Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաժանվում էին դաշնակցականներից) ու — որ ամենից էականն էր — չկար ծրագրային որոշակի համաձայնութիւն կօալիցիա կազմող կուսակցութիւնների միջեւ, Մեծապէս խանգարում էր նաեւ այն դիրքը, որ բռնել էր մեր կուսակցութիւնը կառավարութեան հանդէպ:


19. Թերեւս մի քիչ առաջ անցնելով, հարկ եմ համարում այստեղ եւ յետոյ մատնանիշ անել խոշոր սխալներից մէկը:


Հայաստան ռամկավար հանրապետութիւն էր: Դաշնակցութիւնը ոչ միայն հակառակ չէր դրան, այլեւ ինքն էր պահանջում այդ պետական ձեւը: Հանրապետութիւնն ունէր ռամկավար-պարլամենտական պետութիւններին յատուկ օրգաններ. ժողովրդական ներկայացուցիչներից կազմւած մի պալատական օրէնսդիր մարմին եւ պատասխանատու կառավարութիւն. խորհրդարանը կազմւած էր գոյութիւն ունեցող չորս քաղաքական կուսակցութիւնների ու ապա ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներից: Խորհրդարանին յաջորդող պարլամենտը ընտրւած էր ռամկավարական ամենալայն սկզբունրներով (հինգանդամեան ընտրողական օրէնք). կառավարութիւնը ստանում էր իր լիազօրութիւնը օրէնսդիր մարմնից (հանրապետութեան նախագահ չունէր Հայաստանը), հաշւետու էր ու պատասխանատու նրա առջեւ:


Այս էր ձեւը:


Բայց ուրիշ էր էութիւնը:


Գործնականօրէն՝ մեր կուսակցութիւնը ձգտում էր իրան ենթարկել, իր հսկողութեան տակ առնել թէ՛ օրէնսդիր մարմինը, թէ՛ կառավարութիւնը: Մենք քաջութիւն չունէինք (ոչ էլ կարողութիւն) բացէիբաց կուսակցական դիկտատուրա յայտարարելու․ բայց եւ չէինք ուզում մնալ պարլամենտական կարգերի սահմանի մէջ ու փորձ էինք անում իրականացնել Հայաստանում իթթիհատականների գործելակերպը․ կուսակցական դիկտատուրա ռամկավարական ձեւերի տակ քողարկւած:


Իշխանութեան անհանդուրժելի երկուութիւն էր առաջ եկել. հրապարակում խորհրդարանն ու իր կառավարութիւնը, ստւերի մէջ՝ կուսակցութիւնն ու իր օրգանները:


Հասկանալի է, որ այս երկու կարգի իշխանութիւնները՝ պաշտոնականն ու անպաչտօնը՝ կարող էին միայն խանգարել ու կաշկանդել մէկը միւսի. ձեւական պահանջները թոյլ չէին տալիս, որ կուսակցութիւնը ազատ ու արագօրէն շարժւի, իր կամքը լրիւ արտայայտի․ իսկ կուսակցութեան միջամտութիւնը թոյլ չէր տալիս, որ կառավարութիւնը իր գիտցածն անի, իր գիծը տանի:


Հասկանալի է նաեւ, որ այս դրութիւնը շատ էր դժարացնում մի լուրջ ու անկեղծ կօալիցիօն կազմելու գործը․ եւ իրօք կօալիցիօնի մէջ մտնող օտար տարրերը հարկադրւում էին վարել մի քաղաքականութիւն, որ իրանցը չէր, մշակւում էր ու նախագծւում կառավարութիւնից դուրս,