Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լօռին․ ընդհակառակը, եռանդօրէն աշխատում էին ամրացնել ու յավերժացնել իրանց տիրապետութիւնը, իսկ տեղացիների դժգոհութեան արտայայտութիւնները խեղդում էին դաժանօրէն:


Լօռին — կռվածաղիկ էր Հայաստանի ու Վրաստանի միջեւ, ամենից ցաւոտը հայ-վրացական սահմանային վէճերի մէջ:


Մեզ վրայ ճնշում գործ դնելու նպատակով, Վրաստանը փաստօրէն կտրվել էր մեր հաղորդակցութիւնը դրսի աշխարհի հետ, փակել էր մեր նեղ սահմաններում․ նոյն իսկ այն հացը, որ ուղարկւում էր դրսից մեր սովամահ գաղթականութիւնը կերակրելու համար — այդ հացն էր հանդիպում Վրաստանում բազմազան արգելքների ու ուշանում էր, լրիւ չէր հասնում տեղը:


Վրաստանը գրաւել էր Լօռին, փակել երկաթուղին ու պաշարել մեզ․ այս էր պատերազմի հիմնական պատճառը:


Իսկ անմիջական առիթը․ Լօռւայ մի քանի հայ գիւղերի ապստամբութիւնն էր եւ վրաց կառավարութեան գործադրած անհամապատասխան խիստ միջոցները․ կարծես կառավարութիւնը առիթ էր որոնում (ու նոյն իսկ ինքը ստեղծում) որպէս զի կոտորի ու ահաբեկի հայ ազգաբնակութիւնը:


Անհաւանական չէ, որ որոշ դեր կատարել է նաեւ մեր բանակի մէջ գտնւող ռուս սպաների պրօվօկացիան: Վրաստանում կառավարութիւնը կիրառել էր մի քաղաքականութիւն, որի նպատակն էր թուլացնել օր առաջ ռուսական տարրը (որ բաւականին զօրեղ էր Թիֆլիսում), չեզոքացնել նրա ազդեցութիւնը ու ազգայնացնել պետական մեքանիզմը. այս նպատակով նա ոչ միայն պաշտօնազուրկ էր անում ռուս պաշտօնեաներին ու զինւորականներին, այլեւ զանգւածներով արտաքսում էր երկրից դուրս: Մեր բանակում կային բաւական մեծ թւով ռուս սպաներ, որոնք կապեր ունէին Թիֆլիսում (գուցէ եւ զօր․ Դենիկինի բանակի հետ): Անհաւանական չէ, ասում եմ, որ սրանք գրգռում էին մեր զինւորական շրջանները Վրաստանի դէմ, ստեղծում էին թշնամական մթնոլորտ, որ շատ նպաստաւոր էր ռազմական գործողութիւններ սկսելու համար:


Պատերազմը տեւեց երեք շաբաթ միայն. դեկտեմբերի 31 ին անգլիացիների միջամտութիւնով խաղաղութիւնը վերականգնած էր արդէն: Լօռին յայտարարւեց ժամանակաւորապէս չեզոք գօտի, վրաց իշխանութիւնը փոխարինւեց հայ-վրացական իշխանութիւնով, անգլիական կօմիսարի հսկողութեան տակ:


Այսպիսով պատերազմի ելքը անբարեյաջող չէր մեզ համար, մեր նպատակին հասել էինք կէս չափով (մանաւանդ որ երկաթուղային հաղորդակցութիւնն էլ, գլխաւորապէս շնորհիւ անգլիացիների ներկայութեան, վերաբացւեց մասամբ): Բայց եւ այնպէս՝ ծանր մտահոգութիւնների դուռ էր բաց անում պատերազմի փաստը ինքն ըսս ինքեան:


Հազիւ 4-5 ամսւայ պետական կեանք ունէինք ու արդէն բռնւած