ևն հետ, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթը գրգռող և փխրունացնող արտադրությամբ: Լորձենախախտը կարող է առաջանալ ծննդաբերության և վիժումների ժամանակ արգանդի վզիկի լորձաթաղանթի վնասման, հորմոնային խանգարումների դեպքերում: Ա.վ.լ. կարող է լինել նաև բնածին:

Հիվանդությունը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ՝ առանց զգացնել տալու, և կինն, իրեն առողջ համարելով, բժշկի չի դիմում: Սակայն երկարատև գոյություն ունեցող և հատկապես չբուժված լորձենախախտը կարող է ուռուցքի (այդ թվում՝ չարորակ) առաջացման պատճառ դառնալ: Ա.վ.լ. որքան վաղ հայտնաբերվի, այնքան դյուրին և արագ կբուժվի: Հիվանդության հայտնաբերման համար կարևոր են կանխարգելիչ զննումները (տես Բժշկական զննում, կնոջ կանխարգելիչ զննում): Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կին տարին 2 անգամ կանոնավոր դիմի գինեկոլոգի: Շատ կարևոր է սեռ. օրգանների բորբոքումների (հեշտոցաբորբ, արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքում) և ծննդաբերության, վիժման ժամանակ առաջացած վնասվածքների վերացումը:

ԱՐԳԵԼԱԿՈՒՄ, դրդումը ճնշող կամ կասեցնող նյարդային գործընթաց: Ա-ման երևույթը կենտրոնական նյարդային համակարգում հայտնաբերել է ռուս ֆիզիոլոգ Ի. Սեչենովը, 1862-ին: Տարբերում են նաև ծայրամասային Ա., որն առաջանում է անմիջապես մկաններում կամ գեղձային տարրերում: Ա. իրականանում է նյարդային վերջույթների կողմից արտադրվող հատուկ քիմ. նյութերի՝ միջնորդանյութերի օգնությամբ: Վերջիններս, փոխազդելով նյարդային բջջաթաղանթի առանձնահատուկ մոլեկուլների հետ, բարձրացնում են դրա դրդելիության շեմքը կամ «մարում» այնտեղ ավելի վաղ ծագած դրդման գործընթացը: Հայտնաբերվել են Ա-ման մասնագիտացված նյարդային բջիջներ:

Ա-ման մեխանիզմները վատ են ուսումնասիրված, բայց այդ գործընթացի ֆունկցիոնալ նշանակությունը և կարևոր դերը օրգանիզմի տարբեր ֆիզիոլոգ.