Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնչի՛ր, հասի՛ր այն տնակ,
Ուր ծաղկունք են բողբոջում.
Այնտեղ կլինի իմ հոգյակ՝
Կըտաս նորան իմ ողջույն։
1908


ԱՍՐԱ

(Հայնեից)

Ամենայն օր իրիկվան դեմ
Չքնաղ դուստրը թագավորի
Շատրվանի մոտ է գնում,
Որից ջուր է ցայտում վճիտ։

Մատաղ ըստրուկն ամենայն օր
Շատրվանի մոտն է լինում,
Որից ջուր է ցայտում վճիտ.
Ու թոշնում է նա օրեցօր։

Մի երեկո դիմեց նորան
Եվ ըշտապով կույսը ասաց.
«Ես անունըդ կուզեմ գիտնալ,
Քո հայրենիքն ու քո ծագումը».

Եվ ստրուկն ասաց. «Մուհամմեդ է
Իմ անունը, Եմենցի եմ
Եվ սերված եմ Ասրա ցեղից,
Որոնք սիրուց մեռանում են»։
1908


ՆՈՐ ՏԱՐԻ

(Նեկրասովից)

Մաշվում է իմ կյանք, հալվում ամեց-ամ.
Տըկար է միտքըս, սառչում է արյուն…
Ես, մա՛յր — հայրենիք, կիջնեմ գերեզման՝
Չըտեսած քա՜ղցր քո ազատություն։