Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաշւին:


Վերսկսւեցին երկար ու անպտուղ խօսակցութիւնները:


Բրեստ-Լիտօվսկու պայմանագիրը, որի մասին մի ամիս առաջ Տրապիզոնում, լսել անգամ չէինք ուզում, այժմ դառել էր մեր միակ ու ամենամեծ իղձը: Բայց թուրքերը մնում էին անողոք, պինդ բռնել էին մեր կոկորդից, բաց չէին թողնում:


Մայիսի 15ին թուրքական բանակը անցաւ Արփաչայը (Բրեստ- Լիտօվսկում որոշւած սահմանագիծը), մի քանի ժամւայ մէջ տիրացաւ Ալեքսանդրօպօլին ու շարժւեց դէպի Ղարաքիլիսա:


Դրութիւնը դառնում էր ծայր աստիճան տագնապալի, վտանգի տակ էր ընկնում Թիֆլիսը, Վրաստանի ու Անդրկովկասի մայրաքաղաքը: Իսկ բանակցութիւնները Բաթումում ոչ մի ելքի չէին յանգում, մնում էին մեռած կէտի վրայ...


16. Սեյմի մէջ միշտ աճող ներքին անհամաձայնութիւնները այլեւս չէր կարելի հաշտեցնել ոչ մի կօմպրօմիսով. պայթումը անխուսափելի էր ու անյապաղ:


Վրացիները տեսնում էին, որ մենք մի աւելորղ բեռ ենք իրանց համար, որ առանց մեզ նրանք աւելի հեշտ կկարգաւորեն իրանց սեփական գործերը, իսկ ազրբէյջանցիների միակ հոգսն էր այժմ միանալ օր առաջ թուրքերի հետ, անցնել նրանց հովանաւորութեան տակ ու թուրք բանակի վրայ յենած՝ մտնել Բագու: Թուրքական բանակի յաղթանակից յետոյ Անդրկովկասեան Դաշնակցութիւնը այլեւս պէտք չէր ազրբէյջանցիներին․ վրացիները աւելորդ էին, իսկ հայերը թշնամի:


Բաժանման ժամը հնչել էր:


Ու ահա Մայիսի 26-ին Սեյմը նկատի առնելով որ պատերազմի ու խաղաղութեան խնդրում արմատական տարաձայնութիւններ կան Անդրկովկասեան Դաշնակցական Հանրապետութիւնը կազմող ժողովուրդների միջեւ, յայտարարեց Դաշնակցութիւնը լուծւած ու վար դրեց իր լիազօրութիւնները:


Նոյն օրը նոյն շէնքի մէջ վրաց Ազգային խորհուրդը մեծ հանդիսաւորութեամբ յայտարարեց Վրաստանի անկախութիւնը:


Հետեւյալ օրը նոյնն արաւ եւ Ազրբէյջանը:


Հերթը Հայաստանին էր:


Պէտք էր արդեօք անկախութիւն յայտարարէինք, ի վիճակի՞ էինք արդեօք սեփական պետութիւն կազմելու ու ապա պահելու այն...


Պարապ հարցեր են սրանք: 1918 թ. Մայիս ամսի վերջի օրերին այդպիսի հարցեր չէր կարելի դնել: Ընտրութիւններ անելու տեղ չէր մնացել: Պատմութիւնր բերել կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջեւ․ պէտք է յանդգնութիւն ունենայինք անցնել վրայից, եթէ չէինք ուզում խորտակւել: Պէտք է տէր դառնայինք մեր Հայրենիքին, ապա թէ ոչ՝ կկորցնէինք այն — գուցէ անդառնալիօրէն: Եթէ տատանւէինք, եթէ