Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրքերի յաջողութիւններն ու աճող զօրութիւնը թեւ էին տւել ազրբէյջանցիներին, սրանց պատւիրակները Տրապիզոնում հնարաւորութիւն ունէին (եւ ինչ կասկած, որ օգտագործեցին այդ հնարաւորութիւնը) երկարօրէն խորհրդացելու թուրքերի հետ եւ մի ընդհանուր գործելակերպ մշակելու: Սեյմում ազրբէյջանցիները այլեւս չէին քաշւում ցուցադրելու, որ ամբողջովին Թիւրքիայի կողմն են: Պաշտպանելով ու զարգացնելով թուրքերի տեսակէտը, պահանջում էին, որ անմիջապէս յայտարարւի Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից: Ապա պահանջում էին զիջող լինել թուրքերի վերաբերմամբ, համաձայնութեան գալ նրանց հետ ու դադարեցնել պատերազմը, յայտարարելով, որ —


«մուսուլմանական դեմօկրատիայի կրօնական զգացումը թոյլ չի տալիս նրան գործօն մասնակցութիւն ունենալու Թիւրքիայի դէմ մղւող պատերազմի մէջ».


Այս խօսքը, որ ասւել է Սեյմում մուսաւաթական բանախոսի բերանով, պէտք էր թարգմանել պարզապէս այն իմաստով, որ պատերազմը շարունակելու դէպքում անդրկովկասեան թաթարները ոչ միայն չեն լինելու մեզ հետ (փաստօրէն նրանք երբեք էլ չեն եղել մեզ հետ, երբեք չեն կռւել թուրքական ճակատում), այլ կլինեն մեր դէմ:


Վրացիները (գլխաւորապէս Սեյմի մենշեւիկեան հատւածը) տատանւում էին մի քիչ:


Երկու հոսանք կար սրանց մէջ, երկու տարբեր «օրիենտացիա»․ ռուսական ու գերմանօ-թուրքական: Առաջինները չէին ուզում կտրւել վերջնականապէս Ռուսաստանից եւ Բրեստ-Լիտօվսկու պայմանագիրը համարում էին միանգամայն անընդունելի, կարծում էին որ պատերազմը պակաս չարիք է, քան այդպիսի պայմաններով կնքւած հաշտութիւնը: Երկրորդ հոսանքը հակառակ էր Ռուսաստանին, ռուսական վտանգը Վրաստանի անկախութեան համար համարում էր աւելի մեծ, քան թուրքականը եւ պատրաստ էր ամենամեծ զիջումների՝ Թիւրքիայի հետ հասկացողութեան գալու համար (պարզը ասած, յոյս ունէր թէ Հայաստանի հաշւին կյաջողի փրկել Վրաստանի համար եթէ ոչ ամբողջ Աջարիան, գէթ Բաթում քաղաքն ու նաւահանգիստը):


Հայերը (Սեյմում դաշնակցական ֆրակցիան) ոչ ուզում էին անջատւել Ռուսաստանից, ոչ էլ որեւէ բարի բան ունէին սպասելու թուրքերից: Հայերը ամենից աւելի շահագրգռւած էին զէնքով կանգնեցնելու թուրքերի արշաւանքը, որովհետեւ գիտէին, որ ամենից աւելի տուժողը (թերեւս միակ տուժողը) իրանք են լիենլու եւ որովհետեւ դեռ յոյս ունէին ռազմական յաջողութեան վրայ:


Ապրիլ ամսին, Ալեքսանդրօպօլի մէջ գումարւեց՝ յատկապէս այս խնդրի համար Հայ Ազգային ժողովը, որը — հակառակ տողերս գրողի զեկուցման — վճռեց մերժել Բրեստա-Լիտօվսկու պայամնագիրը ու շարունակել պատերազմը: