Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բռնել երկրորդ ու երրորդ շարքերում:


Մի ուրիշ հանգամանք։ Հին ռեժիմի ժամանակ պաշտօնէութիւնը Անդրկովկասում վրացիների ձեռին էր գլխաւորապէս: Այդ դրութիւնը մնաց նաեւ ռեժիմը փոխւելուց յետոյ, որովհետեւ տեխնիկական աշխատանքներ կատարելու համար պատրաստւած մարդիկ ամենից աւելի վրացիներն ունէին: Պաշտօնէութիւնը բնականօրէն դառնում էր զօրեղ նեցուկ՝ վրաց տարրի դիրքը ամրացնելու համար պետական Մեքանիզմի մէջ — Կօմիսարիատից սկսած մինչեւ երկաթուղին ու փոստ-հեռագրատունը:


Իսկ ամենից կարեւորը հետեւեալն էր:


Վրաց ժողովուրդը քաղաքականապէս ամենից աւելի հասունացած ու ամենից լավ կազմակերպւածն էր Անդրկովկասում- ապա ամենից աւելի ապահովւածը (կամ ամենից քիչ վտանգւածը), ուստի եւ ամենից զօրեղը:


Շնորհիւ բարեյաջող աշխարհագրական դիրքի՝ շնորհիւ համարեա անխառն միատարրութեան, շնորհիւ նրան, որ պատերազմի ընթացքում ամենից քիչ էր տուժել ու քանդւել, շնորհիւ նրան, որ չունէր անլուծանելի, կեանքին սպառնացող վէճեր հարեւանների հետ,- շնորհիւ այս բարեբախտ հանգամանքների, վրացի ժողովուրդը շատ աւելի հնարաւորութիւն ունէր իր ձայնը լսելի անելու, քան հայերը կամ ազրբէյջանցիները:


Հարկ եղած դէպքում վրացիները հեշտութեամբ կարող էին մի ընդհանուր լեզու գտնել թէ՝ Թիւրքիայի, թէ ԱզրբԷյջանի հետ, — յամենայն դէպս շատ աւելի հեշտ, քան հայերը: Ապա վրացիները ամփոփւած էին ամբողջովին Վրաստանի մԷջ, չունէին դրսում վտանգւած հատւածներ, ինչպէս ունէին հայերր Ազրբէյջանում ու ազրբէյջանցիները Հայաստանում: Վրացիները ապահով նստած էին իրանց երկրում եւ եթէ ունէին սահմանային վէճեր հարեւանների հետ, — սրանց աղբիւրը պարզապէս տիրակալական հակումներ էին, որ կարող էին զսպւել, չափաւորւել, նոյն իսկ իսպառ վերացւել առանց լրջօրէն վտանգելու Վրաստանի ներկան կամ ապագան:


Այլ էին հայ-թուրքական ու հայ-թաթարական փոխյարաբերութիւնները. այստեղ կային ցաւոտ խնդիրներ, որ չէին կարող լուծւել առանց ամենածանր ընդհարումների:


Թիւրքիան, անդառնալիօրէն պարտւած արեւմուտքում ու հարաւում, ձգտում էր ապահովել ու ամրացնել իր ապագան հիւսիս-արեւելքում: Իսկ այստեղ հայերը, սեպի պէս խրւած էրզրումի ու Բագւի միջեւ, կտրում էին թուրքերի որոնած ճամբան:


Հայերը սահմանային անլուծանելի վէճեր ունէին ազրբէյջանցիների հետ: Խնդիրը այստեղ մի-երկու գաւառ աւելի կամ պակաս իւրացնելու մէջը չէր, այլ այն ազգային անդամահատութիւնների, որ անխուսափելիօրէն տեղի պիտի ունենային — ինչպէս էլ լուծւէր վէճը — մէկի կամ միւսի համար: Հայաստանը չէր կարող ապրել առանց