Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նահանջում են, որ մեզ կոտորել տան...

Երկու դէպքումն էլ շփոթում էինք հետեւանքը նպատակի ու դիտաւորութեան հետ:

Որոնում էինք ապացոյցներ ռուսների դաւաճանութեան եւ իհարկէ գտնում, ճիշտ այնպէս, ինչպէս վեց ամիս առաջ որոնում էինք ու գտնում նոյն ռուսների բարեացկամութեան անհերքելի ապացոյցներ:

Գանգատւել դառնօրէն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտութիւնների պատճառը, — սա եւս մեր ազգային հոգեբանութեան բնորոշ գծերից մեկն է, որից ազատ չէ իհարկէ եւ Դաշնակցութիւնը։

Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մէջ, թէ ռուսները սրիկայօրէն են վարւել մեր հանդէպ (ետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշեւիկներին — ամբողջ աշխարհին)․ կարծես մի մեծ առաքինութիւն էր ու մի մեծ քաջագործութիւն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ (կամ թոյլ ենք տւել դնելու) այնպիսի դրութեան մէջ, որ ամէն ցանկացող կարողանայ խաբել, լքել, դաւաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ։

5. 1917 թւականի փետրւարին տեղի ունեցաւ ռուսական յեղափոխութիւնը: Մեր առաջ բացւեցին անակնկալօրէն նոր Հեռանկարներ:

Ռուսաստանում հաստատւում էր դեմօկրատական իրաւակարգ, հերթի էին դրւում սօցիալական ծանրակշիռ խնդիրներ (օրինակ հողերի համայնացման խնդիրը): Իբրեւ դեմօկրատներ ու սօցիալիստներ, մենք ցնծութեամբ ողջունեցինք նոր կարգերը. ապա իբրեւ ազգային-քաղաքական կուսակցութիւն առանձնապէս ու յատկապէս ոգեւորւած էինք իշխանութեան ապակենդրոնացման, ծայրագաւառների ու ազգութիւնների ինքնավարութեան խոստումներով:

Սկսւեց եռանդուն աշխատանք:

Պետական հին մեխանիզմը պէտք էր փոխել, պէտրք էր նոր իշխանութիւններ հաստատել տեղերում։ Յեղափոխութեան եռուզեռի մէջ կենդրոնական կառավարութիւնը ի վիճակի չէր անելու այդ. ծանրութիւնը ընկնում էր տեղացիների վրայ: Նշանաբանները տրւած էին արդէն: Գործի էին կանչւած (կամ իրանք իրանց գործի էին կանչել) Հասարակական հաստատութիւնները, քաղաքական կուսակցութիւնները, բանւորական ու արհեստակցական միութիւնները, ապա՝ ազգային ներկայացուցչութիւնները:

Բազմազգեայ Անդրկովկասի համար մասնաւորապէս բնորոշ էր ու ծանրակշիռ վերջինների մասնակցութիւնը իշխանութեան կազմի մէջ: Կազմւեցին կարեւոր կենտրոններում մի շարք ազգային խորհուրդներ, որոնց թւում նաեւ հայ ազգային խորհուրդներ:

Թիֆլիսում հաստատւեցին «Անդրկովկասեան Կօմիսարիատը» եւ