Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էինք պատերազմի, մինչդեռ երկիրը հազար ու մի ցաւ ունէր բուժելու: Եւ պատերազմեցինք այն հարեւանի դէմ, որի հետ սերտօրէն դաշնակցելու ամենից մեծ կարիքն ունէինք — չէ՞ որ Վրաստանն էր մեր միակ ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցւելու համար:


Մենք հասկանում էինք այդ ու անկեղծօրէն ուզում էինք հաշտ ապրել վրացիների հետ: Բայց փաստը այն է, որ չկարողացանք: Եւ՝ անկախ Վրաստանի բռնած դիրքից, որ անվիճելիօրէն դատապարտելի էր՝ քիչ դեր չի խաղացել նաեւ մեր սեպական ապիկարութիւնը, մեր քաղաքական տհասութիւնը եւ պետական կեանքը վարելու անպատրաստութիւնը:


22. Ի դէպ է արձանագրել այստեղ նաեւ այն անընդհատ կռիւները, որ ունեցել ենք հիւսիս-արեւելեան սահմանների վրայ ու երկրի ներսը:


Պաշտօնապէս Ազրբէյջանի հետ պատերազմի մէջ չենք եղել մենք, բայց փաստօրէն կռւել ենք Ղարաբաղում ու յաճախակի ընդհարումներ ենք ունեցել Ղազախում: Ապա երկրի ներսը մի շարք արիւնահեղ կռիւներ ենք ունեցել տեղական թուրք ազգաբնակութեան հետ Աղբաբայում, Զօդում, Զանգի-Բազարում, Վեդի-Բազարում, Շարուր- Նախիջեւանում, Զանգեզուրում...


Եւ դարձեալ․ անհերքելի է, որ Ազրբէյջանի դիրքը մեր հանդէպ եղել է բացայայտօրէն թշնամական․ անհերքելի է նաեւ, որ Հայաստանի մահմետական ազգաբնակութիւնը, խրախուսւած Թիւրքիայի ու Ազրբէյջանի կողմից, հակապետական ընթացք է բռնած եղել: Բայց կարեւորն այն է, որ մենք չենք կարողացել գտնել նպատակայարմար միջոցներ մեր դրութիւնը ապահովելու համար, դրսից ու ներսից․ չենք կարողացել գտնել մի քիչ տանելի modus vivendi Ազրբէյջանի հետ, չենք կարողացել վարչական միջոցներով ու կարգի մէջ պահել մահմեդական գաւառակները, հարկադրւած ենք եղել զէնքի դիմելու, զօրքեր շարժելու, աւերելու ու կոտորելու եւ — որ կրկնակի վարկաբեկիչ էր կառավարութեան համար — խոշոր անյաջողութիւնների հանդիպելու այնպիսի կարեւոր վայրերում, ինչպիսին էին Վեդի-Բազարր, Շարուրն ու Նախիջեւանը, մենք չկարողացանք հաստատել մեր իշխանութիւնը նոյն իսկ զէնքի ոյժով, պարտւեցանք ու նահանջեցինք:


23. 1919 թ. մայիսի 28-ին, մեր անկախութեան առաջին տարեդարձի օրը, խորհրդարանը յայտարարեց անկախ Հայասաանը «միացեալ» — այսինքն՝ գոյութիւն ունեցող Հարապետութեան շրջանակի մէջ առաւ (իբրեւ միջազգային իրաւասութեան առարկայ) այն բոլոր հայկական հողերը, որոնք — ենթադրաբար — պիտի ազատւէին թուրքական գերիշխանութիւնից:


Այս յայտարարութիւնը թիւրքահայութեան մի մասը նկատեց