Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուշացնէինք մեր յայտարարութիւնը, Հայաստանը կմնար res nullius (ոչ ոքի պատկանող իր) ու իբրեւ այդպիսի բաժին կդառնար հարեւաններին — թուրքերին, վրացիներին, ազրբէյջանցիներին:


Մայիսի 28-ին, ուշ գիշերով, Ազգային կենտրոնական Խորհուրդը վճռեց յայտարարել Հայաստան անկախ Հանրապետութիւն եւ իրան՝ գերագոյն իշխանութիւն Հանրապետութեան:


Այդպիսի լիազօրութիւն Խորհուրդը չէր ստացած Ազգային Համագումարից, բայց կանգ չառաւ ձեւական արգելքի առջեւ ու յետագայում ոչ ոք մտքով չանցկացրեց մեղադրել նրան․ այնքան պարզ էր ամենքի համար, որ ուրիշ ելք չկար:


17. Մայիս 22-26 տեղի ունեցան Սարդարապատի կռիւները, 25-28-ին՝ Ղարաքիլիսի կռիւները:


Թերեւս վերջին ճիգն էր, որ թափում Էր հայ ժողովուրդը իր գոյութիւնը փրկելու համար: Եւ անկասկած է, որ այս յամառ ճակատամարտերը, այն հերոսական ընդդիմադրութիւնը (մանաւանդ Ղարաքիլիսինը), որ անսպասելիօրէն յայտ բերեց — ոչ թէ զօրքը (բանակ չկար այլեւս), այլ ինքը ժողովրդական զանգւածը՝ սա բարձրացրեց մի քիչ մեր արժէքը թուրքերի աչքում ու հնարաւորութիւն տւեց խաղաղութեան դաշն կնքելու:


Հայ պատւիրակները — այս անգամ արդէն Հայաստանի Հանրապետութեան անունից ու Ազգային ժողովի լիազօրութիւնով — վերադարձան Բաթում ու Յունիսի 4-ին ստորագրեցին դաշնագրութիւնը:


Մի նոր դարաշրջան էր սա հայ ժոդովրդի պատմութեան մէջ — վաղուց կորցրած ինքնուրոյն պետական կեանքի վերածնունդ:


18. Օգոստոսի 1ին, Երեւանում, բացւեց Հայաստանի խորհրդարանը ու կազմւեց անդրանիկ կառավարութիւնը:


Խորհրդարանը նոյն ազգային խորհուրդն էր, անդամների եռապատկւած թւով, աւելացել էին սրանց վրայ վեց թուրք, մի ռուս ու մի եզիդի պատգամաւորներ:


Գերիշխող տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցութեան, բայց որովհետեւ մեր ֆրակցիան 47 ձայնից ունէր 18 միայն ու չկարողացաւ կապւել մի ուրիշ ֆրակցիայի հետ, խորհրդարանը չունեցաւ կայուն կենտրոն ու որոշակի գծւած քաղաքական դէմք:


Կայունութիւն չկար նաեւ կառավարութեան մէջ․ առաջին տասը ամսւայ ընթացքում չորս անգամ փոխւեց դահլիճի կազմը (մնալով հանդերձ նոյն վարչապետի նախագահութեան տակ):


Առաջին դահլիճները կօալիցիօն էին (դաշնակցականներ ու ժողովրդականներ, զինւորական մինիստրը չեզօք), բայց կօալիցիօնը հաստատուն հիմք չունէր տակը, որովհետեւ չունէր ապահովւած մեծամասնութիւն խորհրդարանի մէջ (ժողովրդականները յաճախ