Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՊՈԵՏԻՆ

(Պուշկինից)

Պոե՛տ, սիրույն դու ամբոխի մի՛ տար գին —
Շո՜ւտ կըլռեն աղմկալից դրվատներ.
Ծաղր ու լուտանք թող որ թափեն քո գլխին,
Այլ դու մընա՛ միշտ անխռով, աներեր։

Արքա ես դու. ապրի՛ր մենակ։ Քո ուղին
Գընա՝ վստահ, ուր որ տանն միտքդ ազատ.
Հասունացրու դու պտուղներն հարազատ
Վեհ խոհերիդ, վարձ մի՛ ուզիր քո գործին։

Վարձահատույց և դատավոր դու ինքդ ես.
Քո գործը դո՝ւ ամենից խիստ կըդատես։
Ինքդ գո՞հ ես, արվեստավո՛ր անաչառ։
Գո՞հ ես. խուժանն հայհոյե՜ թող քո վաստակ.
Ծաղրե բագինդ, ուր վառվում է քո կըրակ,
Եռոտանիդ դրդվեցընե տղայաբար։
1883


(ԷԼԵԳԻԱ)

(Պուշկինից)

Անցած բերկրանքը անմիտ օրերի
Ինձ ծանր է որպես ըմպելյաց շոգի.
Բայց իբրև գինի, քանի հին, այնքան
Խիստ է հիշատակ անցյալ տխրության։
Տրտում է ուղիս։ Կսկիծ ու տանջանք
Լոկ խոստանում է հեղհեղուկ իմ կյանք։

Բայց չեմ կամենում, ընկերնե՛ր, մեռնել,
Ես ապրիլ կամիմ, խորհիլ ու տանջվիլ.
Եվ գիտեմ, կյանքի վիշտ ու հոգսերում
Սպասում է ինձ և վայելչություն.