օրգանիզմի հիմն. ֆիզիոլոգ ֆունկցիաների (արյան շրջանառություն, շնչառություն, ջերմակարգավորում, նյութափոխանակություն) համար:
Ա.ե. հաջողությամբ կիրառվում է սուր և քրոնիկ. երիկամային անբավարարության, հատկապես միզարյունության, ինչպես նաև. թունավորումների մեծամասնության ժամանակ:
Տես նաև ՆԵֆրոլոգիա, Ուրոլոգիա:
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ, տես Կրծքի երեխա հոդվածում:
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմում գազափոխանակությունն ապահովելու համար օդի պարբերաբար արհեստ. փոխադրումը թոքեր և ընդհակառակը:
Ա.շ-յան անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ շնչառությունը բացակայում կամ խանգարվում է այն աստիճան, որ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում: Ա.շ. ջրահեղձների (տես Ջրահեղձություն), շնչահեղձների (տես Շնչահեղձություն), էլեկտրահարության (տես Էլեկտրավնասվածք), ջերմահարության, որոշ թունավորումների ժամանակ 1-ին օգնության անհետաձգելի միջոցառում է:
Կլինիկ. մահվան, այսինքն ինքնուրույն շնչառության և սրտի բաբախման բացակայության դեպքում, Ա.շ. կատարում են սրտի մերսման (տես Մերսում սրտի) հետ միաժամանակ:
Ա.շ-յան տևողությունը կախված է շնչառության խանգարումների ծանրությունից, այսինքն այն պետք է շարունակել մինչև ինքնուրույն շնչառության վերականգնվելը: Մահվան ակնհայտ նշանների (դիակային բծեր, դիակային փայտացում) առկայության դեպքում Ա.շ. հարկավոր է ընդհատել:
Ա.շ. սկսելուց առաջ տուժածի քթից ու բերանի խոռոչից հեռացնում են լորձն ու թուքը, փսխման զանգվածները, սննդի մնացորդները, արյան մակարդուկները, ատամների պրոթեզները, հողը ևն: Տուժածի կրծքավանդակը, որովայնը և վերջույթներն ազատում են այն ամենից, ինչը կարող է խանգարել դրանց շարժումները: Քանի որ Ա.շ-յան դեպքում կարող է պահանջվել նաև սրտի մերսում, տուժածին կամ հիվանդին հարկավոր է պառկեցնել կոշտ մակերևույթի (հատակ, հող, նստարան, փայտե վահանակ) վրա: «Բերան-բերանի» մեթոդով Ա.շ. կատարելու համար օգնություն ցույց տվողը կանգնում է տուժածի գլխավերևում: Տուժածի գլուխը հարկավոր է առավելագույն չափով հետ թեքել (Նկ. 1): Դրա համար օգնողը մի ձեռքի ափն անցկացնում է տուժածի վզի տակ, բարձրացնում նրան՝ աղեղնաձև դիրք տալով: Մյուս ձեռքի 1-ին և 2-րդ մատներով սեղմում է քիթը (վերջին հնարքը ոչ միայն խանգարում է բերանը ներփչած օդի ելքին, այլև օգնում է գլուխը հետ թեքած դիրքում պահելուն), բերանը, որպես կանոն, բացվում է ինքնուրույն: Եթե տուժածի ծնոտները կիպ սեղմված են, մատներով (նկ. 2) բռնում է ստորին ծնոտի անկյուններից և այն առաջ շարժում: Օգնողը խորը շնչառում է, ապա շրթունքները թաշկինակի վրայից կիպ կպցնում տուժածի բերանին և ուժեղ արտաշնչում բերանի մեջ: Արտաշնչումից հետո օգնողը բերանը հեռացնում է տուժածի բերանից: Տուժածի կրծքավանդակը ներս է ընկնում և կատարում է շնչառում: Օդի ներփչումը կրկնում են ռիթմիկորեն՝ շնչառության սովոր հաճախությանը համապատասխան: Ա.շ-յան «բերան-քթի» եղանակի ժամանակ օգնողը տուժածի գագաթին դրած ձեռքով գլուխը պահում է հետ թեքած դիրքում, մյուս ձեռքով ծնոտը վեր բարձրացնելով՝ փակում է բերանը (նկ. 3): Խորը շնչառում է, շրթունքներով թաշկինակի միջոցով բռնում հիվանդի քիթը և օդը փչում դրա մեջ: Եթե արտաշնչելիս հիվանդի թոքերի անկումն անբավարար է, հարկավոր է տուժածի բերանը բացել: Ա.շ-յան «բերան-քթի» եղանակի անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ օգնողը բերանը լայն բացելուց հետո ի վիճակի չէ շուրթերը կիպ կպցնել տուժածի բաց բերանին: Հերմետիկության բացակայության պատճառով օդը դուրս է գալիս գոյացած ճեղքից, հիվանդի թոքեր չի հասնում, և տուժածի կրծքավանդակն անշարժ է մնում: Հարկավոր է հաշվի առնել, որ մարդու արտաշնչած օդը պարունակում է բավարար քանակությամբ թթվածին՝ տուժածի կենսագործունեության ապահովման համար: Ա.շ-յան վերոհիշյալ եղանակները պարզունակ են, մատչելի՝ ցանկացած իրավիճակում և ունեն մեծ առավելություն ձեռքով կատարվող եղանակների համեմատությամբ:
Ա.շ-յան ձեռքով կատարվող բոլոր եղանակները (Սիլվեստրի, Շեֆերի, Հովարդի և ուր.) պակաս արդյունավետ են, քանի որ չեն ապահովում թոքերի օդափոխության համար պահանջվող օդի ծավալը (1 լ և ավելի): Ինչպես շտապ բժշկ. օգնության անձնակազմը, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում Ա.շ. կատարելիս օգտագործում են հատուկ սարքեր: Գոյություն ունեն այդպիսի սարքերի շատ համակարգեր, բայց դրանք հիմնված են տուժածի շնչառ. ուղիների մեջ օդի կամ թթվածնի հետ նրա խառնուրդի ներփչման վրա, ընդ որում՝ մուտք գործած օդի քանակությունը, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը կարգավորվում է ինքնաբերաբար: Գոյություն ունեն Ա.շ-յան այնպիսի սարքեր, որոնք տուժածին լրիվ մեկուսացնում են շրջապատող օդից, դրանք օգտագործվում են թունավորված մթնոլորտում օգնություն ցույց տալու համար, օրինակ՝ լեռնափրկարար. աշխատանքների