Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դանդաղ շարժւեցին, անվճռողական եղան, ետ ու առաջ գնացին, գրաւեցին ու նահանջեցին, որպէսզի թուրքերին առիթ, ժամանակ ու հնարաւորութիւն տան տեղացի հայերին կոտորելու: Ռուսները այդպէս արին որպէսզի ամայացնեն Հայաստանն ու կօզակներ նստեցնեն այնտեղ․ իշխան Լօբանով-Ռօստօվսկու ծանօթ ծրագիրն է, որ իրակնացւում է այսօր...

Այսպէս մտածում ու արտայայտւում էր ոչ միայն ժողովուրդը, այլեւ մեր կուսակցութիւնը — մեր գիտակից ընկերներից շատ շատերը։

Չէինք ուզում հասկանալ, որ ռուսների ընթացքը բացատրելու համար բնաւ անհրաժեշտ չէր ենթադրել, թէ նրանք ծրագիր ու դիտաւորութիւն են ունեցել մեզ կոտորել տալու, այլ բաւական էր միայն ենթադրել, թէ նրանք չեն ունեցել նպատակ՝ փրկել թուրքահայութիւնը ինչ գնով էլ լինի: Իսկ այդպիսի նպատակ նրանք իհարկէ չեն ունեցել․ մենք ենք եղել, որ վերագրել ենք նրանց մեր սեփական ցանկութիւնները եւ երբ իրականացած չենք տեսել այն դաւադրութիւն ենք որոնել:

Բնական էր, որ մեր կամաւորները շտապում էին օր առաջ մտնել Վան ու Մուշ, նրանք գնում էին փրկելու այնտեղի հայութիւնը, դա էր իրանց նպատակն ու կոչումը — միակ նպատակն ու կոչումը: Բայց չէ՞ որ Ռուսաստանի զօրքերը հայ կամաւորներ չէին ու տարբեր խնդիրներ ունէին լուծելու: Նրանց դանդաղկոտութիւնն ու անվճռականութիւնը, որ մենք դավադրութեան էինք վերագրում, կարող էր հեշտութեամբ բացատրւել հրամանատարութեան սովորական ապիկարութիւնով (ապիկարութիւն, որի օրինակները այնքան բազմաթիւ էին նաեւ ուրիշ ճակատների վրայ, ուր ոչ մի պատճառ չկար որեւէ յետին միտք ենթադրելու) կամ թերեւս ռազմական ընդհանուր պահանջներով, որ մենք չգիտէինք, չէինք ուզում գիտենար:

Շատ հետաքրքիր ու բնորոշ երեւոյթ էր սա, արժանի առանձին ուշադրութեան:

Մտքի մի տարօրինակ աբերրացիայի շնորհիւ, մենք — մի քաղաքական կուսակցութիւն — մոռանում էինք կարծես, թէ մեր դատը մի միջանկեալ ու փոքրարժէք հանգամանք է ռուսների համար, այնքան փոքրարժէք, որ նրանք հարկ եղած դէպքում առանց մի րոպէ տատանւելու ու ամենայն հանգստութեամբ կանցնէին մեր դիակի վրայով։

Չեմ ասում, թէ չգիտէինք, չէինք հասկանում: Գիտէինք, իհարկէ, հասկանում էինք ու ասում, երբ հարկ էր լինում բառերով բնորոշել դրութիւնը բայց սրտերիս խորքում չէինք գիտակցում այդ բառային ֆօրմուլի ամբողջ իմաստը, մոռանում էինք մեր գիտցածը ու եզրակացութիւններ անում այնպէս, որ կարծես մեր դատն էր մեծ պատերազմի ծանրութեան կենտրոնը, պատճառն ու նպատակը. Երբ ռուսները առաջ էին շարժւում, սրտերիս չգիտակցած խորքերում ասում էինք գնում են մեզ փրկելու, իսկ երբ ետ էին զալիս, ասում էինք