Էջ:Հսկայի ազատությունը 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր սրտի հին ցանկությունը կատարելու, իր ճնշված հայրենիքին ծառայելու, նրան ավազակներից մաքրելու և քրիստոնյա աշխարհքը պաշտպանելու։ Եվ դրա համար հոր օրհնությունն է խնդրում։

― Գնա, իմ աչքի լույս, իմ հսկա զավակ,— օրհնում է ծերունի հերը։— Բայց, օրհնում եմ քեզ բարի գործերի համար․ չար գործի համար օրհնություն չկա։ Գնա, և քո ճամփին ոչ թուրքի ընդդեմ մտածիր չար բան, ոչ քրիստոնեին զարկիր բաց դաշտում…

Ու վեր կացավ հսկան, աղոթեց, իր նժույգը հեծավ։ Հեծնելը տեսան, բայց էլ չտեսան ուր գնաց․․․

Ի՜նչ հոյակապ, գեղեցկություն և ինչքա՜ն հարազատ ու ճշմարիտ, որ աշխարհքում գրեթե ծակ բերան չէր մնացել, որ չասեր, թե Ռուսաստանը մի ընկած անդամալուծ է, նրանից ոչինչ չի դուրս գալ։ Վերջին օրերս բուլգարական մինիստրը մինչև անգամ դիակ էր անվանում, և… Եվ հանկարծ… հսկան վեր կացավ տեղից։

Դուրս եկավ, որ ռուսական փեչը, որին նա կպած էր էնքան տարի, նրա համար Պրոմեթեոսի ժայռն է եղել, և էնքան տարի ինքն իր մեջ աճելով ու մխալով ուժ է հավաքել՝ միանգամից վեր կենալու և մի հսկայական զարկով փրկելու իր երկիրը։ Մեծ ու ահավոր մի վայրկյան…

Բայց պատահում է, որ երկար տարիներով պառկած հսկաները վեր կենալիս միանգամից չեն կարողանում ամուր ոտի վրա կանգնեն, մի քանի անգամ չոքում են, մինչև որ վերջնականապես կարողանում են հաստատուն կանգնել։ Եվ ամեն մի չոքելով հազար, հազարավոր մարդիկ են ընկնում տակն ու զուր կոտորվում։

Այժմ Ռուսաստանի ամեն մի քաղաքացին միայն մի հոգս պիտի ունենա.— ամուր բռնի, իր ուժերի ներածին չափ նեցուկ դառնա ռուսական նոր ոտի կանգնած հսկային, որ նա հաստատուն կանգնի։

Էս է պահանջում ինչպես ընդհանուրի, էնպես էլ ամեն մի անհատի շահն ու փրկությունը։