Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիաստոլայի վերջում հասնում է նվազագույն մեծության (խոշոր զարկերակներում՝ 70-80 մմ ս.ս.): Սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը (այդ մեծությունների տատանումները) ընկալվում է անոթազարկային ալիքի ձևով և կոչվում է անոթազարկ:

Արյունատար անոթներում եղած ճնշումը փոքրանում է սրտից հեռանալուն զուգընթաց: Այսպես՝ աորտայում այն կազմում է 140/90 մմ ս.ս. (1-ին թիվը ցույց է տալիս սիստոլային կամ վերին, 2-րդը՝ դիաստոլային կամ ստորին ճնշումը): Խոշոր զարկերակներում Ա.ճ. միջինը 120/75 մմ ս.ս. է: Զարկերակիկներում սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը գործնականում բացակայում է, իսկ Ա.ճ. կազմում է մոտ 40 մմ ս.ս.: Մազանոթներում նվազում է մինչև 10-15 մմ ս.ս.: Արյունը երակային հուն անցնելիս ճնշումն ավելի է ընկնում և առավել խոշոր երակներում (վերին և ստորին սիներակներում) կարող է դառնալ բացասական:

Ա.ճ-ման մեծությունն իմանալու համար որոշում են զարկերակային ճնշումը, քանի որ մազանոթային կամ երակային ճնշումը չափելը տեխնիկապես բարդ է: Զարկերակային ճնշումը չափելու նպատակով օգտագործում են զարկերակաճնշաչափեր (սֆիգմոմանոմետր): Արմունկից վերև թևն ամուր փաթաթում են բազկակապով, որը միացած է զարկերակաճնշաչափի և ռետինե տանձիկի հետ: Վերջինիս օգնությամբ բազկակապի մեջ օդ է մղվում, և այն սեղմում է զարկերակային անոթները: Այնուհետև օդը դանդաղորեն բաց է թողնվում: Այն պահին, երբ սիստոլային ճնշումը բազկային զարկերակում մի փոքր գերազանցում է բազկակապում եղած ճնշմանը, արյունը դուրս է հոսում սեղմված շրջանից և զարկերակի պատին հարվածելուց հետո առանձնահատուկ ձայն արձակում (Կորոտկովի հնչյուն), որը լավ լսելի է լսափողով (ֆոնենդոսկոպով): Վերջինս դրվում է արմնկային ծալքի շրջանում՝ բազկային զարկերակի վրա: Այդ պահին բազկակապի ճնշումն ընդունվում է հավասար սիստոլայինին: Շարունակելով օդը դուրս թողնել՝ արյան ավելի մեծ բաժիններ են անցնում արյունատար անոթներով, և ինչ-որ պահ բազկակապը դադարում է սեղմել զարկերակը նույնիսկ դիաստոլայի ժամանակ: Կորոտկովի հնչյունները կտրուկ թուլանում են, իսկ բազկակապի ճնշումն ընդունվում է հավասար դիաստոլայինին:

Բնականոն պայմաններում Ա.ճ-ման մեծությունը կախված է անձի առանձնահատկություններից, կենսակերպից, զբաղմունքից, տարիքից (մոտավոր արժեքները տրված են աղյուսակում), բարձրանում է անսովոր ֆիզ. ծանրաբեռնվածության, հուզ. լարվածության և այլ դեպքերում: Սակայն մշտապես ծանր ֆիզ. աշխատանքով զբաղվող անձանց, ինչպես նաև մարզիկների սիստոլային ճնշման մեծությունը կարող է փոքրանալ և կազմել 100-90, դիաստոլայինը՝ 60 և նույնիսկ 50 մմ ս.ս.:

Զարկերակային ճնշման մեծության մոտավոր արժեքները տարբեր տարիքային շրշաններում

Տարիքը (տարիներով) Զարկերակային ճնշումը (մմ ս.ս.) Զարկերակային ճնշումը (մմ ս.ս.)
սիստոլային դիաստոլային
16-20 100-120 70-80
20-40 120-130 70-80
40-60 մինչև 140 մինչև 90
60-ից բարձր 150 90

Երեխաների սիստոլային ճնշման մեծությունը կարելի է մոտավորապես հաշվել 80+2a բանաձևով, որտեղ a-ն երեխայի տարիքն է:

Չնայած Ա.ճ-ման զգալի տատանումներին (օրինակ՝ կախված ծանրաբեռնվածությունից, հուզ. վիճակից ևն)՝ օրգանիզմում գոյություն ունեն դրա մակարդակի կարգավորման բարդ մեխանիզմներ, որոնք ձգտում են այդ գործոնների ազդեցության ավարտից հետո ճնշումը վերադարձնել բնականոն վիճակի: Մի շարք դեպքերում նշված կարգավորման մեխանիզմները խանգարվում են, որը հանգեցնում է Ա.ճ-ման մակարդակի փոփոխության: Ճնշման մակարդակի կայուն բարձրացումը կոչվում է զարկերակային գերճնշում, իսկ իջեցումը՝ զարկերակային թերճնշում: Թեպետ Ա.ճ-ման փոփոխությունը հաճախ ունի պաշտպանահարմարվող. նշանակություն, սակայն բնականոն վիճակից դրա շեղման դեպքում (իսկ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ) պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ճնշման մակարդակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Օրինակ՝ թերճնշումն առաջանում է թունավորումների, վարակիչ, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, գերճնշումը՝ ներզատիչ խանգարումների, երիկամների ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում, ինչպես նաև դեռահասների սեռ. հասունացման շրջանում (պատանեկան գերճնշում): Տես նաև Սիրտանոթային համակարգ:

ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄՆ ԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, դեղային պատրաստուկներ, որոնք հիմնականում նվազեցնում են արյունատար անոթների լարվածությունը (տոնուսը) և հանգեցնում լուսանցքի լայնացմանն ու զարկերակային ճնշման իջեցմանը: Կիրառվում են նաև սրտի կծկումների ուժգնությունը նվազեցնող դեղանյութեր, որոնք փոքրացնում են արյան մղումը դեպի աորտա, և դրա հաշվին արյան ճնշումն իջնում է: Որպես Ա.ճ.ի.դ. օգտագործվում են նաև միզամուղ դեղանյութերը, որոնք նպաստում են օրգանիզմից աղերի (առավելապես՝ նատրիումական) հեռացմանը՝ իջեցնելով զարկերակների լարվածությունը:

Ա.ճ.ի.դ. կիրառվում են հիպերտոնիկ հիվանդության և ախտանշանային զարկերակային գերճնշման բուժման համար: Չի կարելի դեղորայք ընդունել առանց բժշկի նշանակման, որովհետև դրանք կարող են լինել անարդյունավետ կամ առաջացնել ոչ ցանկալի երևույթներ (սրտի գործունեության թուլացում, սրտխառնոց, փսխում, թուլություն, գլխապտույտ ևն): Առանց հսկողության դեղային պատրաստուկների կիրառումը վտանգավոր է, քանի որ դրանք կարող են կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը և հանգեցնել կյանքի համար սպառնալի վիճակի՝ կոլապսի առաջացման: Ա.ճ.ի.դ. պետք է ընդունել բժշկի նշանակմամբ և խիստ հսկողությամբ:

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, արհեստական, հիվանդի օրգանիզմում հատուկ սարքի օգնությամբ ստեղծվող արյան արհեստ. հոսք: Արհեստ. շրջանառությունը կարելի է իրականացնել ինչպես ամբողջ օրգանիզմում, այնպես էլ առանձին օրգաններում (օրինակ՝ վերջույթներում): Արհեստ. շրջանառության արդի սարքերի օգնությամբ, որոնք ունեն պոմպ (սրտի դեր է կատարում), թթվածնարար (փոխարինում է թոքերին), կարելի է սրտի և խոշոր անոթների բնածին ու ձեռքբերովի արատների վերացման վիրահատություններ կատարել: Վիրահատության ընթացքում հիվանդի սիրտը ժամանակավորապես անջատվում է արյան հոսքից, իսկ արյունը երակներից խողովակածայրակների միջոցով պոմպով ներծծվում է արհեստ. շրջանառության սարքի մեջ, ապա անցնում թթվածնարարով, որտեղ հարստանում է թթվածնով ու վերադարձվում հիվանդի օրգանիզմ: Նշված սարքը հնարավորություն է տալիս արյան շրջանառությունը հիվանդի օրգանիզմում պահպանել բավականին երկար ժամանակ, որն անհրաժեշտ է վիրահատության համար: Ավարտից հետո սարքն անջատվում է, և սրտի աշխատանքի հաշվին վերականգնվում է արյան բնական հոսքը: