Թրոմբոֆլեբիտ) ժամանակ: Հնարավոր է նաև թրոմբոցիտների քանակի նվազում, օրինակ՝ դրանք արագ քայքայվում են դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի զգայնության բարձրացման, որոշ քիմ. նյութերով թունավորումների ժամանակ, որի հետևանքով ուժեղ արյունահոսություն է առաջանում:
Արյունաստեղծ օրգաններում են գոյանում արյան ձևավոր տարրերը: Այդ օրգաններն են՝ ոսկրածուծը, փայծաղը և ավշահանգույցները:
Ոսկրածուծը գլխ. արյունաստեղծ օրգանն է, որը լինում է կարմիր և դեղին: Կարմիր ոսկրածուծի ամբողջ հյուսվածքը լցված է արյան հասուն բջջային տարրերով: Մինչև 4 տարեկան երեխաների ոսկրային բոլոր խոռոչները լցված են ոսկրածուծով, իսկ մեծերի մոտ այն պահպանվում է տափակ ոսկրերում և խողովակավոր ոսկրերի գլխիկներում: Ի տարբերություն կարմիր ոսկրածուծի՝ դեղինում պարունակվում են ճարպային ներառումներ: Ոսկրածուծում են առաջանում էրիթրոցիտները, լեյկոցիտների տարբեր ձևերը և թրոմբոցիտները:
Ավշահանգույցները (տես Ավշային համակարգ) մասնակցում են արյունաստեղծմանը՝ առաջացնելով լիմֆոցիտներ և պլազմային բջիջներ:
Փայծաղը գտնվում է որովայնի խոռոչի՝ ձախ ենթակողային շրջանում և ամփոփված է ամուր պատիճով: Փայծաղի մեծ մասը կազմված է, այսպես կոչված, կարմիր և սպիտակ կակղանից (պուլպա): Կարմիր կակղանը լցված է ձևավոր տարրերով, հատկապես էրիթրոցիտներով, սպիտակը կազմված է լիմֆոիդային հյուսվածքից, որտեղ առաջանում են լիմֆոցիտները: Փայծաղը արյան հունից որսում է վնասված էրիթրոցիտները, միկրոօրգանիզմները և օրգանիզմին օտար տարրերը, այստեղ առաջանում են նաև հակամարմիններ (տես Իմունիտետ): Քանի որ օրգանիզմում արյան ձևավոր տարրերն անընդհատ քայքայվում են (օրինակ՝ թրոմբոցիտները 1 շաբաթ անց), ուստի արյունաստեղծ օրգանների հիմն. ֆունկցիան արյունը բջջային տարրերով լրացնելն է:
Արյունաստեղծումն էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն է: Սաղմի արյունաստեղծումն սկսվում է դեղնուցապարկում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում լյարդը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում է ոսկրածուծում: Ավշահանգույցներն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, փայծաղում արյունաստեղծումն սկսվում է միայն ծնվելուց հետո:
Արյան բոլոր տարրերի սկիզբը, այսպես կոչված, ցողունային բջիջներն են, որոնց մեծ մասն արյունաստեղծ օրգաններում գտնվում է հանգստի վիճակում: Ցողունային բջիջներից առաջանում են էրիթրոցիտային, լեյկոցիտային և թրոմբոցիտային արյունաստեղծ ծիլերը, որոնցից, մի շարք փոխակերպումներից հետո, գոյանում են արյան ձևավոր տարրերը (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ):
Ոսկրածուծի նախն. բջիջների վերջն. փոխակերպումը, այսինքն՝ հասունացումը, տեղի է ունենում արյունաստեղծ օրգաններում: Արյան հունի մեջ անցնում են բոլոր ֆունկցիաները կատարելու ունակ հասուն բջիջները: Առողջ օրգանիզմում արյան բջջային կազմը և արյունաստեղծ օրգանները կազմում են մի համակարգ, որը շարժուն հավասարակշռության մեջ է գտնվում, անընդհատ տեղի է ունենում արյան «ծերացած» բջիջների քայքայում և նորերի առաջացում: Նման հավասարակշռությունը կարգավորվում է արյունաստեղծման հատուկ գործոններով՝ հեմոպոետիններով:
Արյան կորստի, արյան մեջ թթվածնի անբավարարության, բորբոքային երևույթների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ժամանակ արյունաստեղծումն ուժեղանում է: Դա կոչվում է արյան ռեակտիվ փոփոխությունների վիճակ: Որոշ հիվանդությունների (օրգանիզմում երկաթի, վիտամին B12-ի, B6-ի պակասի, ստամոքսի հեռացման, որոշ թունավոր նյութերով թունավորման) ժամանակ առաջանում է տարբեր բնույթի սակավարյունություն:
Բացի դրանից, ոսկրածուծում կարող են առաջանալ ախտաբան. գործընթացներ, որոնց հիմն. արտահայտությունը արյան մեջ երիտասարդ (ոչ հասուն) բջջային տարրերի ավելացումն է:
Արյունաստեղծ համակարգի հիվանդությունները խիստ բազմազան են: Դրանք կարելի է բաժանել 3 հիմն. խմբի. սակավարյունություններ, հեմոբլաստոզներ (լեյկոզներ և որոշ այլ ձևեր) և արյունահոսական նախատրամադրվածություններ: Նշված հիվանդությունների պատճառները կարող են լինել ինչպես ժառանգ., այնպես էլ ձեռքբերովի՝ կապված ներքին կամ արտաքին գործոնների հետ: Այսպիսի բաժանումը պայմանական է, քանի որ արտաքին ազդակները մարդու օրգանիզմում կարող են ի հայտ բերել որոշ ժառանգ. թերություններ: Օրինակ՝ սալիցիլաթթվի (ասպիրինի) ընդունումից թրոմբոցիտների ժառանգ. թերություն (կպչելիության պակասություն) ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ ուժեղ արյունահոսություն: Իսկ եթե հիվանդը ասպիրին չընդունի, այդ թերությունը կարող է ի հայտ չգալ: Որոշ դեղանյութերի (սուլֆանիլամիդներ, հակաբիոտիկներ) առանց հսկողության, անկանոն ընդունումը կարող է այնպես ճնշել ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան, որ արյունաստեղծ օրգաններն ի վիճակի չլինեն լրացնել քայքայված ձևավոր տարրերի տոկոսը: Ժառանգ. թերությունների մեջ բացահայտվել Են հեմոգլոբինի երկաթ պարունակող խմբի (հեմի) առաջացման, արյան մակարդելիության համակարգի (տես Հեմոֆիլիա) խանգարումներ: Արյունաստեղծ համակարգի որոշ հիվանդությունների պատճառներն առայսօր ամբողջությամբ պարզաբանված չեն:
Արյան բաղադրության փոփոխությունները, հիվանդության ձևը որոշում է բժիշկը: ժամանակակից բժշկությունը մեծ հաջողությունների է հասել արյունաստեղծ համակարգի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գործում: Կատարվում են նաև առողջ մարդկանց արյան հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս երբեմն իրեն հիվանդ չհամարող մարդու մոտ հայտնաբերել հիվանդության ամենավաղ դրսևորում և այն բուժել ժամանակին: ՀՀ Ռ. Յոլյանի անվ. հանրապետ. արյունաբանության գիտ. կենտրոնում կիրառվում են ոսկրածուծի, ավշային հանգույցների, փայծաղի և լյարդի ուսումնասիրության նորագույն մեթոդներ: Արյան, արյունաստեղծ օրգանների բջիջներն ուսումնասիրվում են լուսային, ֆազակոնտրաստային և էլեկտրոնային մանրադիտակներով: Կիրառվում են նաև հետազոտության ռենտգենաբան. և ռադիոիզոտոպային, բջջագենետիկ կենսաքիմ. մեթոդներ:
Ամբուլատոր բուժման դեպքում հիվանդը պետք է խստորեն պահպանի նշանակված դեղանյութի ընդունման կարգը, լինի բժշկի հսկողության տակ, ժամանակին կատարի արյան անհրաժեշտ հետազոտությունները: Նման հիվանդները պետք է խուսափեն վարակիչ հիվանդների հետ շփվելուց, գրիպի համաճարակի դեպքում մարդաշատ վայրերում գտնվելուց, չմրսեն, երկար ժամանակ արևի տակ չմնան: Բժշկի նշանակումները ճիշտ կատարելիս հիվանդը պահպանում է աշխատունակությունը, կանխարգելվում են ուղեկցող հիվանդություններն ու բարդությունները:
Տես նաև Արյան խմբեր, Արյան փոխներարկում: