Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցութիւնը հասկանում էր, որ «Մուսաւաթին» հարկաւոր է իր բարեկամութիւնը այնչափ միայն, որչափ գոյութիւն ունի բօլշեւիկեան սպառնալիքն ու վտանգը․ բօլշեւիկներին չէզօքացնելուց յետոյ «Մուսաւաթը» — երկրորդ հերթին —վերացնելու էր ասպարէզից նաեւ Դաշնակցութիւնը: Կասկած չկար, որ նոյնը անելու են եւ բօլշեւիկները, երբ՝ Դաչնակցութեան զինւած խմբերի օգնութեամբ խորտակեն «Մուսաւաթը»․ բայց Բագւայ հայ ազգաբնակութեան ապահովութեան տեսակէտից բօլշեւիկեան դիկտատուրան շատ աւելի ընդունելի էր (կամ պակաս անընդունելի), քան «Մուսաւաթինը»:


Այս էր պատճառը, որ մերոնք Բագւում աւելի ու աւելի տարւում էին բօլշեւիկեան հոսանքով ու մի տեսակ յենարան էին դառնում բօլշելիկների համար:


Ինչպէս Թիֆլիսում մենք ակամայից ընկել էինք վրացի մենշեւիկների հեգեմօնիայի տակ, ճիշտ այնպէս էլ Բագւում ընկել էինք ռուս բօլշեւիկների հեգեմօնիայի տակ: Երկու դկպքումն էլ մեզ կաշկանդողը թուրք-թաթարական սպառնալիքն էր:


Մեզ վրայ յենւած, բօլշեւիկները խորտակեցին Բագւում «Մուսաւաթի» ոյժը (1918 թւականի Մարտին)․ իսկ մենք յենւած բօլշեւիկների ու առհասարակ ռուս տարրի վրայ եւ սրանց հետ միասին կարողացանք պաշապանել Բագուն թուրք-թաթարական յարձակումներից:


Ապա՝ մեր նախաձեռնութեամբ արդէն ու հակառակ բօլշեւիկների կամքին բերինք Պարսկաստանից անգլիական զօրքեր (դա վերջի ժամին էր, երբ բօլշեւիկները պատրաստւում էին փախչել Ռուսաստան ու արդէն նստել էին նաւերը):


Եթէ անգլիացիք լրջօրեն ամրանային. Բագւում, հաւանական է, որ յետագայ անցքերը մի քիչ տարբեր ընթացք առնէին: Բայց անգլիական փոքրաթիւ զօրքերը շուտով լքեցին քաղաքը, նստեցին նաւերն ու վերադարձան Պարսկաստան:


Մենք մնացինք մենակ եւ ուրիշ բան չէինք կարող անել, քան հետեւել անգլիացիների օրինակին - փախչել Պարսկաստան:


Ազրբէյջանի կառավարութիւնը, որ մինչ այդ նստած էր Գանձակում, թուրքական բանակի ու զինւած խուժանի հետ միասին մտաւ Բագու: Տեղի ունեցաւ հայ ազգաբնակութեան անխնայ ջարդը (ինչպէս Մարտ ամսին, բօլշեւիկ-մուսաւաթական կռւի ժամանակ, տեղի էր ունեցել — պակաս չափերով - թուրք ազգաբնակութեան ջարդը):


Այս դէպքերը կատարւում էին Հայաստանից դուրս, թաթարական մի հեռաւոր վայրում, բայց անմիջապէս անդրադառնում էին մեր քաղաքական կացութեան վրայ, բարդացնում ու դժարացնում այն:


Թաթարները շարունակ գրգռում էին մեր դէմ թուրքերին, շտապեցնում էին նրանց առաջխաղացումը՝ Բագուն օր առաջ ազատելու համար եւ վարպէտօրեն շահագործում էին Մարտ ամսի կոտորածները, վերագրելով այն բացառապէս հայերին: Վրացիները բնականօրէն չէին