կրցնում են իրենց նշանակությունը: Օրինակ՝ ոզնիներին բնորոշ է պաշտպան. անպայման ռեֆլեքսը՝ վտանգի դեպքում կծկվել և փշերը ցցել: Շատ հազարամյակներ դա նրանց օգնել է, բայց 20-րդ դ. 2-րդ կեսին նկատել են, որ այդ ռեֆլեքսը ոզնիներին հասցրել է ոչնչացման եզրին, քանի որ գիշերները, տաքանալու համար դուրս գալով ավտոճանապարհների վրա, մեքենաները մոտենալիս, նրանք չեն փախչում, այլ փորձում են պաշտպանվել, ինչպես միշտ, իրենց փշերով և ընկնում են անիվների տակ: Նշանակում է՝ խիստ փոփոխվող պայմաններին հարմարվելու փորձը (անպայման ռեֆլեքսների օգնությամբ) կարող է օրգանիզմը հանգեցնել ոչնչացման: Ավելին, քանի որ տվյալ կենսբ. տեսակի բոլոր անհատների համար անպայման ռեֆլեքսները նույնն են, ապա կլիմայի կամ այլ գործոնների կտրուկ փոփոխության դեպքում կարող են ոչնչանալ շատ անհատներ: Միաբջիջ օրգանիզմների, որդերի, փափկամորթների ու հոդվածոտանիների մեծ թվով ոչնչացումը լրացվում է դրանց շատ արագ բազմացմամբ: Միանգամայն այլ կերպ են փոփոխվող պայմաններին հարմարվում բարձրակարգ կեննդանիներն ու մարդը: Ցածրակարգոդային գործունեության հիմքի վրա նրանց օրգանիզմում ձևավորվել են հարմարվողականության նոր մեխանիզմներ՝ Բ.ն.գ: Դրա օգնությամբ կենդանի օրգանիզմները կարող են արձագանքել ոչ միայն կենսաբանորեն կարևոր գործոնների (սննդային, սեռ., պաշտպան.) անմիջական ազդեցությանը, այլև դրանց հեռավոր հատկանիշներին:
Պայման. ռեֆլեքսը չափազանց բարդ երևույթ է, այն մշակվում է անպայման ռեֆլեքսի հիմքի վրա: Դրա առաջացման համար անհրաժեշտ է, որ շրջակա միջավայրում (կամ օրգանիզմի ներքին վիճակում) տեղի ունեցող որևէ փոփոխություն, որն ընկալել է կենդանին, ըստ ժամանակի զուգակցվի որևէ անպայման ռեֆլեքսի իրականացման հետ: Միայն այս պայմանով նշված փոփոխությունը կարող է դառնալ պայման. ռեֆլեքս առաջացնող գրգռիչ, որն անվանում են պայման., կամ ազդանշան: Օրինակ՝ շան կերակրամանի շրխկոցը թքարտադրություն կառաջացնի միայն այն դեպքում, եթե դա համընկնի կերի հետ, այսինքն՝ նախապես չեզոք գրգռիչները (ձայները) ամրապնդվել են՝ կերակրելով՝ անպայման գրգռիչով: Սա է պայման. ռեֆլեքսի առաջացման դասական սխեման: Սակայն անհրաժեշտ են նաև մի շարք այլ պայմաններ: Օրինակ՝ կերակրված շունը չի արձագանքի պայման. գրգռիչին: Դա նշանակում է, որ պայման. ռեֆլեքսը կարող է առաջանալ միայն համապատասխան կենսբ. պահանջի դեպքում: Մասնավորապես, սննդային պայման. ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է քաղցի զգացում: Նման իրավիճակները սուբյեկտիվորեն արտահայտում են օբյեկտիվ պահանջ, և հենց դրանք են պայմանավորում հետագա վարքագիծը՝ ուղղված պահանջի (տվյալ դեպքում սննդային) բավարարմանը: Դրանք կոչվում են դրդապատճառներ: Այսպիսով՝ ոչ թե օբյեկտիվ պայման. գրգռիչը, այլ 1-ին հերթին գերիշխող դրդապատճառներն են ապահովում պայման. ռեֆլեքսի իրականացման հնարավորությունը:
Ապացուցվել է, որ նպատակաուղղված վարքագծի ձևավորման գլխ. պայմանը գործողության կենսաբանորեն կարևոր արդյունքի ստացման հնարավորությունն է: Օգտակար հարմարվող արդյունքի ստացման համար էլ ձևավորվում է կենտր. և ծայրամասային տարատեսակ նյարդային ապարատների համախմբումը միասնական ֆունկցիոնալ համակարգում: Համաձայն այդ համակարգի տեսության՝ ցանկացած վարքագծային գործողության պարտադիր պայման է որոշակի շարժառիթը, որը միշտ առաջանում է կոնկրետ իրավիճակում: Բարձրակարգ կենդանիները և մարդը զգայարանների օգնությամբ անհրաժեշտ տեղեկություններ են ստանում ռեալ իրադրությունը պայմանավորող արտաքին գործոնների ամբողջության մասին: Այնուհետև միանում են այն մեխանիզմները, որոնք հիշողությունից հանում են անցյալում՝ նման պայմաններում տվյալ պատճառաբանման բավարարման դեպքերի մասին տեղեկությունները: Մասնավորապես, հենց հիշողությունն է հուշում, որ նախկինում պահանջի (օրինակ՝ սննդի) բավարարումը տեղի է ունեցել միշտ որոշակի լրացուցիչ գրգռումից՝ պայման. գրգռիչից (օրինակ՝ ձայնից) հետո: Լինում է նաև այնպես, որ շրջակա իրադրությունից կոնկրետ տեղեկություններն անբավարար են դառնում: Այդ դեպքում հետազոտման հակազդեցության օգնությամբ կենդանին (կամ մարդը) ակտիվորեն փնտրում է լրացուցիչ ինֆորմացիա: Պատճառաբանված դրդման, իրադրության, հիշողության տվյալները և, վերջապես, պայման. գրգռիչի ազդանշանները հանգամանորեն մշակվում են գլխուղեղի բարձրագույն բաժիններում: Վարքագծային գործողության բազմատեսակ դրդումներից այդ փուլում վճռվում է, թե ինչ պետք է անել առկա պայմաններում տվյալ պահանջի բավարարման համար: Այսպիսով՝ վարքային գործողության 1-ին փուլը ոչ միայն պայման. գրգռիչն է, այլ նաև գործողություն կատարելու համար տարբեր դրդումների համադրումը: Չպետք է մոռանալ, որ գործողությունը կատարվում է որոշակի արդյունքի հասնելու համար: Նշանակում է՝ շատ կարևոր է իմանալ, տվյալ գործողությունը հանգեցրե՞լ է արդյոք սպասվող արդյունքին: Հատուկ նյարդաֆիզիոլոգ. ապարատը հսկում է գործողության իրական արդյունքների համապատասխանությունը մտադրվածին և կոչվում է գործողության արդյունքների ընդունիչ: Գործողության արդյունքների մասին տեղեկություններ ստանալու գործընթացում հնարավոր են 2 ծայրահեղ տարբերակներ. կամ արդյունքներն ամբողջովին համապատասխանում են մտադրվածին (ծրագրվածին) կամ խիստ տարբերվում են: 1-ին դեպքում գործողությունը գնահատվում է որպես ճիշտ կատարված և լավ աշխատած, օրգանիզմն ստանում է դրական հույզեր, իսկ իրականացված հակազդեցությունը հիշողության մեջ ամրանում է որպես դրական փորձ («այդպես է պետք»): 2-րդ դեպքում գործողությունն անբավարար է կատարվել, առաջանում են բացասական հույզեր, իսկ հակազդեցության ընթացքը դառնում է բացասական փորձի մի մաս («այդպես չի կարելի»):
Արդեն մշակված պայման. ռեֆլեքսները հեշտ ենթարկվում են արգելակման: Օրինակ՝ եթե սննդային պայման. ռեֆլեքսի ժամանակ հանկարծակի կողմնակի ձայն է լսվում կամ փոխվում է լուսավորությունը, ապա պայման. ռեֆլեքսը նվազում է կամ, նույնիսկ, լրիվ անհետանում: Դա տեղի է ունենում, որովհետև նոր գրգռիչն առաջացնում է կողմնորոշման ռեֆլեքս, որն արգելակում է պայման. հակազդեցությունը: Ճիշտ նույնպես էլ լցված միզապարկը, փսխումը, որևէ օրգանում առկա բորբոքային գործընթացը և մի շարք այլ գործոններ կարող են արգելակել պայման. սննդային ռեֆլեքսի դրսևորումը: Դա արտաքին արգելակումն է: Տարբերում են նաև պայմանական կամ ներքին արգելակում: Ի տարբերություն արտաքին արգելակման, որն իր բնույթով բնածին է կամ անպայման, պայման. արգելակումը, ինչպես և պայման. ռեֆլեքսը, մշակվում են: Իսկ դրա համար պայման. գրգռիչը չպետք է ամրապնդվի անպայմանով: Ըստ առաջացման պայմանների տարբերում են մարումային, տարբերակիչ և ուշացող արգելակումներ: